Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՄԻ՛ ՄՈՌԱՑԵՔ ԼՂՀ ԻՄԻՋԻ ՄԱՍԻՆ

Նոյեմբեր 13,2006 00:00

\"\"Խորհուրդ է տալիս «ՀՅԴ-Շարժում 88» պատգամավորական խմբի անդամ, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանը

– Ինչպե՞ս եք բացատրում այն հանգամանքը, որ ԼՂՀ ԱԺ-ում Սահմանադրության նախագծի երկրորդ ընթերցմամբ քվեարկության ժամանակ «ՀՅԴ-Շարժում 88» խումբը հանդես չեկավ միասնական դիրքորոշմամբ՝ Գեղամ Բաղդասարյանը քվեարկեց «ձեռնպահ», իսկ մյուսները՝ կողմ:

– Ամեն մեկն ինքն է որոշում, թե որն է ճիշտը: Մեր ընկերը՝ պրն Բաղդասարյանը նման որոշում կայացրեց՝ բացատրելով, թե առաջարկ էր ներկայացրել եզրափակիչ՝ անցումային դրույթներում «Նախագահի մասին» օրենքն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ, որը մերժվել է: Այս օրենքն ուժը կորցրած ճանաչելը հնարավորություն է ընձեռում գործող նախագահին նոր Սահմանադրության ընդունումից հետո առաջադրել իր թեկնածությունը:

Նման մի քանի առաջարկներ էլ կային, որոնք մերժվեցին (չեն ընդունվել «ՀՅԴ-Շարժում 88»-ի առաջադրած մի շարք հիմնադրույթներ՝ վարչակազմի ղեկավարներին ընտրովի դարձնելու, իրավապահների քաղաքական գործունեությամբ չզբաղվելու, համայնքների ղեկավարների պաշտպանվածության գործընթացն առավել հստակեցնելու եւ 2010-ից պրոֆեսիոնալ պառլամենտ ստեղծելու վերաբերյալ- Ա. Ի.): Դրա համար էլ Գեղամ Բաղդասարյանը ձեռնպահ քվեարկեց: Իսկ խումբը միաձայն քվեարկելու խնդիր չէր դրել:

– Գեղամ Բաղդասարյանը մամուլին այլ մեկնաբանություններ էլ է ներկայացրել, թե իրականացված գործընթացը չէր համապատասխանում նման կարեւորագույն փաստաթղթի ընդունման նկատմամբ պատշաճ վերաբերմունքին՝ հանրային կարծիքը հաշվի չառնվեց, միայն առաջին ընթերցումից հետո նախագիծը հրապարակվեց եւ այլն:

– Սահմանադրական հանձնաժողովը ստեղծվել է 1996-ին, եւ մինչ վերջերս աշխատանքներ գրեթե չէին տարվել: Միանշանակ սխալ էր ե՛ւ դա, ե՛ւ վերջին շրջանի շտապողականությունը: Կարելի էր չշտապել եւ մշակել գոնե տարածաշրջանի համար ամենաժողովրդավարական սահմանադրությունը: Մեր խումբը թվաքանակով փոքր է, համապատասխան առաջարկներ արեցինք՝ չընդունեցին: Սակայն խմբի մեծամասնությունը կողմ քվեարկեց, քանի որ ընդունում էինք երկրի գլխավոր՝ հիմնական օրենքը: Հիմքը թող լինի, եւ ի՞նչ կա որ՝ 1 տարուց կարելի է հանդես գալ ավելի լուրջ փոփոխություններով:

– Ձեր գործընկերոջ մեկ այլ մեկնաբանությունն է, թե ԼՂՀ Ազգային ժողովը հարմարվում էր աշխատանքային խմբի ղեկավար՝ գլխավոր դատախազ Արմեն Զալինյանին, հենց վերջինիս կարծիքն էր վճռորոշ լինում. «Անգամ քննարկել ենք նախագծի «ուղղված» տարբերակ, որ մեր ձեռքին չկար»:

– Սահմանադրության նախագծի մշակման գործընթացում ավելի ճիշտ տարբերակը, դեպի ժողովրդավարություն գնալու քայլերից մեկն էլ այն կլիներ, որ ոչ իշխանամետը ղեկավարեր աշխատանքային խումբը: Իսկ Արմեն Զալինյանը նախագահի աշխատակազմի նախկին ղեկավարն է, եւ նրան էր հանձնարարվել ղեկավարել աշխատանքային խումբը: Սակայն երբ դարձավ գլխավոր դատախազ՝ նրա կողմից սահմանադրության նախագիծը ներկայացնելն այլեւս չէր համապատասխանում ժողովրդավարացման ուղով ընթացող երկրներում ընդունված ավանդույթներին: Մենք միանշանակ դեմ էինք սրան եւ հանդես ենք եկել նման հարցադրումներով:

– Ինչո՞վ եք բացատրում այն հանգամանքը, որ թեեւ Արկադի Ղուկասյանը մի քանի անգամ հստակ հայտարարել է, թե մտադրություն չունի 3-րդ անգամ առաջադրվել ԼՂՀ նախագահ՝ այնուամենայնիվ, մնում են մտավախություններ, որ նոր Սահմանադրությունը նրան կտա նման հնարավորություն:

– Ճիշտն ասած, շատ անլուրջ եմ ընդունում նման բաները: Այսինքն, ի՞նչ է նշանակում, թե որոշ ուժեր կամ մարդիկ մտավախություն ունեն, որ գործող նախագահը կարող է 3-րդ անգամ առաջադրել իր թեկնածությունը: Եվ նախագահ Ղուկասյանն էլ ելույթով հանդես է գալիս ու հերքում: Դրա անհրաժեշտությունը չկա՛ր ընդհանրապես: Նույնն է, թե Հայաստանի, Ռուսաստանի կամ Ամերիկայի նախագահները հայտարարեն, որ 3-րդ անգամ չեն առաջադրելու իրենց թեկնածությունը: Եթե օրենքը թույլ է տալիս՝ թող առաջադրվեն: Բայց օրենքը չի՛ թույլատրում՝ ինչի՞ մասին է խոսքը: Եվ ամենագլխավորը՝ մարդիկ, որոնք 3-4-5 անգամ առաջադրվելու անհրաժեշտության մասին են խոսում՝ թող հիշեն, որ կա ԼՂՀ իմիջի հարց:

– Ո՞ւմ եք տեսնում իբրեւ ԼՂՀ հաջորդ նախագահ: Ինչպիսի՞ն են այս կապակցությամբ Ղարաբաղում առկա տրամադրությունները, կա՞ն շրջանառվող թեկնածություններ:

– Դեռ վաղ է խոսել այդ մասին: Նախագահի թեկնածուների մասին խոսելն անլուրջ կլիներ իմ կողմից: Եվ այսօր ես միանշանակ չեմ էլ կարող բացառել, թե Արկադի Ղուկասյանն իրոք չի առաջադրվի 3-րդ ժամկետի համար: Բայց Ղարաբաղում 100 հազարից ավելի բնակչություն կա, եւ կլինի թեկնածուների համապատասխան թվաքանակ: Թող թեկուզ 20-30 մարդ առաջադրվի եւ ժողովուրդը որոշի ու ընտրի իր ապագա նախագահին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել