Լրահոս
Օրվա լրահոսը

«Փակագիծը» փակվեց, հետո բացվեց

Նոյեմբեր 10,2006 00:00

Երեկ ԴԱՀԿ-ն առգրավել էր թերթի ու համանուն ակումբի ողջ գույքը, բայց հետո այն վերադարձրել էր

Երեկ օրվա երկրորդ կեսին «Փակագիծ» թերթի գրասենյակ են այցելել ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության աշխատակիցներն ու խմբագրատան աշխատակիցների նկատմամբ բռնության կիրառմամբ՝ կոպտելով օրաթերթի լրագրողներին ու հրելով գլխավոր խմբագրին, հաշվառել ու առգրավել են թերթի ու «Փակագիծ» ակումբի գույքը:

Թերթի խմբագիր Ագապի Հայկազունին դրա մասին իմացել է ԱԺ-ում գտնվելու պահին: Նրա փոխանցմամբ, ԴԱՀԿ աշխատակիցներից՝ ավելի քան երկու տասնյակ մարդ, ոչ մի կերպ այդպես էլ չի հաջողվել պարզել, թե ինչու կամ դատական ինչ վճռի հիման վրա են առգրավում խմբագրության գույքը: Ավելի ուշ հարկադիր կատարածուները միայն լրագրողների համառ պահանջներից հետո են ցույց տվել մի պատճենահանված փաստաթուղթ: «Ըստ նրանց ներկայացրած փաստաթղթի, ոմն Դանիել Թունյան ինչ-որ 8,5 միլիոնի պահանջ ունի «Ագապհրատ» ՍՊԸ-ից: Ես տեղյակ չեմ, դատարանի կողմից ոչ մի ծանուցագիր չեմ ստացել ու նման անունով մարդու հետ որեւէ գործարք չեմ արել, որեւէ մեկի նկատմամբ պարտավորություն չունեմ»,- երեկ հայտարարեց Ա. Հայկազունին՝ կատարվածը համարելով թերթի սուր ու որոշ չինովնիկների հասցեին ուղղված քննադատական հրապարակումների պատասխան: «Փակագիծը» փորձեց խիզախություն ցուցաբերել, փակագծերը բացել, ահա եւ արդյունքը»,- եզրակացրեց խմբագիրը՝ համարելով, որ կատարվածն ազատ մամուլի, ազատ խոսքի ոտնահարման վառ ապացույց է: Իսկ ՀՀ արդարադատության նախարարությունում վկայակոչում են Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների 1-ին ատյանի դատարանի՝ դեռ հոկտեմբերի 30-ի որոշումը, որով իբրեւ դատական հայցի ապահովման միջոց՝ արգելանք է դրվել «Ագապհրատ» ՍՊԸ-ի գույքի վրա: Իսկ ԴԱՀԿ-ն էլ, ըստ աղբյուրի, կատարողական թերթիկի հիման վրա առգրավել է ՍՊԸ-ի գույքը: Ի դեպ, Ա. Հայկազունին երեկ հրաժարվել է ստորագրել առգրավված գույքին վերաբերող փաստաթղթի տակ:

Թերթի խմբագիրը նաեւ տեղեկացրեց, որ երկու օր է, ինչ «Փակագիծ» թերթը ինչ-որ մեկը հավաքում էր կրպակներից՝ ակնարկելով, որ դա կապված է երեկ տեղի ունեցածի հետ:

Այդուհանդերձ, ոմանք կարծում են, թե կատարվածը պայմանավորված է թերթի նախկին հաստիքային աշխատակիցների՝ իրենց չվճարված աշխատավարձերը պահանջելու վերաբերյալ դատական հայցերով: «Առավոտի» հարցին ի պատասխան՝ Ա. Հայկազունին կտրականապես հերքեց այդ տեղեկությունները՝ ասելով, թե նման բան չկա, ու ինքը ոչ մեկին ոչինչ պարտք չէ:

Միջադեպին ամենաօպերատիվն արձագանքել է «Նոր ժամանակներ» կուսակցության վարչությունը: «ՆԺ»-ն, որ «խստագույնս» դատապարտել է կատարված բռնությունը, իր տարածած հայտարարության մեջ մասնավորապես նշել է, որ դա համարում է ԶԼՄ-ների դեմ ուղղված ՀՀ գործող իշխանությունների հերթական հաշվեհարդար: «Ու թեեւ «Փակագծի» դեմ կիրառված հիշյալ գործողությունը գլխավոր խմբագրին հիմնավորել են դատարանի որոշմամբ, մենք ամենեւին չենք բացառում քաղաքական պատվերի շրջանակներում դատավարություն կազմակերպելու հնարավորությունը, մանավանդ՝ եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ ՀՀ դատական համակարգն ամբողջությամբ գտնվում է գործադիր իշխանության ազդեցության ներքո»,- ասված է կուսակցության հայտարարության մեջ: «ՆԺ»-ն նաեւ ողջախոհության կոչ է արել իշխանություններին՝ պահանջելով չխաթարել ԶԼՄ-ների բնականոն գործունեությունը:

Երեկոյան Ա. Հայկազունին հայտնել էր «Առավոտին», որ ԴԱՀԿ-ի ներկայացուցիչները՝ իրեն տեղեկացնելով, թե տեղի է ունեցել թյուրիմացություն, որոշել են վերադարձնել գույքը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել