Լրահոս
Օրվա լրահոսը

Մտահոգություններ նոր քննակարգի վերաբերյալ

Նոյեմբեր 10,2006 00:00

Այս տարի ըստ ամենայնի կներդրվի դպրոցի ավարտական եւ բուհի ընդունելության քննությունների անցկացման նոր կարգ:

Արդյո՞ք այս կարգով շտկվելու եւ նվազելու են կենտրոնացված համակարգի թերությունները, ինչպես խոստանում են միլիոնավոր դոլարների վարկային գումարներով այդ գործը կազմակերպող պաշտոնյաները, թե՞ ընդհակառակը:

Ասում են, թե նոր քննակարգով տեղայնացվում է արտասահմանյան առաջավոր փորձը: Մասնավորապես՝ ներդրվում է բազմընտրական հարցման (թեստավորման) եւ դրա արդյունքների համակարգչային ստուգման եղանակը: Արդյո՞ք այդպես է:

Բազմընտրական հարցման եւ համակարգչով ստուգման եղանակի առանձնահատկությունն այն է, որ հնարավորություն է ընձեռվում ստուգելու եւ տեղնուտեղը գնահատելու զուտ այն գիտելիքը, որի համար կազմվել է տվյալ հարցը՝ առանց շեղվելու «հարակից» հանգամանքներով: Սա կազմում է «Հայոց լեզու եւ գրականություն» քննական նոր հարցարանի 55%-ը: Մնացած 25%-ը, փաստորեն, բաժին է մնում ներկայիս կենտրոնացված քննության «ձեռքով ստուգման» եղանակին, իսկ եւս 20%֊ը վերադարձ է անցյալում բազմիցս քննադատված եւ մերժված եղանակին՝ շարադրությանը։ Վերջինիս ստուգումը գոնե Հայաստանում չի ունեցել եւ այժմ էլ չունի գնահատման ոչ մի առարկայական (օբյեկտիվ) չափանիշ։ Բազմընտրանքի եւ համակարգչային եղանակով ստուգման մի առանձնահատկությունն այն է, որ վճռական գործոն է դառնում պատասխանելու արագությունը. հանգամանք, որ բացառում է քննության ընթացքում հուշելը, ծածկաթերթիկ պատրաստելն ու փոխանցելը՝ ժամանակի սղության պատճառով: Մեր հայկական տարբերակում ժամանակի գործոնը հաշվից հանված է: Նախատեսվում է այնքան ժամանակ տալ քննվողներին, որ ցանկության ու թողտվության դեպքում հնարավոր կլինի ուզած մարդկանց ուզած չափով օգնելու: Էլ չենք խոսում համակարգչային եղանակով գնահատական սարքելու հնարավորության մասին:

Այժմ անցնենք հարցարանի բովանդակային խնդիրներին: Լավ է, որ նախատեսվում է քննության նյութ դարձնել տվյալ առարկան՝ իր դպրոցական ծրագրի ամբողջ ծավալով: Բայց մյուս կողմից հայտնի է, որ նույնիսկ տարիներ շարունակ մշակված ու փորձարկված «Շտեմարանը», որի սահմանները կարծես թե արդեն հայտնի են բոլորին, դարձյալ ամեն քննության ընթացքում անակնկալների տեղիք է տալիս: Ուր մնաց առարկան՝ իր ամբողջ խորությամբ:

Գրականության հարցերը, ճիշտ է, թեստային են, բայց հստակեցված չէ, թե մինչեւ որ աստիճան կարելի է խորանալ գրականության ծովի մեջ: Իսկ լեզվի թե՛ ծրագրերում, թե՛ դասագրքերում կան չլուծված հակասություններ, որոնց շուրջ մասնագետները փոխադարձ մահացու վիրավորանքների աստիճան վիճում են եւ երբեք համաձայնության չեն գալիս:

Այս ամենը հիմք է տալիս մտածելու, որ նոր քննակարգի դեպքում կոռուպցիոն ռիսկերը ոչ թե կնվազեն, այլ կաճեն եւ կարող են դառնալ համատարած ու բացարձակ, այսինքն՝ նոր կարգով քննությունները կարող են վերածվել բացահայտ շուկայի:

Դեռ մոռանանք այն հանգամանքը, որ կրկնուսուցում չանցած ներկայիս դպրոցական շրջանավարտը «Հայ գրականությունից» զրոյական մակարդակի վրա է (գոնե այս տարի), հետեւաբար նույնիսկ կրկնուսուցումը կարող է նրանց բավարար օգնություն չլինել (ֆիզիկապես անգամ անհնար է այդքանը մեկ տարում յուրացնել): Մինչդեռ հայտարարում են, թե նոր քննակարգի դեպքում կրկնուսուցման կարիք այլեւս չի լինի:

Մեծ միջոցներ են ծախսում եւ նոր քննակարգի զանգվածային փորձարկումներ անում: Բայց դրանք էլ հիմնականում ջուրծեծոցի են. որոշ դպրոցներում դասատուները երեխաներին հրահանգում են վատ գրել, ճիշտ չլուծել կամ ընդհանրապես չկատարել առաջադրանքները՝ պատճառաբանելով, որ փորձարկման արդյունքները որքան վատ լինեն, այնքան ուշ կներդրվի նոր կարգը եւ այլն: Այլ դպրոցներում, ընդհակառակը, փորձնական քննության ժամանակ երեխաներին համատարած հուշում են, օգնում, որ չբացահայտվի իրենց ցածր մակարդակը: Երկու դեպքում էլ ստացվում են կեղծ արդյունքներ: Իսկ առարկայական (օբյեկտիվ) արդյունքներով կարծես ոչ ոք շահագրգռված չէ: Ուրեմն նպատակը պարզապես վարկային գումարներն իրացնելն է եւ վարկատուների ու ժողովրդի աչքին թոզ փչելը:

Հ. ԶՈՀՐԱԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել