Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ոմն աշխարհահռչակ Օգսեն Միրզոյանը»

Նոյեմբեր 10,2006 00:00

\"\"Փոխթաղապետի կրպակը խանգարում է օլիմպիական չեմպիոնի խանութին

Վերջերս օլիմպիական չեմպոն Օգսեն Միրզոյանի դեմ նախագահի վերահսկողական ծառայությունը բողոք է ստացել: Բողոքողը Օ. Միրզոյանին պատկանող Կոմիտասի 43 հասցեում գտնվող խանութի հարեւանությամբ գործող կրպակատերն է՝ Արաբկիր համայնքի փոխթաղապետ Տարոն Խուրշուդյանի կինը՝ Նարինե Դերմանյանը, որը նախագահականին ուղղված դիմումը ձեւակերպել է բառացիորեն այսպես. «Ոմն աշխարհահռչակ Օգսեն Միրզոյանը սպառնացել է քանդել եւ ջարդուփշուր անել ինձ պատկանող տաղավարը»:

Արդեն քանի տարի է՝ Օ. Միրզոյանն ուզում է ապամոնտաժել իր խանութի անմիջապես հարեւանությամբ, Կոմիտաս-Գրիբոյեդով փողոցների անկյունում գտնվող թիթեղյա կրպակը, որը, օլիմպիական չեմպիոնի ներկայացմամբ, խանութին նյութական վնաս է պատճառում. «Կրպակն անմիջապես կպած է իմ խանութի պատին եւ պատը ներսից խոնավանում ու ներկը թափվում է: Ես ստիպված եմ լինում պարբերաբար խանութի այդ հատվածը վերանորոգել, բայց օգուտ չունի»:

Օլիմպիական չեմպիոնն այնքան չի վիրավորվել, որ իրեն «ոմն» են անվանել, որքան զարմացել է, որ քաղաքային իշխանություններն այդ հասցեում կրպակ տեղադրելու համար նման թույլտվություն են տվել. «Կրպակն անմիջապես մայթի վրա է գտնվում: Մարդկանց անցուդարձի համար տեղ չի մնացել: Երբ Երեւան քաղաքի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանին այս մասին բողոքեցի, զարմացավ, որ ինքը թույլ է տվել մայթին, որը կարմիր գիծ է համարվում, կրպակ տեղադրել: Բայց քանի որ նրան Արաբկիրի փոխթաղապետն է խնդրել, Դանիելյանը խոսքից դուրս չի եկել»:

«Առավոտի» հետ զրույցում Արաբկիրի փոխթաղապետ Տարոն Խուրշուդյանը չհերքեց, որ Օ. Միրզոյանի խանութի հարեւանությամբ գործող կրպակն իրոք իրեն է պատկանում. «Իմ գործունեության օրոք միակ սեփականությունն է, որ ձեռք եմ բերել: Տաղավարը գնել եմ Խաչիկ Գրիգորյանից: Ես հանդիսանում եմ բարեխիղճ գնորդ, քանի որ կրպակն օրինական է եւ համապատասխանում է օրենքի չափորոշիչներին: Երբ նախկին կրպակատիրոջ օրոք Օգսեն Միրզոյանը բողոքել է եւ թաղապետարանից եկել են ու տաղավարը քանդել, կրպակատերը դիմել է դատարան, որն էլ վճռել է, որ թաղապետարանը նման իրավունք չունի եւ որոշվել է կրպակը վերատեղադրել: Դատարանի որոշումից հետո նոր ես գնել եմ: Իմ գնելուց հետո Կոմիտասի փողոցը սկսեցին վերակառուցել, եւ ես քաղաքապետարանի պահանջով տաղավարն ամբողջությամբ դարձրեցի եվրոչափանիշներին համապատասխան»:

Օ. Միրզոյանի խոսքերով, մի քանի օր առաջ էլ՝ գիշերով, ինչ-որ մարդիկ նոր կրպակի հիմք են գցել իր օբյեկտի անմիջապես դիմաց, որի առկայության դեպքում խանութի ճակատային մասը կփակվի. «Ես բողոքում եմ, որ խանութիս կողքի տաղավարը հանեն, բայց պարզվում է՝ թաղապետարանը դիտմամբ նոր կրպակ տեղադրելու թույլտվություն է տալիս»: Այս առնչությամբ էլ Արաբկիրի փոխթաղապետը հայտնեց, որ նոր կրպակն իսկապես անօրինական է տեղադրվում, եւ որ թաղապետարանն արդեն միջոցներ է ձեռնարկել տաղավարի համար կառուցած բետոնե հարթակն ապամոնտաժել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել