Երեկ նման տրամադրություններով փողոց էին դուրս եկել ցուցարարները
Երեկ առավոտից Երեւանի Բաղրամյան եւ Դեմիրճյան փողոցները լեցուն էին մարդկանցով: ԱԺ մուտքի մոտ հավաքվել էին Կենտրոնի, Կոզեռնի, Բուզանդի, Ֆիրդուսու եւ այլ փողոցների տուժած բնակիչները, նաեւ՝ Դալմայի այգիների սեփականատերերը, զոհված զինվորների մայրերը, այլ հարցերով պետության ձեռքից տուժածներ: Մարդիկ եկել էին ամեն գնով հակազդելու, որ արտահերթ նիստի ժամանակ պատգամավորները առաջին եւ երկրորդ ընթերցմամբ չընդունեն «Պետության կարիքների համար օտարվող տարածքների մասին» օրինագիծը, որը արդեն չորրորդ անգամ կառավարությունը համառորեն բերում է խորհրդարան:
Նախագահականի մոտ
Նախագահական նստավայրի մոտ հավաքվել էին ազգությամբ եզդի ՀՀ քաղաքացիները: Վերջիններս պահանջում էին, որ մի քանի ամիս առաջ Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի մոտ դաժանաբար սպանված իրենց հայրենակից, զինվորական ծառայության մեջ գտնվող Քյարամի սպանության գործի քննությունը իրականացվի օբյեկտիվ ու անկողմնակալ: «Մարդիկ հոռացած են, հիմա կոռուպցիան տարածված է երկրում: Ես հայտարարում եմ, որպես Հայաստանի եզդիների միության նախագահ, սա առաջին դեպքը չէ, վարչական մարմինները բազմաթիվ դեպքեր են կատարում մեր ժողովրդի նկատմամբ, հայերի նկատմամբ նույնպես, եւ վարչական մարմինները ոչ մեկին դրա համար չեն պատժում, քանի որ կոռուպցիան տարածված է երկրում: Ի վերջո, այս հարցը պետք է լուծվի ազգովին, այսպես ապրել այլեւս չի կարելի»,- «Առավոտ»-ի հետ զրույցում ասաց Հասան Թամոյանը: Նրա մեկ այլ ազգակից էլ նկատեց. «Հավասար քաղաքացի ենք, բանակում ծառայում ենք, զոռով տանում են, զոռով էլ սպանում են, մեր դարդուցավը շատ է, ոչ մեկը մեզ ազգ չի համարում, ոչ էլ հայերին են ազգ համարում, ինչ ուզում՝ անում են, սրա դեմը պետք է առնել»:
ԱԺ մուտքի մոտ
Դեմիրճյան փողոցում հավաքվածները պահանջում էին, որ պատգամավորները իրենց լսեն: Իսկ պատգամավորների իշխանական մասը տեսնելով հավաքվածներին՝ զգուշանում էին եւ խորհրդարանի տարածք էին մտնում իրենց ավտոմեքենաներով, իսկ նրանք, ովքեր չէին հասցնում մեքենաներով մտնել, ընկնում էին իրենց իրավունքների համար պայքարողների ձեռքը: Բավականին անհարմար վիճակի մեջ հայտնվեց «ՍԱՍ»ի Արտակը՝ նախկին ՕԵԿ-ական, այժմ՝ «Գործարարի» անդամ Արտակ Սարգսյանը, ում մարդիկ ուղղակի սեղմեցին իրենց կենդանի օղակում եւ դիտողություն արեցին. «Տեսնում ես՝ մարդիկ են կանգնած, պատգամավոր մարդ ես, բարեւիր, շնորհք ունեցիր»: Պատգամավորը փորձում էր ապացուցել, որ ինքը բարեւել է, բայց իր ձայնը չեն լսել: Ցուցարարները պահանջում էին, որ «Պետական կարիքների համար սեփականության օտարման մասին» օրինագիծը դրվի հասարակական քննարկման. «Լսումներ արեցին, մեր ասածները հաշվի չառան եւ հիմա ուզում են հին նախագիծը: Ժողովուրդը արդեն հասկացավ, որ իր իրավունքները խախտվում են ոչ միայն բնակտարածքների, այլեւ բոլոր հարցերում, որոշել ենք դիմել քաղաքացիական անհնազանդության»: Ցուցարարներն արդեն պատրաստել են դիմում՝ ուղղված Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնաժողովին, որը առաջիկայում կուղարկվի Ստրասբուրգ: Հավաքվածները երեկ մեզ հավաստիացրին, որ եթե խորհրդարանական մեծամասնությունը կատարի կառավարության հերթական պատվերը եւ երկու ընթերցմամբ ընդունի օրինագիծը, իրենք անժամկետ անհնազանդության շարժում կսկսեն եւ այս իշխանություններին հանգիստ չեն տա, մինչեւ վերջիններս չհեռանան: «Դուրս ենք գալու հրապարակ, վրաններ խփենք եւ պահանջենք այս իշխանությունների հրաժարականը: Եթե իրենք սա մարսեն, ուրեմն ամբողջ Հայաստանում սկսվելու է իշխանությունների կողմից ժողովրդին տնից-տեղից զրկելու եւ ոչնչացնելու համատարած գործընթաց»:
Երեկ ցուցարարներին էին միացել նաեւ արցախյան պատերազմի ազատամարտիկները: Վերջիններս խիստ վիրավորվեցին, երբ հարցրինք՝ արդյոք իրենց սոցիալական հարցերը լուծելու համա՞ր են հավաքվել. «Սա միայն սոցիալական խնդիր չի, խնդիրը, կոպիտ ասած, քաղցկեղ հիվանդության նման տարածված իշխանության դեմն առնելն է: Այս խնդիրները միայն սոցիալական չեն, սա պարզապես այն հարցն է, թե մեզնից հետո եկող սերունդներին մենք ի՞նչ ենք թողնելու: Այս իշխանությունները գնալով ավելի ու ավելի վտանգավոր են դառնում ազգի համար»,- ասաց ազատամարտիկ Մեխակ Մինասյանը: Հյուսիսային պողոտայի տուժած բնակիչ Ծովինար Դավթյանն ասաց. «Կարծում եմ, այս կառավարությունը պետք է փոխվի, միայն այն բանի համար, որ ժողովուրդը մտնի իր բնականոն հունի մեջ: Մի քանի հոգի վամպիրի նման մեր արյունը խմում են ու չեն կշտանում: Կլասիկ ձեւով մեզ խաբել են եւ մեր տները գողացել են մեզնից, թող մեր տներից դուրս գան»:
Նախորդ օրվանից իրենց իրավունքների համար պայքարողներին են միացել նաեւ խաղաղ պայմաններում զոհված զինվորների մայրերը եւ մտադիր են համատեղ պայքարել մարդու իրավունքների համար: Սուսաննա Հարությունյանը մեզ հետ զրույցում ասաց. «Անցած շաբաթ քաղաքացիական անհնազանդության կոչ արվեց մեր ժողովրդին, դրանից հետո հանրապետության բոլոր մարզերից կանայք հավաքվեցին եւ ստեղծվեց «Հայոց մայրերի շարժում» խորհուրդը, որը միացել է սեփականությունից զրկվածների շարժմանը: Մենք հասկացանք, որ առանձին-առանձին պայքարելը արդյունք չի տա, եւ միացել ենք: Մենք ուզում ենք ազատվել այս ամենաթողությունից եւ ունենալ օրենքի եւ օրինականության երկիր: Մեր այսօրվա շարժումը անհնազանդության մի ձեւ է, եւ վստահ ենք, որ մինչեւ ամսվա վերջ մեր շարժումը ավելի մեծ թափ կստանա»:
Այնուամենայնիվ, ԱԺ-ն երեկ առաջին ընթերցմամբ, 61 կողմ ձայնով, ընդունեց խնդրո առարկա օրինագիծը եւ խորհրդարանի նիստի ավարտից 10 րոպե առաջ (երեկոյան ժամը 19.50-ին) Տիգրան Թորոսյանը հայտարարեց, որ օրինագիծն ներկայացվում է երկրորդ ընթերցմամբ: