Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ուզում են Գեղամյանին եւ Ծառուկյանին իրար դե՞մ հանել

Նոյեմբեր 13,2006 00:00

ԱՄ նախագահը բացահայտեց իշխանությունների հերթական դավադրությունը

«Ազգային միաբանությունը» նախորդ նստաշրջանի հայտարարությունների ժամին եւ «Խորհրդարանական ժամ» ծրագրում խոսում էր ընդդեմ Գագիկ Ծառուկյանի բաժանած կարտոֆիլի եւ սերմացուի, ծաղրում էր այդ գործողությունները, սակայն արդեն նախորդ օրը, խորհրդարանում ելույթ ունենալով, «ԱՄ» նախագահ Արտաշես Գեղամյանի խոսքում կտրուկ փոփոխություն նկատվեց, հիմա Գագիկ Ծառուկյանի մասին միայն գովեստ էր նկատվում: «Առավոտին» հետաքրքրեց այս փոփոխության պատճառը, եւ երեկ մենք դիմեցինք պարոն Գեղամյանին՝ որոշ պարզաբանումներ ստանալու համար:

Արտաշես Գեղամյանը մասնավորապես հետեւյալն ասաց. «Իշխանությունները քաջ գիտակցելով իրենց մոտալուտ, անփառունակ վախճանը, խնդիր են դրել ավերածություններ կատարել ՀՀ քաղաքական դաշտում, առանցքը կազմելու է այն, որ ժողովրդի մեջ հեղինակություն վայելող կուսակցությունները, քաղաքական գործիչները ընդհարվեն, եւ դրա արդյունքում կլուծվի իշխանությունների համար գերկարեւոր մի խնդիր, այն է՝ համընդհանուր հուսահատություն ժողովրդի մոտ: Դա տիպիկ, իրենց ներհատուկ քաղաքականություն է, ինչ իրենք այսքան ժամանակ կարողացել են իրականացնել: Հիմա «Բարգավաճ Հայաստան»-«Ազգային միաբանություն» իրենց կողմից երազած բախումը երբ կանխվեց եւ չհասունացավ, ծայրաստիճան մտահոգեց իշխանություններին, որովհետեւ հերթական անգամ փշրվեցին իրենց նենգ-ճիզվիտական ծրագրերը, փշրվեցին այն դավերը, որոնք իրենք նյութում էին ԱՄ-ի դեմ՝ սկսած 2002 թվականի դեկտեմբեր ամսից, երբ ստորաբար սպանվեց Տիգրան Նաղդալյանը»։

Պարոն Գեղամյանը հիշեցրեց, որ դրանից անմիջապես հետո որոշ նախարարներ, մասնավորապես՝ Վարդան Օսկանյանը եւ Դավիթ Հարությունյանը, հայտարարեցին, որ ամենայն հավանականությամբ սպանության հետքերը կտանեն այն հասցեով, որտեղից իրենց անհաճո հրապարակումներ են տպագրվել ռուսաստանյան մամուլում: Իսկ այդ «տեղը» «Ազգային միաբանությանն» էր. «Այսինքն՝ մատնացույց էին անում Գեղամյան Արտաշեսին, որպես հնարավոր կազմակերպիչ այդ նենգ-ստոր սպանությունների՝ խնդիր ունենալով ահաբեկել ինձ, եւ դրա մեղավորությունը բարդել Տիգրան Նաղդալյանի հարազատների եւ բարեկամների վրա. դա չհաջողվեց, որովհետեւ այդ սցենարը մամուլում մերկացվեց»:

ԱՄ նախագահը հիշեցրեց նաեւ տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Էդիկ Մադաթյանին. «Կրկին դավ նյութվեց, համաձայն որի, վերջինս իբր մահափորձ էր նախապատրաստում այս իշխանությունների դեմ, եւ այնտեղ հիշատակվեց նաեւ, որ մահափորձ է նախապատրաստվում «ազդեցիկ ձեռներեցների դեմ»՝ ակնարկելով Գագիկ Ծառուկյանին: Ավանդույթի համաձայն, դատարանի դահլիճում հնչեց, որ ըստ տեղեկությունների, Մադաթյան Էդիկին պատվերը տվել եւ ֆինանսավորել էր Արտաշես Գեղամյանը: Այդ ժամանակ խնդիրն այլ կերպ էր դրված, նորից տղաներ կփորձեին ահաբեկել Գեղամյանին՝ այն բարդելով Գագիկ Ծառուկյանի վրա եւ միաժամանակ իրենց հարցերը լուծելով: Դա իրենց չհաջողվեց, որովհետեւ այդ սցենարից մի քանի օր հետո «Իրավունք» թերթում մանրամասն բացատրական հոդվածով հանդես եկա եւ հասկացան, որ այդ սցենարն էլ չի աշխատելու»:

Այնուամենայնիվ, մեզ համար հասկանալի չէր, թե ինչո՞ւ, ըստ պարոն Գեղամյանի, փորձում են իրար դեմ հանել հենց «Բարգավաճ Հայաստանը» եւ «Ազգային միաբանությունը»: Իր կուսակցության մասով պրն Գեղամյանն ասաց, որ ԱՄ-ն հետզհետե ավելի ու ավելի մեծ թափ է հավաքում, եւ դա ոմանց դուր չի գալիս. «Բնականաբար, նրանք փորձեցին իմ քննադատությունը, ուղղակիորեն եւ անվանական ուղղված Ռոբերտ Քոչարյանին, իրենց եզրահանգումներով տեղափոխել «Բարգավաճ Հայաստան»-«Ազգային միաբանություն» դաշտ, եւ դրան հաջորդեցին հրապարակումները նույն թերթում երկու անգամ՝ խնդիր ունենալով, որ ԱՄ-ն հակահարված հասցնի: Մենք այդ հակահարվածը հասցրինք: Եթե ուրիշ ակնկալիք ունեին եւ համառորեն ծեծում են այդ հարցը, կնշանակի՝ հերթական անգամ իշխանությունների կողմից նյութվող դավադրությունը չհաջողվեց»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել