Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՊՏԱԿ՝ ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ

Նոյեմբեր 10,2006 00:00

\"\"ՆԳ նախկին նախարար, գեներալ Սուրեն Աբրահամյանի նկատմամբ մեկ ամիս առաջ իրականացված հարձակումը ոստիկանությունը մինչ այժմ չի կարողանում (կամ՝ չի ցանկանում) բացահայտել:

Հայաստանի փոխոստիկանապետ Արարատ Մահտեսյանը վերջերս Panorama.am-ին հայտնել էր, որ չեն հայտնաբերվել Սուրեն Աբրահամյանի վրա հարձակում կատարողները: «Մեծ ծավալի աշխատանք է կատարվել, հարցաքննություններ են եղել քննչական վարչությունում, համատեղ լուրջ աշխատանքներ են կատարվել, բայց դեպքը մնում է չբացահայտված»,- ասել էր պրն Մահտեսյանը, ըստ որի՝ Սուրեն Աբրահամյանի բնակավայրի շրջակա տարածքների բնակիչներն էլ են հարցաքննվել, բայց՝ ապարդյուն: Եվ փոխոստիկանապետը գործի չբացահայտման այլ պատճառներ էր նշել. «Օպերատիվությունը բաց թողնվեց: Պարոն Աբրահամյանը առաջին երկու օրը չկարողացավ ցուցմունքներ տալ»: Մահտեսյանի ասածներից թղթակիցը բխեցրել էր, որ Սուրեն Աբրահամյանն ինքն է մեղավոր, քանի որ անմիջապես ցուցմունք չի տվել, ու ոստիկաններն էլ չեն կարողանում բացահայտել գործը, չնայած կատարած ահռելի, տիտանական աշխատանքին:

Սուրեն Աբրահամյանն այս կապակցությամբ «Առավոտին» պատմեց հետեւյալ անեկդոտը. «Մեկի տանը գողություն է լինում: Ոստիկանը գալիս ու առաջին հերթին՝ ասում է տուժողին. «Լսի, այ խիղճդ կորցրած, էս դո՞ւռ է, որ դու դրել ես: Դրա համար էլ քո տանը հա՛ գողություն կլինի»: Տուժողն ասում է՝ ներողություն, դուռը կփոխեմ: Ոստիկանը հետո ասում է՝ «Հիմա՛ր, բա սենց պատուհա՞ն կարելի է պահել: Բա էս պատուհանով ո՜վ ասես ներս կմտնի»: Տուժողն էլի ներողություն է խնդրում: Ոստիկանը սրան հա՛ դիտողություն է անում, տուժողը վերջը համարձակություն է հավաքում ու հարցնում. «Ներողություն, ընկեր պետ: Էդ գողը հե՞չ մեղավոր չի»: Համեմատելով այս իրավիճակը Հայաստանի փոխոստիկանապետի ներկայացրած պատճառաբանության հետ՝ ՆԳ նախկին նախարարը նաեւ հեգնեց. «Եթե զուտ մասշտաբային աշխատանք ցույց տալու խնդիր կա՝ մեր փողոցը մի քիչ փոքր է նման ծավալի գործունեության համար. ավելի լավ կլիներ՝ Կիեւյան փողոցի բոլոր բնակիչներին հարցաքննեին կամ, գուցե՝ ամբողջ Արաբկիր համայնքը»:

Իսկ ավելի լրջորեն անդրադառնալով իր նկատմամբ իրականացված հարձակման բացահայտման փորձերին՝ պրն Աբրահամյանն ասաց. «Մահտեսյանը երեւի այնքան անտեղյակ է, որ չգիտի՝ առաջին իսկ վայրկյանից ինձ օգնություն ցույց տվողը եւ, ինչու չէ՝ փրկողը եղել է ոստիկանության մայոր, այն էլ՝ կենտրոնական ապարատի աշխատող: Աբրահամյանի ցուցմունք տալ կարողանալ-չկարողանալը, ուզել-չուզելն ի՞նչ կապ ունի այս ամենի հետ: Անկեղծ ասած, գործի բացահայտման առնչությամբ չեմ ուզում լոկ քննիչին կամ օպերատիվ աշխատողին մեղադրել, քանի որ նրանք այս ամբողջ գործընթացում ընդամենը կատարողներ են՝ ինչ ջանասիրությամբ էլ աշխատեն: Սակայն հիմա ե՛ս եմ ուզում հարցեր տալ: Գոնե մեկ անգամ այս դեպքը քննարկվե՞լ է որեւէ պաշտոնատար անձի մոտ: Նախարարի, փոխնախարարների կամ գոնե Երեւանի քաղաքային վարչության ղեկավարությունից ո՞ր մեկն է հսկողության տակ առել այս գործը: Տարրական բաներ են, որոնց կարեւորությունը ես եւ պրոֆեսիոնալները կարող ենք հասկանալ»:

Ըստ Սուրեն Աբրահամյանի՝ այս հարձակման հասարակական հնչեղությունը թեեւ մեծ է, բայց հետաքննությունը վարվում է «շատ մեղմ»՝ ծեծի հոդվածով. «Շրջանակները ճշտելու եւ ինձ հետ միասին՝ այդ գործը բացահայտելու համար, անկեղծ ասած, շատ քիչ ջանք է պահանջվում: Չնայած, եթե Աստծո օգնությամբ՝ քաղաքացիները նույնիսկ հաջողեին այդ հանցագործներին բռնել, 100 տոկոսով համոզված եմ, որ վաղը-մյուս օրը պատվիրատուն էլ կգտնվեր: Զուտ քաղաքական պատասխանատվությունից խուսափելու համար՝ բոմժի կարգավիճակով մեկն ինքնակամ կներկայանար ու հանձն կառներ, թե ինքն է՝ վրդովված լինելով, ասենք՝ վարչապետի մասին իմ ասածից, պատվիրել այս ամենը: Այս սցենարով բացահայտված գործեր, նույնիսկ սպանության մակարդակի՝ շատ ունենք, չէ՞: Հայաստանն այն միակ երկիրն է, որտեղ պատվիրատուները երբեմն-երբեմն, այն էլ՝ իշխանությունների պարտադրանքով, ներկայանում են մեղայականով: Իսկ ընդհանրապես՝ կրիմինոլոգիայի պրակտիկայում նման դեպքերը բացառիկ են: Իմ դեպքում էլ կարող էր այդպես լինել»:

Գեներալը դարձյալ պնդեց, թե կատարվածն իր համար, ֆիզիկականից բացի՝ առավել բարոյական ցավ է. «Բայց այդ ապտակով ինձ այդքան վնաս չտվեցին, որքան ամբողջ համակարգին՝ սրա դառը պտուղներն իրենք են իրենց մաշկի վրա զգալու վաղը-մյուս օրը: Չնայած՝ մինչեւ ինձ էլ շատ դեպքեր են եղել, երբ ոստիկանության համակարգի նույնիսկ գործող աշխատակիցներին են ծեծել, սպանել եւ անպատիժ մնացել՝ մեկ տարի հետո հայտնվել ազատության մեջ: Իմ պարագայում առկա է ՀՀ ոստիկանության ղեկավարության ընդգծված բացասական վերաբերմունքն անձիս նկատմամբ, սակայն նրանք չեն պատկերացնում, որ նախադեպ են ձեւավորում: Եվ այս ամենն իրենց առջեւ է գալու՝ համակարգի նկատմամբ քրեական տարրերի ավելի ազատ գործելու իմաստով»:

Սերժ Սարգսյանը օրերս պատասխանել էր դիտարկմանը, թե Սուրեն Աբրահամյանի հետ կատարվածը երրորդ ուժի կողմից է կազմակերպված: Նրա պնդումներին Սուրեն Աբրահամյանը խոստացավ անդրադառնալ առաջիկայում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել