Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ԵՐԲԵՔ ՉԵՍ ԻՄԱՆԱ»

Նոյեմբեր 10,2006 00:00

\"\"Ճանաչված երգչուհի Հասմիկ Կարապետյանը հնարավոր է համարում, որ հրաժեշտ տալով փոփ արվեստին, հայտնվի ռոքում:

– Ըստ մեր տեղեկությունների, նկարահանել եք նոր տեսահոլովակ ռոք ուղղության երգի հիման վրա: Ինչ է, ձանձրացե՞լ եք հայաստանյան փոփ երաժշտությունից կամ գուցե ուզում եք առանձնանա՞լ ձեր կոլեգա մյուս փոփ աստղերից:

– Միշտ աշխատել եմ հրամցնել յուրահատուկ արվեստ: Դեռ վաղուց պրպտումների մեջ էի եւ այսօր արդեն գոնե ինձ համար հայտնաբերեցի, որ ռոք արվեստում կարող եմ ավելին ցուցադրել: Այս հարցում ինձ օգնեց «Էմփիրեյ» ռոք խմբի երաժիշտ Գիսանե Պալյանը, ինձ համար գրելով «Երբեք չես իմանա» երգը: Արդեն պատրաստ է նաեւ տեսահոլովակը, եւ մոտ ժամանակներս «Ռուբիկոնի» եթերում երկրպագուներս կծանոթանան բոլորովին այլ Հասմիկ Կարապետյանի հետ:

– «Երբեք չես իմանա» վերնագիրը այնքան համահունչ է ոչ միայն ձեր՝ շուրջ տասը տարվա բեմական գործունեությանը: Ընդունվեցիք «Գլաձոր» համալսարան, ապա կոնսերվատորիա, թողնելով ուսումը կիսատ՝ 1999-2001թթ. գործունեություն ծավալեցիք ԱՄՆ-ում…

– Անցածս կյանքի ձեր դիտարկումը ճշմարիտ է, ոչինչ չունեմ ասելու: Սակայն դա երգի հետ բոլորովին կապ չունի: Ընդ որում, երբեք չեմ փոշմանում կիսատ թողած կամ չարած գործերի համար, համոզված լինելով, որ այդպես էլ պետք էր: Ինչի՞ համար զղջալ: Օրինակ, ԱՄՆ-ում անցկացրած տարիներիս արդյունքն էին «Անձրեւ» խորագրով առաջին CD-ն եւ նույն տեսահոլովակը Հրաչ Քեշիշյանի մեկնաբանմամբ: Ինչ վերաբերում է ուսմանը, փոքր-ինչ ցավ եմ ապրում կոնսերվատորիայի դեպքում: Պարզապես համերգներիս, ձայնագրությունների, նկարահանումների, հյուրախաղերի պատճառով հաճախ բացակայում էի, իսկ միայն դիպլոմի համար նախ ճիշտ չէր լինի, հետո էլ արդեն ուժ չունեի շարունակել «ձեւական ուսումս»:

– Եթե չենք սխալվում, անգամ ԱՄՆ-ում առաջին տեսահոլովակից մինչեւ այսօր ձեր անփոփոխ կլիպմեյքերն է Հրաչ Քեշիշյանը:

– Այդպես է: Ինձ դուր են գալիս նրա ոճը, ռեժիսորական աշխատանքն ու ժամանակի հետ քայլելու կարողությունը: Իսկ անդավաճան լինելը միանշանակ դրական երեւույթ է յուրաքանչյուրի դեպքում:

– Անձնական կյանքում է՞լ եք անդավաճան սկզբունքով առաջնորդվում:

– Անդավաճան եմ այն սկզբունքներին, որոնք՝ իմ պատկերացմամբ ու համոզմամբ, ճշմարիտ են, բայց չեն բացառում փոքր շեղումները: Սա էլ ասեմ՝ եթե խղճիս առջեւ մաքուր եմ, հոգիս էլ է հանգիստ, չնայած չի բացառվում, որ շրջապատս, օրինակ, իմ ճիշտ քայլը սխալ ընկալի:

– Ստեղծագործական ու անձնական կյանքը զուգահեռելով, կարծում ենք, ձեր դեպքում հոգին այնքան էլ հանգիստ չի կարող լինել: Թեկուզ այն բանի համար, որ առայսօր ձեր կողքին չունեք պրոդյուսեր:

– Դա ինչ-որ տեղ լավ է, որ պրոդյուսեր չունեմ, թեեւ, կրկնում եմ, իմ պատկերացմամբ՝ լավ առաջարկի դեպքում չեմ հրաժարվի: Ազատությունս շատ թանկ է ինձ համար: Չեմ կարող թույլ տալ ճնշում ինձ վրա, այդ թվում եւ անձնական, ինչը պրոդյուսերի ներկայության դեպքում անխուսափելի է: Արվեստագետի ու պրոդյուսերի համագործակցությունը թեկուզ հենց ֆինանսական առումով էլ պետք է լինի փոխշահավետ: Այս պահին չեմ դժգոհում, որովհետեւ կարողանում եմ միայնակ հոգալ իմ ստեղծագործական աշխատանքների ծախսերը, ինչու չէ՝ նաեւ կենցաղային որոշ հարցեր:

– Պատասխանից ենթադրվում է, որ ֆինանսապես բավարար ապահովված չեք, մինչդեռ ձեր ոլորտի մի քանի ներկայացուցիչներ իրենց ծրագրում ընդգրկելով «տաշի-տուշիներ», լավ էլ վարձատրվում են ու ապրում ծով կյանքով…

– Ապրում եմ հնարավորություններիս սահմանում, մնալով հավատարիմ սկզբունքներիս ու աշխատելով չգայթակղվել կոմերցիոն բնույթի հոսանքներով: Հասկանալով ձեր հարցի ենթատեքստը, ասեմ նաեւ, որ անգամ չեմ ուզում մոտենալ ժողովրդական, գուսանական, աշուղական, ազգագրական երգերին: Դրանք թողնում եմ այն կատարողներին, ովքեր կոչված են դրան եւ շատ լավ էլ կատարում են իրենց գործը:

– 19 օրից կավարտվի «Եվրատեսիլ» մրցույթի հայտերի ընդունումը: Ի՞նչ եք մտածում այդ մասին: Եվ ավանդական դարձած Ազգային երաժշտական մրցանակաբաշխությանը այդպես էլ ձեր արվեստի երկրպագուները չհանդիպեցին իրենց սիրելի երգչուհուն՝ որպես որեւէ անվանակարգում հաղթող:

– «Եվրատեսիլի» հայտ չեմ ներկայացրել եւ չեմ էլ ներկայացնելու: Որովհետեւ մարդիկ, ովքեր զբաղվում են այդ մրցույթի նախապատրաստական աշխատանքներով, ծանոթ են իմ արվեստին: Եթե որոշեն՝ ես պետք է լինեմ եվրատեսիլյան բեմում, ուրեմն կլինեմ: Ինչ վերաբերում է Ազգային մրցանակաբաշխությանը, հավանաբար դեռ իմ հաղթանակի ժամանակը չի եկել: Իսկ այս տարի մրցանակաբաշխությանը կմասնակցի «Երբեք չես իմանա» երգիս տեսահոլովակը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել