Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ՎԱՌԵՑԻՆ» ՆԱԽԿԻՆ ՀԵՏԱԽՈՒՅԶԻՆ

Նոյեմբեր 10,2006 00:00

Ավան եւ Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանում նոյեմբերի 8-ին պետք է շարունակվեր ԱԺ նախկին պատգամավոր Մելիք Գասպարյանի «մահափորձի գործի» քննությունը: Ցուցմունք պիտի տար մեղադրյալ Յուրի Վոլֆսոնը: Սակայն նրան դատարան չբերեցին: Ստորեւ ներկայացնում ենք «Առավոտին» ուղղված Յուրի Վոլֆսոնի նամակը՝ առանց մեկնաբանությունների:

Ես՝ Յուրի Գրիգորեւիչ Վոլֆսոնս, լինելով Անդրկովկասյան զինվորական օկրուգի Պետական հետախուզական վարչության մարտական ջոկատի սպա, 1993 թ. ամռանը տրանզիտով հայտնվելով ՀՀ տարածքում՝ ՀՀ ԱԱ կողմից կալանավորվեցի եւ ինձնից անկախ հանգամանքներից, չհանձնվեցի ռուսական կողմին: Այդ ժամանակից ի վեր՝ անդրկովկասյան հանրապետություններում ծառայական պարտքս կատարելիս՝ ճանաչվել եմ անհետ կորած: 1994 թ. հուլիսին ՀՀ նախագահի հրամանագրով ինձ ներում շնորհվեց եւ ձեր երկրի գերագույն ղեկավարության երաշխավորության ներքո մնացի Հայաստանում։ Այդպիսով, ես հայտագրվեցի որպես ՀՀ ԱԱ ավագ սպա՝ Իվանով Սերգեյ Ստեպանովիչ անվամբ. անմիջականորեն ենթարկվում էի ՀՀ ԱԱ նախարար Դավիթ Շահնազարյանին, այնուհետեւ՝ Սերժ Սարգսյանին: Ընդգրկվել եւ մասնակցել եմ բազմաթիվ գործողությունների, որոնք անցկացնում էին ՀՀ ուժային կառույցները՝ ԱԱՆ-ն, ՊՆ-ն եւ ՆԳՆ-ն։ Իրականացրել եմ մարտական ղեկավար աշխատանք եւ տարբեր հատուկ ջոկատների եւ խմբերի ուսուցում (այդ թվում՝ մարտական պատրաստություն եմ անցկացրել նախագահ Ռոբերտ Քոչարյանի պահպանության վարչության հետ)։ Ես ներկա եմ եղել ՀՀ ուժային կառույցների ղեկավար մարմինների դռնփակ օպերատիվ խորհրդակցություններին։ Համարվում եմ գաղտնի ինֆորմացիաներին տեղեկացված անձնավորություն, պարտաճանաչորեն պահպանել եւ ազնվորեն եմ կատարել ծառայական պարտքս։ Կրել եմ ՀՀ ԱԱ փոխգնդապետի համազգեստ, ստացել ամսական դրամական փոխհատուցում: Իմ կյանքի ապահովման բոլոր հարցերը լուծվել են ՀՀ ԱԱ համապատասխան ծառայությունների կողմից եւ անգամ մինչ ձերբակալությունս՝ 2005-ի սեպտեմբերի 16-ը, իմ անվանափոխումը հանված չէր:

ԱԱԾ նպատակային եւ կանխամտածված սադրիչ գործողությունների արդյունքում, որը անմիջապես ղեկավարում էր գեներալ Հրաչ Հարությունյանը (ԱԱԾ ներկայիս պետի տեղակալը.- խմբ), նրա անմիջական կարգադրությամբ ԱԱԾ աշխատակիցներն իմ նկատմամբ կիրառել են բռնի ֆիզիկական եւ հոգեբանական ներգործություն ունեցող կամազրկող եւ հոգեմետ միջոցներ, շանտաժի ենթարկել ինձ եւ իմ մտերիմ մարդկանց: Այդ մեթոդներով ինձ ստիպել են ստորագրել «խոստովանական փաստաթղթեր»՝ 2001 թ. հանցագործության մեջ, որին ոչ մի առնչություն չեմ ունեցել:

Հրաչ Հարությունյանն առաջարկել է ինձ քաղաքական երանգ ունեցող «կեղտոտ գործարք», որից հրաժարվել եմ: Նրա ենթակա, գնդապետ Եպիսկոպոսյանը հայտարարել է, որ նրանց հետ «համագործակցությունից» հրաժարվելու դեպքում, երրորդ դեմքերի միջոցով ինձ անհապաղ կհանձնեն Ադրբեջանին՝ այդ երկրի դեմ որպես մարտական գործողությունների ակտիվ մասնակցի։ Եվ այդ ամենը ինձ շատ հանգիստ հայտարարում էր հայը, ՀՀ ԱԱԾ ավագ սպան: Նույն այդ Եպիսկոպոսյանը նաեւ կոպիտ է արտահայտվել (հայհոյել) ԱԱ նախկին ղեկավարության հասցեին, մասնավորապես՝ Դավիթ Շահնազարյանի եւ Գուրգեն Եղիազարյանի, ինձ անվանելով «մշակված նյութ»:

Հրաչ Հարությունյանի կարգադրությամբ ԶԼՄ-ներում (մամուլ եւ հեռուստատեսություն) ինֆորմացիա են տարածել իմ նկարով, բացահայտելով իմ իսկական անունն ու ազգանունը, այդպիսով դավաճանելով հատուկ ծառայությունների եւ հետախույզների մոտ ընդունված սկզբունքներին, ինչպես նաեւ իմ անվտանգության երաշխիքը՝ տրված ձեր երկրի ղեկավարության կողմից։ Այդպիսի «բացահայտումից» հետո ուղղակիորեն վտանգի է ենթարկվում իմ եւ հարազատներիս կյանքը՝ այն երկրների հատուկ ծառայությունների կողմից, որոնց դեմ հայկական կողմից ձեռնարկած մարտական գործողությունների մասնակիցն եմ ես։ Եվ այդ ամենի հետեւանքները սպասեցնել չտվեցին:

2006 թ. փետրվարի 14-ին, Գերմանիայում, անհայտ հանգամանքներում մահացավ հայրս, որին չէի տեսել 1993-ից: Նա 13 տարի տառապել եւ սպասել էր իմ վերադարձին։ Իմ միակ հարազատն էր եւ ինձնից բացի ոչ ոք չուներ: Այդ մահը թողնում եմ Հրաչ Հարությունյանի խղճին: Իմ ձերբակալության ժամանակ՝ Հարությունյանի ենթակաները տակնուվրա են արել իմ տունը, գողացել բոլոր փաստաթղթերը, թանկարժեք գործիքներով սարքավորումներ, եզակի գրականություն, որը հավաքել էի 12 տարվա ընթացքում, արժեքավոր իրերս ու խնայողություններս: Անազատության մեջ անցկացրածս 13 ամիսների արդյունքում քայքայվել է առողջությունս, որը հետեւանք է մարտական գործողություններում իմ ստացած վերքերի եւ 2004-2005թթ. ընթացքում տարած երեք վիրահատությունների:

Քննության ժամանակ ինձ հարցաքննել են առանց փաստաբանի՝ մշտապես ահաբեկելով: Այդ ժամանակահատվածում գտնվել եմ մեկուսացման մեջ, իսկ իմ անընդմեջ խնդրանքներն ու պահանջները՝ կանչել իմ անմիջական ղեկավարին, կոպտորեն մերժվել են քննչական մարմինների կողմից:

Ինչո՞ւ ինձ՝ բարձրակարգ, հազվագյուտ մասնագետիս, որը մեծ ծառայություններ է մատուցել Հայաստանին, եւ իրենից անկախ հանգամանքներում հայտնվել է օրենքից դուրս, ձեր իսկ պետության կողմից ներկայացվում է որպես ինչ-որ բոմժ, զուրկ «ազգ ու տոհմից»։ Այդ ամենով հանդերձ՝ աղավաղվում եւ թաքցվում է իրականությունը:

Կարծում եմ, որ այս բոլոր հարցերին դատավարության ժամանակ ես սպառիչ պատասխաններ կտամ, հիմնովին կապացուցեմ անմեղությունս: Կմերկացնեմ իսկական հանցագործներին: Ես Հայաստանն ընդունում էի որպես երկրորդ Հայրենիք եւ դա բազմաթիվ անգամ ապացուցել եմ իմ մարտական ծառայություններով, վտանգելով կյանքս, ապահովելով ձեր երկրի անվտանգությունը: Եվ ես անկեղծորեն չեմ ցանկացել, որ ինձ հետ կատարվածը բացասական ազդեցություն ունենա հայոց պետականության հեղինակության վրա՝ ինչպես ներքաղաքական, այնպես էլ արտաքին քաղաքականության առումով, մասնավորապես այժմ՝ Հայաստանի եւ հայ ժողովրդի համար տագնապալից ժամանակներում:

Ինձ հետ կատարվածը գնահատում եմ որպես նպատակաուղղված սադրանք՝ հրահրված ներկայիս ԱԱԾ ղեկավարության, մասնավորապես՝ գեներալ Հրաչ Հարությունյանի եւ Գորիկ Հակոբյանի կողմից: Դա հետապնդում է հեռուն գնացող արմատական նպատակներ՝ ուղղված իմ անմիջական ղեկավարի հեղինակությանն ու դիրքին, ինչպես նաեւ հայկական պետականության ներքաղաքական կայունության ու անվտանգության խարխլմանը:

Ես չեմ վախենա եւ կապացուցեմ ոչ միայն իմ անմեղությունը, այլեւ կբացեմ ողջ ճշմարտությունը՝ արդարադատությանը հանձնելով անժխտելի փաստեր, ուղղակիորեն մերկացնելով այդ գեներալական ուսադիրներով «հրեշներին», որոնք ոչ միայն «սպիտակ թելով գործ են սարքում եւ կարում» անմեղ մարդկանց նկատմամբ, այլեւ իրականացնում են հայկական պետականության հիմքերը խարխլող ծանր հանցագործություններ: Նրանք ՀՀ քաղաքացիական եւ զինվորական օրենսդրությանը համապատասխան՝ կենթարկվեն քրեական եւ ծառայական պատասխանատվության, պատասխան կտան իրենց բոլոր հանցանքների համար՝ հայ ժողովրդի եւ երկրի առաջ: Չարը պետք է պատժվի։:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել