Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԼՈՌԵՑՈՒ ԱՐԴԱՐԱՑՈՒՄՆԵՐ

Նոյեմբեր 10,2006 00:00

Վանաձորի «Միգ» հեռուստաընկերության տնօրեն Սամվել Հարությունյանը չի դադարում պնդել, թե ինքը որեւէ խախտում չի արել՝ եթեր չհեռարձակելով «Օրինաց երկրի» նախագահ Արթուր Բաղդասարյանի հարցազրույցը, եւ հակառակը՝ դեռ կանխել է օրինախախտումը:

Նման առաջին պնդումը նա արեց դեռ հոկտեմբերի 6-ին՝ ՕԵԿ հայտարարության հաջորդ օրը: «Ա1+»-ին պատճառաբանեց, թե չի հրաժարվել Արթուր Բաղդասարյանի հարցազրույցը եթեր տալուց, այլ առաջարկել է մոնտաժել, քանի որ, իր կարծիքով, նրա ասածների մի մասը կոռեկտ չէր եւ դրանց հեռարձակումը կհակասեր «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքին: Խոսքը մասնավորապես Լոռու մարզպետ Հենրիկ Քոչինյանի վերաբերյալ ՕԵԿ նախագահի պնդումների մասին է: Սակայն «Ա1+»-ը դեռ այն ժամանակ նկատեց, թե ՕԵԿ-ը վճարել էր հարցազրույցի հեռարձակման համար, եւ եթե «Միգ»-ն այն նախատեսում էր հեռարձակել «Վճարովի եթեր» լուսագրով, ապա ըստ օրենքի՝ ազատվելու էր ՕԵԿ նախագահի ասածների համար պատասխանատվությունից: Այդ ժամանակ Սամվել Հարությունյանը փոխեց մարտավարությունը եւ արդեն Երեւանի մամուլի ակումբին հայտնեց, թե հարցազրույցում պարունակվում էր քաղաքական ակնհայտ քարոզչություն, ինչը հեռարձակելու համար «Միգ»-ը կարող էր տուգանվել, ինչպես նախատեսված է «ՀՌԱՀ կանոնակարգ» օրենքի 79 հոդվածով: Այդ ժամանակ էլ ԵՄԱ-ն հակաճառեց նրան, թե հոդվածը, որին հղում է անում Սամվել Հարությունյանը՝ վերաբերում է ընտրությունների եւ հանրաքվեների մասին ՀՀ օրենսդրությամբ քարոզչության համար արգելված ժամանակահատվածում քարոզչական բնույթի հաղորդում հեռարձակելուն: Մինչդեռ «Ընտրական օրենսգրքի» 28 հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ միայն քվեարկության եւ նրան նախորդող օրն է արգելվում նախընտրական քարոզչությունը: Այսինքն՝ վերոհիշյալ հոդվածն այս պահին խոչընդոտ չէ եթերում քարոզչական բնույթի հաղորդումների հեռարձակման համար: Ինչից էլ լայնորեն օգտվում են «Բարգավաճ Հայաստանը», ՄԱԿ-ը, ՀՀԿ-ն եւ այլ իշխանական կուսակցություններ: Օգտվում են նաեւ այն մարդիկ, որոնք Վանաձորի, Գյումրու, Մարտունու, Հրազդանի եւ մարզային այլ հեռուստաընկերություններով սեւ քարոզչություն են իրականացնում ՕԵԿ-ի դեմ: Իսկ բոլոր պատճառաբանությունները, որ մինչ այժմ ներկայացրել են վանաձորցի լրագրողները՝ արդարացնելու համար ընդդիմադիր կուսակցությանը եթեր չթողնելը շա՜տ մեղմ ասած՝ համոզիչ չեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել