Լրահոս
Օրվա լրահոսը

Նոյեմբեր 10,2006 00:00

ՎԻԿՏՈՐ ԴԱԼԼԱՔՅԱՆ

ՄԵՐ ԱՊԱԳԱՅԻ ԲԱՆԱԼԻՆԵՐԸ

 «Ո՛չ մի երկիր չի կարող համապատասխան կիրառում գտնել դրսից ներմուծված ազդակների եւ փոխառված մեթոդների համար. ինչ-որ տեղ իր սեփական ավանդույթների, իր սեփական հոգեւոր կառուցվածքի մեջ նա պետք է գտնի զարգացման բարոյական ուժեր, որոնք անհրաժեշտ են նոր պրոբլեմները լուծելու համար»:

ՆՈՐԲԵՐՏ ՎԻՆԵՐ

1. Սփյուռքը չի կարող կասեցնել դեմոգրաֆիական աղետի սպառնալիքը

\"\"Մեր քաղաքական վերնախավի համար խիստ մոդայիկ հոբբի է դարձել իմաստունի տեսք ընդունելու եւ հանրապետությանը սպառնացող դեմոգրաֆիական աղետի մասին դատարկ խոսակցություններով զբաղվելու գործելակերպը:

Չկարողանալով անգամ ըմբռնել հանրապետության դեմոգրաֆիական իրավիճակի վատթարացման պատճառները, առավել եւս՝ հաղթահարել այդ ակնհայտ սպառնալիքը, միակ բանը, որն ի վիճակի է անել մեր ներկա վերնախավը, դա քյոխվա-գզիրական հարայ-հրոց գցելն ու Սփյուռքին օգնության կանչելն է: Բայց ինչպես ցույց տվեց սեպտեմբերին կայացած Հայաստան-Սփյուռք երրորդ խորհրդաժողովը, այս գործելակերպը եւս արդյունք չի տալիս: Խորհրդաժողովը վերջնականապես ապացուցեց, որ Սփյուռքի հետ հարաբերություններում մեզանում որդեգրված հայտնի մոտեցումները դարձել են ոչ թե ազգային-պետական խնդիրների լուծման, այլ մեր ներքին պրոբլեմները քողարկելու ուղիներից մեկը, այսինքն՝ երկրում իրականացվող, մեղմ ասած՝ ոչ գրագետ քաղաքականության շարունակման ու երկարաձգման յուրահատուկ «դոպինգը»: Նման «դոպինգի» ներարկումը սեփական հայրենիքին՝ վնասակար է նաեւ Սփյուռքի համար, որն իրականում կարող է լինել միայն Հայաստանի զարգացման լրացուցիչ խթանը, այն էլ ոչ այնքան՝ ֆինանսական ներարկումների, որքան փորձի, հմտությունների եւ «նոու հաուի» ներմուծման միջոցով: Հայկական ավանդական Սփյուռքը իրականում աշխարհով մեկ ցրված հայ անհատների ու հայկական կազմակերպությունների բարդ խճանկար է, որն արդեն հստակորեն գիտակցում է մի բան. մի քանի սերունդ հետո ինքը կամ պետք է ձուլվի ու անհետանա, կամ էլ այսօրվանից մտածի իր ձեւավորման բուն պատճառի՝ Հայոց ցեղասպանության հետեւանքների հաղթահարման, այսինքն՝ հայրենիք վերադառնալու մասին: Նման բարդագույն խնդիրների առջեւ կանգնած Սփյուռքի հայկական համայնքները ֆինանսապես լրջորեն աջակցել են Հայաստանին ու Արցախին՝ Ղարաբաղյան պատերազմի ու հետպատերազմյան առաջին տարիներին: Այժմ երբ մեր պետությունն արդեն 15 տարեկան է, իր ներսում ունի ֆինանսական լուրջ միջոցներ, որոնք սակայն ուղղվում են ոչ թե զարգացման խնդիրներ լուծելուն, այլ մի խումբ մարդկանց հարստացմանը, Սփյուռքի համար անհասկանալի է, թե ինչո՞ւ պետք է ինքը շարունակի լուծել մեր երկրում իրականացվող սխալ քաղաքականության հետեւանքով առաջ եկող խնդիրները: Արդյունքում վրա է հասնում «ճշմարտության պահը», ինչի ականատեսն էլ մենք դարձանք «Հայաստան-Սփյուռք» երրորդ խորհրդաժողովում:

Անցած խորհրդաժողովում որպես Սփյուռքի ուսերին դրվող հրատապ առաջադրանք, առանձնացվեց մեր հազարամյա գոյաբանական ճգնաժամի հերթական դրսեւորումը դարձած՝ Հայաստանի հեռավոր մարզերի ու գյուղական բնակավայրերի դատարկման գործընթացը կասեցնելու խնդիրը: Մինչդեռ, ակնհայտ է, որ Սփյուռքի ֆինանսական միջամտությունը կարող է միայն ժամանակավորապես քողարկել այս երեւույթի իրական պատճառները եւ դրանով ոչ թե արագացնել, այլ դանդաղեցնել նրա հաղթահարումը: Որովհետեւ Երեւանը դարձել է մի խումբ մարդկանց ձեռքում հանրապետության ողջ հարստության կուտակման գործընթացի «էպիկենտրոնը» եւ, չգիտես ինչո՞ւ, այդ մի խումբ մարդիկ Սփյուռքից պահանջում են սեփական սխալների հաղթահարումը: Երբ հրապարակավ՝ մամուլի միջոցով, տեղեկանում ենք, որ մարդկանց այդ խումբը 2007-2008թթ. ընտրաշրջանում պատրաստվում է ծախսել՝ ճիշտ մեր գյուղական շրջանների զարգացման համար անհրաժեշտ մոտ 600 մլն դոլարին համարժեք գումարը՝ ընտրողների քվեները գնելու համար, ապա սկսում ենք մտածել, որ վատ չի լինի, եթե նրանք այդ գումարը հատկացնեն հեռավոր գյուղերի վերականգնմանը:

Երբ վերջին խորհրդաժողովի ընթացքում մեր հայրենակիցները տեղեկացան, որ Երեւանը առաջադիմում է, իսկ Հայաստանի մարզերը այնքան են քայքայվել, որ ողջ երկիրը կանգնել է դեմոգրաֆիական աղետի սպառնալիքի առաջ, ապա բոլորի մոտ տրամաբանական հարց առաջացավ: Ինչո՞ւ է նման բան տեղի ունենում, չէ՞ որ Հայաստանն անկախ է եւ նրա մայրաքաղաքի ու մարզերի զարգացման համամասնությունները եւ դրանց ապահովման համար հատկացվող ֆինանսական միջոցները որոշվում են մեր իսկ կառավարության կողմից: Ուրեմն՝ եթե երկրում իրականացվող սոցիալ-տնտեսական քաղաքականությունը շատ թե քիչ հավասարակշռված է, ապա նման բան չի կարող լինել, իսկ եթե ոչ, ապա Սփյուռքի միջամտությունը միայն կարող է քողարկել տվյալ երեւույթի ախտորոշումն ու բուժումը:

Փորձենք հասկանալ, թե ի՞նչ արդյունք է խոստանում նման նախաձեռնությունը: Մի պահ պատկերացնենք, որ Սփյուռքը մեր փոխարեն գալիս ու լուծում է Հայաստանի գյուղական շրջաններում ենթակառուցվածքների ձեւավորման խնդիրը: Արդյո՞ք դրանով հաղթահարվելու է երկրին սպառնացող դեմոգրաֆիական աղետը: Մի՞թե մեր գյուղերին անհրաժեշտ ենթակառուցվածքների ձեւավորումը կարող է հանգեցնել Երեւանի ու մարզերի զարգացման տեմպերի աստիճանական համահարթեցմանը, երբ երկրի հարստության կուտակումը մայրաքաղաքում սոսկ Երեւանից տարածվող՝ մենաշնորհային տնտեսության շոշափուկների եւ Երեւանի միջոցով երկիր մուտք գործող ֆինանսական միջոցների «ժամադրության» հետեւանք է: Ուրեմն՝ եթե այսուհետեւ եւս Հայաստանում պահպանվի ներկա քաղաքական ու տնտեսական համակարգը, դրսից կատարվող ֆինանսական ներարկումների մեծացումը լինելու է պարզապես սիզիֆյան աշխատանք: Դա կհանգեցնի Սփյուռքի փողերը քամուն տալու միջոցով շքեղ, բայց դատարկ ենթակառուցվածքների ձեւավորմանը, որոնց շուրջը կշարունակեն պահպանվել մարդկանց գործունեության ազատությունը սահմանափակող՝ տնտեսա-քաղաքական պայմանները:

Եվ ամենակարեւորը՝ խնդիրը միայն տնտեսական պայմանների մեջ չէ: Ոչ միայն մարզերից, այլեւ հենց Երեւանից հեռացող մարդկանց մեջ արդեն նշանակալի թիվ են կազմում նյութապես տանելի վիճակ ունեցող ընտանիքները, որոնք իրենց հայրենիքը եւ հարազատների գերեզմանները թողնում-լքում են ոչ թե մի կտոր հացի, այլ ապագայի հանդեպ անվստահության պատճառով: Հանրապետության ազգաբնակչության նշանակալից մասը համակվել է սուր եւ ընդգծված անոմիայով: Արդի սոցիոլոգիան ցույց է տալիս, որ անոմիան դա անհատական ու հասարակական գիտակցության մի առանձնահատուկ բարոյա-հոգեբանական վիճակ է, երբ մարդիկ սուր անհանգստություն են զգում իրենց նմանների հետ հարաբերություններում նորմերի ու կանոնների բացակայությունից: Պատճառն այն է, որ անգամ ամենանյութապաշտ անհատները ձգտում են ոչ միայն նյութական բարեկեցության, այլեւ իրենց նմանների կողմից ճանաչման, հարգանքի, վստահության: Նրանք ձգտում են ապրել այնպիսի մի միջավայրում, ուր առկա է փոխադարձ վստահություն ու ապագայի հանդեպ հավատ: Մարդիկ հեռանում են, որովհետեւ տեսնում են, որ Հայաստանում խելացի, ձեռներեց, մտածող մարդիկ հեռանկար չունեն: Այստեղ հարկավոր է լինել խուժան ու անգրագետ, ցինիկ ու լկտի, գռեհիկ ու զոռբա: Ուրեմն՝ հանրապետությունում ձեւավորվել է վստահության ծայրահեղորեն ցածր մակարդակ ունեցող մի հասարակություն, որի հետագա քայքայումն անխուսափելի է՝ առկա քաղաքական համակարգի, տնտեսահարաբերությունների ու բարոյա-հոգեբանական վիճակի պահպանման պայմաններում: Այսպիսով, դեմոգրաֆիական աղետի սպառնալիքը հաղթահարելու խնդիրը գտնվում է բոլորովին այլ հարթության վրա: Հարկավոր է լրջանալ՝ հասկանալու համար, թե իրականում ի՞նչ է տեղի ունենում մեր երկրի հետ, որից սկսել են անհանգստանալ նաեւ Սփյուռքի մեր հայրենակիցները:

2. Երկու վտանգավոր միտումների մեկտեղումը

Երբ փորձում ենք պարզել, թե ո՞րն է անկախ եւ ինքնիշխան Հայաստանին համակած դեմոգրաֆիական ճգնաժամի պատճառը, անմիջապես արձանագրում ենք երկու վտանգավոր միտումների «զուգահեռ գոյակցության» փաստը: Առաջինը կապված է վերջին 15-ամյակում արձանագրված աղաղակող ձեւախեղումների, իսկ երկրորդը՝ պետական անկախություն ձեռք բերելուց հետո էլ իրեն զգացնել տվող մեր ժողովրդի հազարամյա գոյաբանական ճգնաժամի հետ: Դրա համար այսօրվանից պետք է գիտակցենք, որ անգամ երկրում իրականացվող քաղաքականության փոփոխությունը, այսինքն՝ առկա մենաշնորհների վերացումը, քաղաքական համակարգի ժողովրդավարացումը, սոցիալական արդարության հաստատումը սոսկ ծրագիր-մինիմում են՝ դեմոգրաֆիական աղետի հաղթահարման խնդրի տեսանկյունից: Թող սխալ չհասկացվի իմ միտքը. այդ քայլերը ոչ միայն խիստ անհրաժեշտ են, այլեւ պարտադիր, բայց անգամ դրանք բավարար պայման չեն շուրջ 1000 տարվա պատմություն ունեցող մեր գոյաբանական ճգնաժամը հաղթահարելու գիտականորեն հիմնավորված դեղատոմսեր մշակելու եւ գործի դնելու համար:

Հայաստանի ու հայության գոյաբանական ճգնաժամը դա Հայաստանի շարունակական հայաթափման, հայրենի հողի վրա մեր ժողովրդի բնակեցրած տարածքի եւ այդ տարածքում բնակվող հայերի բացարձակ թվի կրճատման, օտարության մեջ գտնվող հայության պերմանենտ ուծացման շուրջ 1000-ամյա գործընթացն է:

Հայոց պատմության վերջին հազարամյակի փորձը ցույց է տալիս, որ Անիի Բագրատունիների թագավորության անկման շրջանում սկսված եւ մինչեւ օրս շարունակվող մեր ժողովրդի գոյաբանական ճգնաժամի սկզբնապատճառը նրան շրջապատող քաղաքակրթական միջավայրի փոփոխությունն էր իր բոլոր՝ քաղաքական, տնտեսական, մշակութային արժեչափերով հանդերձ ու որպես դրա հետեւանք՝ հայերի առաջին զանգվածային արտագաղթը ու մեր հավաքականության կոտորակումը՝ սեփական պատյանի մեջ ներփակված եւ պարզ-գոյատեւման հոգեբանությամբ առաջնորդվող անհատների խճանկարի: Հենց այդ դարաշրջանում է, որ ողջ մարդկության զարգացման առաջին գծի վրա կանգնած Հայաստանը սկսում է աստիճանաբար շեղվել իր բնականոն զարգացման ուղուց: Մինչ այդ մենք ոչ ոքից պակաս չէինք, ավելին՝ շատերից էինք առաջ անցել, ուստի ես չեմ պաշտպանում մեր դժբախտությունների սկզբնապատճառները Հայկ Նահապետի կամ Տիգրան Մեծի ժամանակներից փնտրելու փորձերը եւ դրանք պարզապես համարում եմ ազգային նիհիլիզմ: Մենք ունեցել ենք հարուստ ու մեծ երկիր, որը Անիի Բագրատունիների օրոք ստեղծած իր ճարտարապետությամբ, արվեստով ու գրականությամբ լուրջ ազդեցություն է գործել հետագա դարերում արեւմտաեվրոպական վաղ Ռենեսանսին բնորոշ մշակութային նոր արժեքների ձեւավորման վրա: Սա ամենեւին էլ ազգային սնապարծություն չէ, այլ գիտականորեն ապացուցված թեզ: Ավելին, շնորհիվ այն հանգամանքի, որ Հայաստանը Արեւմտյան Եվրոպայից ավելի վաղ էր թեւակոխել ավատատիրական հարաբերությունների շրջափուլը, մեզանում ի հայտ եկած պավլիկյան եւ ապա թոնդրակյան շարժումների գաղափարախոսությունը որպես Հայաստանում ստեղծված նոր գաղափարներ, տարածվելով բալկանյան երկրներում եւ ապա թափանցելով Արեւմտյան Եվրոպա, դարձան արդի եվրոպական քաղաքակրթության ձեւավորման հոգեւոր-գաղափարական հիմքերից մեկը: Հենց մենք էինք, որ եվրոպացիներից շատ առաջ հիմնավորեցինք Ռեֆորմացիայի կարեւորագույն գաղափարը՝ առանց եկեղեցական հիերարխիայի միջամտության Աստծո առջեւ մարդու անմիջական պատասխանատվության սկզբունքը: Սա էր այն առանցքային գաղափարներից մեկը, որը բոգոմիլների միջոցով թափանցելով բալկանյան երկրներ եւ ապա ալբիգոյցիների միջոցով՝ Ֆրանսիա, այնտեղից տարածվեց Եվրոպայում, դառնալով Ռեֆորմացիայի եւ նրա հիմքի վրա ձեւավորված բողոքականության գաղափարական ակունքներից մեկը: Ուրեմն՝ մենք լուրջ ներդրում ունենք այն մշակութային-քաղաքակրթական միջավայրում, որն այսօր որպես նոր որակ վերադառնում է դեպի Արեւելք: Հենց այդպես՝ վերադառնում է, քանզի, ինչպես ժամանակին նշել է գերմանացի մտածողներից մեկը՝ «Մարդկային ողջ իմաստությունը եւ հզորությունը, որը ծնվել է Արեւելքում, ավարտուն տեսք է ստանում Արեւմուտքում»: Այս առումով մենք այսօր պրոբլեմներ ու բարդույթներ չպետք է ունենանք, քանզի ժամանակին մեր մեծ նախնիների կողմից ուղարկված քաղաքակրթական ազդակները այժմ վերադառնում են մեզ՝ նրանց ժառանգներին: Ուրեմն՝ ներկայումս մենք այդ արժեքները պետք է դիմավորենք ոչ թե հայ ժողովրդի պատմությանն ու մշակույթին անտեղյակ «հոմո-սովետիկուսներից» բաղկացած Հայաստանի ներկա վերնախավին բնորոշ՝ պարզ-կապկումների մեթոդաբանությամբ, այլ իբրեւ եվրոպական ընտանիքում ի սկզբանե ունեցած մեր տեղն ու դերը գիտակցող արժանապատիվ ազգ: Կանգնած լինելով եվրոպական քաղաքակրթության ակունքներում, մենք արտաքին սարսափելի հարվածների հետեւանքով, որոնք սկիզբ առան թուրք-սելջուկների եւ 5

քիչ անց՝ նաեւ մոնղոլ-թաթարների կողմից Հայաստանի բզկտվելու արդյունքում, դեռեւս սրանից մոտ 1000 տարի առաջ բռնել ենք արտագաղթի ճամփան կամ էլ ծվարել մեր լեռներում՝ սեփական առանձնացված գոյությունը պահպանելու համար: Սկիզբ է առել Հայաստանի ու հայության հազարամյա գոյաբանական ճգնաժամը, որից հետո՝ 12-13-րդ դարերում ստեղծված մեր փայլուն մշակույթը եւ մանավանդ՝ նրա ծաղկումը Կիլիկյան Հայաստանում, նման էին մարելուց առաջ առավել վառ կերպով առկայծող կրակի ցոլքերին: Այդ ժամանակներից սկսած, հայը որպես տեսակ իր ճնշող մեծամասնությամբ գոյատեւեց սոսկ անհատական գիտակցության եւ նրանից բխող գործողությունների շրջագծում: Այսինքն՝ գտավ արհավիրքը վերապրելու իր անհատական կերպը, որը որպես ներփակ ամբողջություն եւ միաժամանակ՝ կրկնակի անգամ ներփակված անհատների խճանկար, ձեւավորեց խիստ յուրահատուկ ինդիվիդուալիստա-ֆամիլիստական հասարակություն: Եվ մեր հավաքական գիտակցությունը մնաց միայն անցյալի հիշողության մարմնավորումը եւ պահապանը հանդիսացող կառույցների ու արժեքների՝ Եկեղեցու ու մշակութային ժառանգության ընկալման հարթության վրա:

Դրանից հետո, որպես կոտորակված անհատների խճանկար, շարունակելով լինել ժամանակակից Եվրոպայի հիմքերը դրած արժեհամակարգի կրողը, որի առանցքում ընկած էր անհատի ձգտումը դեպի ազատություն, հայը հրաշքներ գործեց Հայաստանից բացի ամեն տեղ եւ մարդկային գործունեության բոլոր բնագավառներում: Օտարներին ծառայած մեծ հայերի հսկայական փաղանգի մասին մեզանում պահպանված պատմական հիշողությունը, որոնք ծաղկեցրել են իրենց հյուրընկալած երկրները, հենց դրա վկայությունն է. հայկական ֆենոմենի դրսեւորման անհատական կերպը փթթել է քաղաքակրթական առումով իրեն հոգեհարազատ միջավայրերում: Սակայն որպես հավաքականություն անգամ՝ այսօր, իր փոքրիկ երկրում հայը այդպես էլ ոչ մի կերպ չի կարողանում «իրացնել» ինքն իրեն: Ուստի, օրինաչափ է, որ միակ վայրը, որտեղ հայը ինքն իրեն չի դրսեւորում իբրեւ անհատ եւ այդ պատճառով էլ իր ճնշող մեծամասնությամբ վատ է ապրում, դա Հայաստանն է:

Սակայն, հայությանը համակած 1000-ամյա գոյաբանական ճգնաժամի հիմքը դրվեց արտաքին՝ ֆիզիկական ներգործության փաստով, բայց այն շարունակվեց ու խորացավ ավելի լուրջ պատճառի անմիջական ազդեցությամբ: Բռնություններն ու հալածանքները սովորաբար համախմբում են մշակութային մեծ ներուժ ունեցող մեզ նման ազգերին: Մեզանում դա տեղի չի ունեցել, որովհետեւ արտաքին նվաճողները ոչ միայն ֆիզիկապես ոչնչացրել են մեր ժողովրդին, այլեւ փոխել նրա բնակեցրած տարածքին բնորոշ՝ քաղաքակրթական միջավայրը, ինչի հետեւանքով հայության գոյաբանական ճգնաժամը վերածվել է իրեն հարազատ միջավայրեր տեղափոխվելու եւ նրանցում ինքնադրսեւորման անհատական կերպը որոնելու ձգտման:

Ուրեմն՝ մեր դժբախտությունների սկզբնապատճառը եղել եւ այսօր էլ մնում է ոչ այնքան՝ արտաքին բռնությունը, որքան դրան հետեւած քաղաքակրթական առումով օտար ու հարազատ միջավայրերի զուգահեռ գոյակցությունը եւ զուգահեռ ներգործությունը: Առաջինը այսօր էլ գրեթե՝ շրջապատել է մեզ, երկրորդը այսօր էլ ձգում է մեզ։ Այդ պատճառով Հայաստանին համակած գոյաբանական ճգնաժամի ներկա դրսեւորումը հանդիսացող դեմոգրաֆիական աղետի սպառնալիքը հնարավոր չէ հաղթահարել միայն արտաքին վտանգի լիակատար չեզոքացման եւ անգամ՝ քաղաքակրթական առումով հարազատ միջավայրի վերականգնման միջոցով: Կարեւորագույն խնդիրը 1000-ամյա գոյաբանական ճգնաժամի արդյունքում կոնսերվացված ու հստակորեն ինդիվիդուալիստա-ֆամիլիստական բնույթ ձեռք բերած մեր ներկա հասարակության եւ նրա հիմքը կազմող՝ հայ անհատի համապատասխանեցումն է նոր իրողություններին: Այսինքն՝ միջավայրի վերականգնումից ոչ պակաս, անգամ՝ ավելի կարեւոր է մարդու պրոբլեմը: Եվ հենց այստեղ է, որ մենք անընդհատ դոփում ենք նույն տեղում: Քաղաքական բռնության հաղթահարումը եւ անցումը տնտեսական հարաբերությունների քաղաքակիրթ ստանդարտներին չեն կարող կասեցնել դեմոգրաֆիական աղետի սպառնալիքը, եթե հաշվի չառնենք մեր հազարամյա գոյաբանական ճգնաժամի նախորդ փուլերի արդյունքում մեզ հետ տեղի ունեցած խորքային փոփոխությունը, որը այսօր կարելի է գնահատել եւ՛ իբրեւ առավելություն, եւ՛ որպես թերություն։ Դա արտաքին անբարենպաստ պայմանների արդյունքում ձեւավորված հայի ֆենոմենն է, այսինքն՝ մեր դարավոր քաղաքակրթական ներուժի կոնսերվացված արտահայտությունը հանդիսացող հայի վառ անհատականությունը, որը մինչ օրս գտնվում է պետության ու հասարակության կառուցվածքայնացման փորձերի շրջագծից դուրս։

Անգամ՝ 20-րդ դարում՝ մեր ժողովրդի եվրոպականացած «գաղափարական փոքրամասնության» կողմից կատարված ինքնազոհության գնով նվաճելով պետություն ունենալու իրավունքը, մենք չեն կարողացել գտնել հայկական ֆենոմենին բնորոշ անհատի եւ պետական կեցությանն անհրաժեշտ հավաքական նպատակների համադրության բանաձեւը: Եվ այդպես էլ մեր գոյաբանական ճգնաժամը կամ ինչպես ժամանակին Գարեգին Նժդեհն էր բնորոշում՝ «հայության անկման անիվը» կանգնեցնելու մեջ անզոր ու հստակորեն՝ հոսանքին հակառակ նավարկող այդ նույն՝ «գաղափարական փոքրամասնության» կողմից 20-րդ դարի ընթացքում ստեղծվել ու մեր անկախ պետությանն են փոխանցվել պետության ապագայի վերաբերյալ որոշակի քաղաքական լուծումների վրա հիմնված երկու՝ կոնֆրոնտացիոն կամ ինտեգրացիոն գաղափարախոսական համակարգեր, որոնք իրենց պարզունակ մտասեւեռումներով եւ նրանց վրա հիմնվող՝ հասարակության ու պետության կառուցվածքայնացման անզոր ու անօգուտ փորձերով իշխում են նաեւ Հայաստանի երրորդ հանրապետության քաղաքական մտքի մեջ:

3. Գոյաբանական ճգնաժամի հաղթահարման անօգուտ փորձեր

Անգամ այսօր՝ իր դարավոր ողբերգության սկզբնապատճառը փնտրելու եւ նրա վերացման մասին մտածելու փոխարեն, շուրջ 15 տարի երրորդ հանրապետության քաղաքական միտքը ըստ էության վիճում է այն հարցի շուրջ, թե ի վերջո մեզ հավասարապես դեպի կործանում տանող երկու ճանապարհներից ո՞րն է ավելի նախընտրելի՝ կոնֆրոնտացիո՞ն, թե՞ ինտեգրացիոն, այսինքն՝ «վերապատմում է» Հայաստանի առաջին, երկրորդ եւ երրորդ հանրապետությունների արդեն անցած- գնացած պատմությունը:

Առաջինի կողմնակիցները առաջարկում են մեր հարեւաններին հաղթելու միջոցով մեզ համակած գոյաբանական ճգնաժամի հաղթահարման դեղատոմսեր, որոնց կիրառումը Ղարաբաղյան պատերազմի հետեւանքով հանգեցրեց մեր կողմից վերահսկվող հայրենի տարածքների ընդարձակմանը, սակայն հստակորեն ապացուցեց, որ չհաղթահարված գոյաբանական ճգնաժամի պայմաններում մենք ի վիճակի չենք դրանք յուրացնել:

Երկրորդի կողմնակիցների կարծիքով Հայաստանը կարող է փրկվել ինտեգրվելով իրեն հոգեհարազատ ինչ-որ տարածության մեջ։ Այս դեղատոմսը կիրառելու համար առաջ են քաշվել երկու տարբերակներ՝ նախկին ինտեգրացիոն տարածությունը, այսինքն՝ ԱՊՀ-ն եւ նոր ինտեգրացիոն տարածությունը, այսինքն՝ Եվրամիությունը։ Սակայն, դժբախտաբար, այս երկու ինտեգրացիոն միջավայրերը մեզանում դիտվում են իբրեւ մեր փոխարեն մեր հարցերը լուծող ուժի գործոններ: Մինչդեռ, ինտեգրումը եւ որպես դրա հետեւանք՝ մրցակցային միջավայրի փոփոխությունը, ամենեւին էլ չի ենթադրում մրցակցության վերացում: Բնական է, որ նման ելակետից հնարավոր չէ լուծել արժեքային ընտրության հարցը՝ չխոսելով արդեն կոնկրետ-քաղաքական նախապատվությունների մասին, քանզի ցանկացած ինտեգրացիոն տարածության մեջ նույնպես մեր հարցերը մենք ենք լուծելու: Ավելին, արժեքային առումով ողջ քրիստոնյա աշխարհում ընդհանրապես գոյություն չունի եվրոպական արժեհամակարգի հակաթեզը, ուստի այս հարթության վրա ինչպես Եվրոպայի, այնպես էլ մեր ու նախկին ԽՍՀՄ-ի բոլոր քրիստոնյա երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի ձգտումները իրենց հիմքում նույնական են։ Իսկ կոնկրետ-քաղաքական նախապատվությունների հարցը, որը դուրս է ներկա վերլուծության շրջագծից, չի կարող դրվել ֆունդամենտալ-արժեքային հիմքի վրա, եթե մինչ այդ չպարզենք, թե որո՞նք են տվյալ ինտեգրացիոն համակարգի ներսում մեր զարգացումն ու առաջադիմությունն ապահովող ներքին բանալիները։

Ուրեմն՝ որպես հնարավոր լուծումների՝ ձեւով երեք, էությամբ՝ երկու համակարգերի կառուցման պարզունակորեն հակադիր ձգտումների ամբողջություն, փաստորեն սրանց մեջ է պարփակվում մեր ներկա ողջ քաղաքական ու կուսակցական միտքը: Բայց սրանցից ոչ մեկը չի պատասխանում բուն հարցին. այս կոնֆրոնտացիոն կամ ինտեգրացիոն լուծումներն իրականացնելու ինչպիսի՞ բանաձեւ պետք է որդեգրի մեր հանրույթը, որպեսզի պետության «ներքին ուժի» մեծացման միջոցով դառնա ինքն իր պատմության տերը, այսինքն՝ իր զարգացման ու հզորացման գործընթացի արագացումով ծրագրավորի սեփական քայլերը՝ արտաքին միջավայրում: Ավելին, վերջին տարիների ընթացքում արձանագրվում է անգամ մեր ներկա սահմանափակ հնարավորությունների կրճատման վտանգավոր միտումը եւ միաժամանակ՝ հարեւան երկրների ռեսուրսային տնտեսությունների ու բնակչության սպառնալից դարձող աճը:

Եթե հաշվի առնենք մեր հարավային երկու հարեւաններից յուրաքանչյուրի մոտ առաջիկա 20-25 տարիների ընթացքում սպասվող՝ մոտ 100-ական միլիոն բնակչությունը /Իրանի նախագահ Մ. Ահմադինեջադը նախատեսում է անգամ՝ 120 մլն/ եւ մեր հակառակորդ Ադրբեջանի նավթա-գազային տնտեսության ու բնակչության քանակական աճի միտումը, որը հանգեցնում է առաջիկա 1-2 տարվա կտրվածքով այնտեղ ծրագրավորվող՝ 6 միլիարդանոց պետական բյուջեի եւ 1 միլիարդանոց ռազմական բյուջեի միջոցով մեզ պայմաններ թելադրելու անսքող փորձին, ապա ակնհայտ կդառնա, որ Հայաստանի անկախացումից հետո մեզ առաջարկվող բոլոր լուծումները պարզապես մեռնողին սփոփելու համար մատուցվող՝ հաղթողական կամ ինտեգրացիոն պատրանքներ են: Իրականում սոսկ ձեւով միմյանցից տարբերվող այս լուծումները շարունակում են բխել հազարամյա գոյաբանական ճգնաժամի ընթացքում արդեն մեր ուղեղի մեջ արձանագրված այն սեւեռուն գաղափարից, որ մեր դժբախտությունների մեջ մեղավոր են «չար հարեւանները», որոնց կա՛մ պետք է հաղթել, կա՛մ էլ հաշտվել՝ արտաքին ինտեգրացիոն տարածության մեջ մտնելու, այսինքն՝ «բարի հարեւաններ» գտնելու միջոցով: Մինչդեռ, «չար հարեւաններին» հաղթելու համար մեր հնարավորությունները սահմանափակվում են, իսկ ցանկացած ինտեգրացիոն տարածություն մեջ փոխվում են սոսկ մրցակցության բնույթը, ձեւերն ու եղանակները, այսինքն՝ «չար հարեւաններին» փոխարինելով «բարի հարեւաններով», մենք պարզապես փոխելու ենք մրցակցային միջավայրը: Իսկ նման միջավայրին համապատասխանող ներքին զարգացման ազդակների բացակայության պայմաններում տանուլ ենք տալու եւ՛ հաղթողական կեցվածքներն ու դրանց վրա հիմնվող կոնֆրոնտացիոն մտայնությունը պահպանելու եւ՛ որոշակի ինտեգրացիոն տարածության մեջ ներառվելով՝ ավելի բազմաքանակ ու հարուստ հարեւանների հետ բաց սահմաններ ունենալու պարագայում:

Այսպիսով, առաջին, երկրորդ եւ երրորդ հանրապետությունների քաղաքական փորձից մակածված՝ այս պարզունակ լուծումները, շարունակելով մեր ժողովրդին ու պետությանը բաժին ընկած հազարամյա գոյաբանական ճգնաժամի արդյունքում սեւեռուն գաղափարի վերածված՝ սեփական դժբախտության պատճառները իրենից դուրս փնտրելու մտայնությունն ու գործելակերպը, ներկայումս այդ ամենը տեղափոխել են պետական համակարգից ներս՝ Հայաստանի երրորդ հանրապետությունը դարձնելով ձեւով միայն իրարից տարբերվող՝ ազգայնական կամ ժողովրդավար մարգինալների կողմից փոխեփոխ վերահսկվող պետություն – ռեզերվացիա, որը աշխարհից մեկուսացած հնդկացիների նման կա՛մ հպարտանում է իր փառավոր անցյալի մասին հիշեցնող «փետուրներով», կամ էլ՝ ընդհակառակը, այդ նույն հնդկացիների նման սկսում է զբաղվել սեփական ներքին էության մեջ դեռեւս չտարրալուծված «համամարդկային ստանդարտները» ծիծաղելի կերպով կապկելով: Մեր քաղաքական վերնախավի այս երկու շերտերին բնորոշ ազգային սնափառության կամ էլ՝ ընդհակառակը՝ ազգային նիհիլիզմի տարբերությունը հնդկացիներից կամ պապուասներից միայն նրանում է, որ մենք, իսկապես, ժամանակին կանգնած ենք եղել քաղաքակիրթ աշխարհի մակարդակին, սակայն մեր կեցության ու գիտակցության կոնսերվացված արխաիզմի ծանր բեռը՝ հայկական ֆենոմենը այսօր խանգարում է մեր վերադարձին դեպի մեր իսկ կողմից ժամանակին գեներացված՝ նույն եվրոպական արժեհամակարգը:

Քաղաքակրթական առումով օտար արտաքին միջավայրի հանդեպ ձեւավորված յուրահատուկ-հայկական ինքնապաշտպանական ռեակցիայի երկարաձգման հետեւանքով չենք կարողանում մեր անհատական նպատակներն ու ձգտումները կառուցվածքայնացնել որպես հասարակության հավաքական շահեր ու պետության գիտակցված պահանջմունքներ:

Այդ պատճառով, ներկայումս Հայաստանում ծավալվող քաղաքական ու տնտեսական գործընթացները ընթանում են ժողովրդի ճնշող մեծամասնության անտարբերության պայմաններում: Պետությունն ու հասարակությունը հայկական ֆենոմենի կրողը հանդիսացող մեր ժողովրդի համար ինչ-որ անհասկանալի ֆետիշներ են, որոնց մեջ նա փնտրում, բայց չի գտնում իր անհատականության դրական ներուժի դրսեւորման հնարավորությունները: Բնական է, որ պետության գլուխ կանգնած անձանց անհատական շահերն ու ձգտումները նման պայմաններում սխալմամբ նույնացվում են պետության ու հասարակության հավաքական պահանջմունքների հետ: Ժողովրդի գիտակցության մեջ ձեւավորվում ու իրար են փոխարինում «Լեւոնի պետությունը», «Ռոբերտի պետությունը» եւ այլ իռացիոնալ մտակաղապարներ, կամ էլ պետականության պայմաններում գործառնական առումով տոտալիտարիզմ ծնող կարգախոսի վերածվող՝ «ազգային միասնության» մասին դատարկ խոսքեր: Դատարկ, որովհետեւ պետության պայմաններում իրական ազգային միասնությունը դա քաղաքացիական հասարակությունն է, որը պետությունից անկախ հասարակական ինստիտուտների ու հարաբերությունների համակարգ է, ինչը կոչված է ապահովելու առանձին անհատների ու նրանց կոլեկտիվների ինքնադրսեւորման հնարավորությունները: Արդյունքում մեզ մոտ չի գործում ո՛չ մասնավորից դեպի ընդհանուրը տանող՝ ինդուկտիվ մտածողությունը, որի հիմքը քաղաքացիական հասարակությունն է, եւ ո՛չ էլ ընդհանուրից դեպի մասնավորն իջնող՝ վարչա-հրամայական ուղղահայացը, որը ներկայումս դրսեւորվում է կեղծ-ազգային մտակաղապարներով մեր ժողովրդին խաբող «հոմո սովետիկուսներին» բնորոշ՝ պարզունակ ու խիստ արխաիկ տոտալիտարիզմի տեսքով:

Արդյունքում՝ մենք այսօր չունենք ո՛չ իր իրավունքների համար պայքարող գիտակից քաղաքացիների մեծամասնություն եւ ո՛չ էլ ընդհակառակը՝ բռնապետին ենթարկվելուն պատրաստ հնազանդ-ագրեսիվ մեծամասնություն: Առաջինի ձեւավորումը կասեցվում է «ազգային» դիմակի տակ թաքնված Հայաստանի 100 տոկոսանոց «հոմո սովետիկուս» ղեկավարների կողմից, իսկ երկրորդի կառուցվածքայնացման համար հայի ֆենոմենին բնորոշ անհատականությունը գոնե 1 տոկոսի հնարավորություն չի ստեղծում: Մեր մեծամասնությունը վառ ինդիվիդների անկրկնելի խճանկարն է, այսինքն՝ «մենքը» որպես այդպիսին իրականում հայ անհատն է, իսկ հայ հավաքականություն՝ հասարակություն կամ պետություն կոչվող հասկացությունները գոյություն ունեն սոսկ գիտակցությունից օտարված ինստիտուտների, բայց ո՛չ հավաքական մտքի եւ հավաքական գործերի մակարդակի վրա։ Ուրեմն՝ կամ մենք կդառնանք այդ «անհատների պետությունը», կամ էլ վերջին անգամ պարտվելով մեր հարեւանների հետ մրցակցության մեջ, կիջնենք պատմության թատերաբեմից:

Իսկ մտածել այն մասին, որ վստահության ցածր մակարդակ ունեցող մեր ինդիվիդուալիստա-ֆամիլիստական հասարակությունը կարող է հաղթահարել իրեն համակած դեմոգրաֆիական ճգնաժամը՝ կլանային համակարգի պահպանման պայմաններում իրականացվող արտաքին ֆինանսա-տնտեսական ներարկումների միջոցով, նշանակում է նվազագույնը՝ լինել անգրագետ, քանի որ ի՞նչ նշանակություն կարող է ունենալ այդ ներարկումների չափի մեծացումը, երբ տվյալ համակարգը կառուցված է ոչ թե հասարակության առանձին բջիջների՝ անհատ-քաղաքացիների, այլ նրանցից օտարված մարդկանց մի փոքր խմբի՝ նույնպես ինդիվիդուալիստա-ֆամիլիստական ձգտումների բավարարման սկզբունքի վրա:

Ներկայումս դրա ամենավառ օրինակը հայկական ֆենոմենի մեջ առկա ֆամիլիստական ավանդույթների դրսեւորումը հանդիսացող՝ մեծ ծավալի արտասահմանյան տրանսֆերտների յուրացումն է մի փոքր խմբի կողմից՝ դոլարի կուրսը գցելու միջոցով: Թող ծաղկի հայի ֆենոմենը՝ արտասահմանում եւ մեզ ուղարկեն ոչ թե 1 կամ 2, այլ 10 միլիարդ դոլար, միեւնույն է, այն յուրացվելու է, որովհետեւ պետություն հասկացությունը վերածվել է մի խումբ մարդկանց գրպանի:

4.Հայկական ֆենոմենի գաղտնիքը

Պետության ու նրա ողնաշարը կազմող նախարարական տների գերակշիռ մասի ոչնչացումից հետո հայ ժողովուրդն ունեցել է միայն մի խնդիր՝ գոյատեւել որպես որոշակի հավատի պատկանող անհատներ, որոնք իրենց ներսում պահպանել են թշնամական շրջապատում կիրառման դաշտ չունեցող մեր ժողովրդի հսկայական քաղաքակրթական ներուժը: Անգամ Եկեղեցին հայ անհատի համար «հոգեւոր տուն» է եղել միայն հիշողության պահպանման, բայց ո՛չ դեպի ապագան ուղղված հավաքական ձգտումների բյուրեղացման առումով: Մնացած բոլոր բնագավառներում հայ անհատների առջեւ կանգնել է միայն նյութական բարեկեցության խնդիրը, որը դիտվել է իբրեւ տվյալ ներփակ տեսակի ինքնավերարտադրությունն ապահովելու հնարավորություն։ Այսինքն՝ հայ անհատը դարձել է մի յուրահատուկ «անհատ-պետություն», որի արտաքին սահմանները ընտանիքից այն կողմ չեն անցել, իսկ ահա «ներքին սահմանները» չափազանց լայն ու խորն են եղել ու աստիճանաբար իրենց մեջ են ներառել մարդ-արարածին բնորոշ բոլոր դրական ու բացասական հատկանիշների հակադիր ծայրահեղությունները, որոնցից առաջինը գործել է անհատական շահի իրացման, իսկ երկրորդը՝ հավաքական շահի բացասման տիրույթում: Արդյունքում առաջինը ձեւավորել է հայի հզոր անհատականությունը, իսկ երկրորդը՝ ոչ պակաս հզոր անհատապաշտությունը: Առաջինը ապահովել է այլ անհատների հետ գոյության կռվում անհատապես հաղթելու եւ վերապրելու հնարավորությունները, իսկ երկրորդը՝ բացառել է իր նմանների հետ միավորվելու եւ հավաքական շահը հետապնդելու ազգային կամ սոցիալական բանաձեւերը։ Արդյունքում հային բնորոշ անհատականությունը դարձել է «անհատապես հաղթելու գիտություն», իսկ ահա հային նույնքան բնորոշ անհատապաշտությունը դարձել է որպես հավաքականություն անընդհատ պարտություններ կրելու հազարամյա տրամաբանություն: Որպես նույն ֆենոմենի առկայության ներկա ամենապարզունակ, բայց անվիճելի ապացույց, կարելի է հիշատակել անհատական մի շարք մարզաձեւերում Հայաստանի մարզիկների կողմից անընդհատ ձեռք բերվող հաջողությունները եւ թիմային մրցումներում արձանագրվող խայտառակ պարտությունները: Անգամ շախմատն այս առումով բացառություն չէ, քանի որ թիմային մրցումներում եւս հայ շախմատիստը իր նմանին հաղթում է միայն ու միայն՝ անհատական մրցավեճում:

Ուրեմն՝ հայի որպես տեսակի հավաքական նպատակների աստիճանական ձեւավորման գործընթացը հնարավոր չէ սկսել նրան որեւէ ազգային կամ համամարդկային նպատակով «վարակելու», այսինքն՝ «թիմի» ձեւավորման միջոցով։ Թե՛ առաջինը եւ թե՛ երկրորդը միշտ եղել են եւ ապագայում եւս կդառնան միայն փոքրամասնության սեփականությունը։ Ուրեմն՝ քանի դեռ չենք գտել հայի անհատականության առավելությունը հայի անհատապաշտության թերությունից սահմանազատելու քաղաքական տեխնոլոգիաները, մեր անհատական հաղթանակները դառնալու են հավաքական պարտություններ: Իսկ նման տեխնոլոգիաները նորից հայտնաբերելու կարիք չկա, քանի որ արդի գիտությունը, մանավանդ վերջին 20 տարիների ընթացքում՝ ԽՍՀՄ փլուզման դարաշրջանում եւ նրանից անմիջապես հետո, աննախադեպ վերելք ապրած սոցիալական հոգեբանությունն ու տնտեսագիտությունը վաղուց արդեն գտել են համապատասխան լուծումները:

Անհատականության առավելությունն օգտագործելու եւ այն անհատապաշտության թերությունից սահմանազատելու բանալիները գտնվում են նախ՝ մեր ներկա վերնախավի մոտ դեռեւս իշխող տոտալիտարիստական մտածողության անպայման ու անվերապահ հաղթահարման մեջ, որն իր վարչա-հրամայական ուղղահայացի միջոցով Հայաստանում ճնշում ու ոչնչացնում է հայի անհատականությունը: Դրան պետք է հետեւի հաջորդ քայլը, այսինքն՝ ներփակված ատոմ հիշեցնող հային բնորոշ հզոր, հիրավի՝ ատոմային էներգիան ոչ թե իր նմաններին բացասելու՝ անհատապաշտության, այլ անհատականության զարգացումն ապահովող քաղաքական, տնտեսական ու հոգեւոր-մշակութային սկզբունքորեն նոր՝ հորիզոնական դաշտի ձեւավորման մեջ:

Մեր «հոգու բանալին» յուրաքանչյուր անհատի համար իր անհատական շահի իրացման անհատական հնարավորության ապահովման առաջադրանքն է: Իսկ հայ մարդկանց մեծամասնության համար գերակա անհատական շահը նախ եւ առաջ՝ անհատական բարօրության հասնելու հզոր ձգտումն է իր բոլոր՝ նյութական ու հոգեւոր բաղադրիչներով:

Այս «բանալիով» է միայն հնարավոր բացել նաեւ մեզ հարազատ քաղաքակրթական միջավայր վերադարձի «դարպասները», քանզի մեզանում «եվրոպական ստանդարտները» չեն ընկալվում հավաքական շահի պրիզմայով։

Անկախ նրանից, թե մարդկային համակեցության ո՛ր նորմով ենք փորձում առաջնորդվել այսօր, միեւնույն է, հայ ժողովրդի ճնշող մեծամասնությունը օտարվում է նրանից: Իսկ դա ընդունում է արտագաղթի տեսք, որի շնորհիվ հայը հայտնվում է անհատապես բարգավաճելու առավել բարենպաստ հնարավորություններ ապահովող միջավայրում: Լավագույն դեպքում այս օտարումը վերածվում է հայրենիքում սեփական սահմանափակ խնդիրների մեջ ներփակվելու ձգտման, այսինքն՝ նոր, այս անգամ՝ «սեփական սելջուկներից» պաշտպանվելու մեխանիզմի, ինչի հետեւանքով ֆեոդալականանում է ոչ միայն ներկա «հոմո սովետիկուսներից» բաղկացած մեր վերնախավը, այլեւ նրանից պատնեշվող եւ սեփական հայրենիքում անգամ՝ որպես համայնք գոյատեւող հասարակությունը:

Ուրեմն՝ քաղաքակրթական հզոր ներուժ ունեցող հայի ֆենոմենի բացահայտման ճանապարհը անհատականության զարգացման հնարավորությունների մեծացման միջոցով հայ մարդու բարգավաճման՝ անհատական ու Հայաստանի բարգավաճման՝ հավաքական նպատակների աղաղակող հակասության հաղթահարումն է՝ սեփական հողի վրա:

Դա կբերի Հայաստանի զարգացման տեմպերի կտրուկ արագացմանը, որովհետեւ անհատների էներգիան կուղղվի ոչ թե առկա ինստիտուտների միջոցով մարմնավորվող՝ հավաքական նպատակներին հակադրվելու, այլ անհատական բարգավաճման սեփական իդեալը կյանքի կոչելու նպատակին: Միայն նման եղանակով է, որ առաջին, երկրորդ եւ երրորդ հանրապետությունների գոյության ողջ ժամանակամիջոցում անզոր ձեւով պտույտներ գործող՝ մեր պարզունակ ու մակերեսային կոնֆրոնտացիոն եւ ինտեգրացիոն մտայնությունները ձեռք կբերեն անհրաժեշտ հենարաններ՝ դառնալով սոսկ արտաքին-քաղաքական մարտավարության բաղադրատարրեր:

Ուրեմն՝ երկրի ներքին զարգացման ու հզորացման խորքային «բանալին» գտնվում է ոչ թե ուժեղ պետության, այլ ուժեղ անհատներից բաղկացած պետության ձեւավորման սպեցիֆիկ-հայկական իդեալի կենսագործման տիրույթում:

Այսպիսով, Հայաստանը 1000 տարի առաջ կտրվելով եվրոպական-քրիստոնեական քաղաքակրթական միջավայրից, նրան կրկին արագորեն, բայց մեխանիկորեն ինտեգրվելու ճանապարհ չունի: Ինտեգրման ճանապարհն անցնում է այդ ժամանակներից մնացած մեր քաղաքակրթական հզոր սաղմի՝ անհատի մեջ պարփակված հայկական ֆենոմենի բացահայտման միջով: Իսկ սրա ելակետային պայմանն այսօր հայի անհատի լիարժեք դրսեւորմանն ու զարգացմանն անհրաժեշտ բոլոր պայմանների ստեղծումն է՝ հայրենի հողի վրա: Ինտեգրման տեմպերի արագությունը եւ ինտեգրման մեթոդաբանությունը պետք է հիմնվի ո՛չ թե մեր բացակայության շրջանում քաղաքակիրթ աշխարհում մի քանի դար շարունակ կուտակված արժեքների ու կայացած ինստիտուտների մեխանիկական պատճենման, այլ վերջիններիս առաջացման հիմքը դարձած՝ անհատի ազատ գործունեությունն ապահովող միջավայրի ձեւավորման միջոցով:

Ուրեմն՝ անհատի ազատության սկզբունքի վրա հիմնվող անհատական բարեկեցության իդեալը ոչ միայն Հայաստանի հզորացման բանալին է, այլեւ նրա եվրոպական ինտեգրման նախապայմանը:

Անհատական բարեկեցության իդեալը ամենաազգային գաղափարն է հայ ժողովրդի ճնշող մեծամասնության համար, իսկ այն հիմնավորող լիբերալիզմը՝ իրականում ամենաազգային գաղափարախոսությունը, քանի որ ազգը հայրենիքում հավաքելու մտադրության մասին բոլոր վեհ կարգախոսները եղել ու մնալու են դատարկ խոսքեր այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանում հայ անհատը չի օգտվում իր անհատական բարեկեցության իդեալի իրացման հնարավորությունից, այսինքն՝ մեզանում չի գործում «ոչ մի տեղ հայը չունի բարեկեցիկ ապրելու այնքան մեծ հնարավորություններ, որքան Հայաստանում» սկզբունքը:

5. Դիֆերենցված բազմազանության ապահովման առաջադրանքը

Հարց է առաջանում. այս ամենն, իհարկե, սկզբունքորեն միանգամայն ընդունելի է, բայց ձեւավորված արատավոր համակարգի հաղթահարումից հետո, որը կարծում եմ մոտ ժամանակների խնդիր է, մեր երկրում հնարավո՞ր է իրականություն դարձնել նման իդեալը, երբ չունենք անհրաժեշտ ռեսուրսներ եւ բացի դրանից անհատական բարեկեցության ապահովման խնդիրը ինչ-որ հանգրվանում բերում է նաեւ մեզանից յուրաքանչյուրի անհատական շահերի կոլիզիայի ձեւավորմանը, այսինքն՝ փոխադարձ բացասմանը: Ավելին՝ նման պայմաններում պետության գլուխ կանգնած մեկ կամ մի քանի անհատների շահերի իրացումը հանգեցնում է մյուսների մեխանիկական դուրսմղմանը՝ արտագաղթին: Թվում է, թե բավական է ստեղծել հավասար մրցակցային հնարավորություններ, այսինքն՝ տնտեսության ու քաղաքականության մեջ հաստատել քաղաքակիրթ խաղի եվրոպական կանոնները եւ ամեն ինչ իր տեղը կընկնի: Սակայն, անգամ նման պարտադիր ու անհրաժեշտ պայմանների ապահովումը եւ դրանց գումարած՝ որակական ռեսուրսների վրա հիմնվող տնտեսական համակարգի ձեւավորումը, որը նույնպես խիստ կարեւոր է, լավագույն դեպքում կարող են հանգեցնել մրցակցային միջավայրին անհրաժեշտ՝ նախնական «սպիտակ թղթի» ձեւավորմանը: Խնդիրը նրանում է, թե ի՞նչ է գրվելու նրա վրա։ Որովհետեւ այս նախնական պայմանների կատարումը կդանդաղեցնի, բայց չի կասեցնի արտագաղթը՝ Հայաստանի հայաթափումը, քանի որ դրանից հետո էլ մեր երկրի ներսում տաղանդավոր հայ անհատների միջեւ մրցակցությունը կլինի ավելի ուժեղ, քան այլ երկրներում:

Մինչդեռ, մեզ հարկավոր է ոչ միայն զարգանալ, այլեւ այնպես կենտրոնացնել հայությանը սեփական տարածքներում, որ առաջիկա 20-25 տարիներին ապահովենք գոնե՝ 5-6 միլիոն ազգաբնակչություն: Որպեսզի դիմանանք մրցակցությանը, պետք է կարողանանք նաեւ ներկայումս բնակչության մեկ շնչին ընկնող տարեկան մոտ 1000 դոլարի եկամուտները 20-25 տարի հետո հասցնել տարեկան նվազագույնը՝ 10, առավելագույնը՝ 15 հազար դոլարի: Ի վերջո, ցանկացած երկրի բարգավաճման ամենաանվիճելի ցուցանիշը նրա բնակիչների թվաքանակի ավելացումն է, իսկ երկրորդը՝ նրանցից յուրաքանչյուրին բաժին ընկնող հարստության չափը:

Ուրեմն՝ մեր խնդիրը շատ ավելի բարդ է եւ իր մեջ ներառում է զարգացման ու առաջադիմության հայկական մոդելին անհրաժեշտ՝ երկակի խնդիրների լուծում, որոնց առանցքային նպատակը պետք է լինի հ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել