Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ԻՆՁ ՓՐԿԵՑ ԻՄ ԺՈՂՈՎՐԴԻ ՍԵՐԸ»

Նոյեմբեր 09,2006 00:00

\"\"Ասում է ժողովրդական երգչուհի Նաիրուհի Ալավերդյանը, ով 1995-ին տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով առժամանակ զրկվեց քայլելու կարողությունից, սակայն այսօր պատրաստվում է թողնել ոչ միայն շարժասայլակը, այլեւ ձեռնափայտերը:

Երգչուհին բուժվում է Հայկական Կարմիր խաչի ընկերության «Գրացիա» հետվնասվածքային վերականգնողական կենտրոնում:

Ինչպես միշտ գեղեցիկ, հմայիչ, կանացի, կենսուրախ եւ հավերժ երիտասարդ Նաիրուհի Ալավերդյանը, չնայած ճակատագրի հարվածներին ու փորձություններին, կյանքի ու աշխարհի հետ ապրում է հաշտ ու խաղաղ, հավատով ու լավատեսությամբ. «Ես թռիչքի մեջ ապրած մարդ եմ, լի` հարուստ կյանքով ու կենսագրությամբ: Սակայն փորձություններն ինձնից հեռու չեն եղել. կորցրել եմ դստերս, այնուհետեւ՝ ամուսնուս: Թվում էր, թե ես այլեւս չեմ կարող երգել: Բայց ինձ փրկեցին իմ արվեստակից ընկերները: Ալեքսեյ Հեքիմյանն այն մարդն էր, ով ինձ կարողացավ նորից բեմ բարձրացնել, հավաստելով, որ հանդիսատեսը սպասում է ինձ, իսկ ես չեմ կարող նրան հուսախաբ անել: Ու կրկին բեմ բարձրացա: Իսկ ավտովթարից հետո` երբ նոր էի վիրահատվել եւ դեռ հիվանդանոցում էի, մայրս նամակ գրեց եւ ասաց, որ ժողովուրդը ամեն օր հարցնում է իմ մասին, սպասում մեր հանդիպմանը: Ես դարձյալ համոզվեցի, որ ես նրա առաջ ունեմ պարտավորություն, ես պետք է երգեմ: Եվ կրկին ինձ փրկեց այդ սերը: Ու ես նորից բեմ բարձրացա, այս անգամ՝ շարժասայլակով: Շատ հուզիչ էր իմ ու հանդիսատեսի հանդիպումը: Այնուհետեւ բոլորը գալիս էին ինձ տեսակցության: Ժողովրդի այդ սերը ինձ փրկեց, թե չէ հիմա, Աստված գիտե, թե որտեղ էի: Ես պարտական եմ իմ ժողովրդին եւ պարտավոր՝ մինչեւ կյանքիս վերջը ծառայել նրան»: Երգչուհին այսօր էլ, դեռեւս շարժասայլակով, մասնակցում է Արցախում եւ Հայաստանում կայացող բարեգործական համերգներին, եւ համոզված է, որ շուտով կնետի նաեւ ձեռնափայտերը: Մարդկանց մասին սիրում է խոսել միայն լավ ու բարի տրամադրվածությամբ: «Վատի մասին ավելի լավ է լռել, որովհետեւ այդ խոսելու պահը մարդուն չարացնում է, փչացնում, տգեղացնում, տալիս բացասական լիցքեր: Որպեսզի մարդը հեշտ ապրի, պետք է ջերմությամբ վերաբերվի մյուսներին: Չեմ սիրում նաեւ, երբ մեծերը քննադատում են երիտասարդներին, մոռանալով, որ իրենց մեծերն էլ իրենցից են դժգոհ եղել, քննադատելու առիթներ իրենք էլ են տվել»,- ասում է հավերժ երիտասարդ երգչուհին՝ հպարտությամբ չթաքցնելով իր տարիքը. «Ամեն հասակ իր գեղեցկությունն ունի: Երբ տարիքով ես եւ հարուստ է քո ներաշխարհը, այն ակամայից անդրադառնում է քո արտաքինին»:

Կյանք վերադառնալու խորհուրդը երգչուհին կապում է նաեւ իր բժիշկների՝ «Գրացիա» միջազգային հետվնասվածքային վերականգնողական կենտրոնի աշխատակիցների, մասնավորապես՝ կենտրոնի գլխավոր տնօրեն Մխիթար Մնացականյանի հոգատարութան հետ: «Այն ուշադրությունն ու հոգատարությունը, այն բարի մթնոլորտը, ստեղծված բոլոր հարմարավետությունները, որում այստեղ բուժվում են հիվանդները, մարդուն ապրելու նոր լիցք, հույս ու հավատ են ներշնչում: Շեմից ներս մտնելիս արդեն կարելի է պատկերացում կազմել կենտրոնի մասին: Այստեղ աշխատողները սրբությամբ են կատարում իրենց աշխատանքը՝ հոգեբանական նուրբ մոտեցումներով: Երբ ես առաջին անգամ եկա այստեղ, նրանք ամիսներով աշխատավարձ չէին ստանում, բայց աշխատում էին նույն ջանասիրությամբ ու նվիրվածությամբ: Այստեղ բոլորը համերաշխ են, բարձրաձայն չեն խոսում: Երեւի միայն իմ ձայնն է այստեղ երբեմն բարձր հնչում, երբ երգում եմ մարզումների ժամանակ: Նույնիսկ իմ այս վիճակում էլ եմ ուզում լավատեսորեն նայել կյանքին, չէ՞ որ եթե այս դեպքն ինձ հետ կատարված չլիներ, այսքան լավ մարդկանց չէի ճանաչի»,- ասում է սիրված երգչուհին: Ի դեպ, կենտրոնի բարի մթնոլորտը, իրոք, նկատելի է հենց մուտքից եւ ամեն քայլափոխի: Իսկ Հիպոկրատի արժանի հետեւորդների ջանքերով կյանք վերադարձող այցելուներն այստեղ, բացի բժշկական ծառայություններից, ստանում են առաջին հերթին բարոյական ու հոգեբանական աջակցություն: Ինչը վկայում է այցելուների լավատեսությունն ու փոխադարձ ջերմությունը:

Երգչուհին այսօր էլ երախտագիտությամբ է հիշում իր ուսուցիչներին՝ Հայաստանի ժողովրդական արտիստներ, պարուսույցներ Էդուարդ Մանուկյանին, Ազատ Ղարիբյանին: Իսկ կյանքում ունեցած բոլոր հաջողություններն ու ձեռքբերումները նա կապում է իր կյանքի ամենամեծ ուսուցչի, ընկերոջ եւ ամուսնու՝ գեղարվեստական ղեկավար, երգահան, խմբավար, վաստակավոր արտիստ Կիմ Առաքելյանի հետ: Ամուսնական երկար ու երջանիկ տարիների ընթացքում նրանք միասին ստեղծագործել ու ապրել են հանդիսատեսի համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել