Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ֆլիտֆուդն» ու «Սալեքսն» արյունակից են

Նոյեմբեր 09,2006 00:00

Ինչ միջոցների են դիմում գործարարները՝ հարկային արտոնություններից օգտվելու համար

Երեկ հրավիրված նիստում Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը շաքարավազի ներկրմամբ զբաղվող «Ֆլիտֆուդ» ընկերությանը հանեց գերիշխող դիրք ունեցողների գրանցամատյանից եւ գերիշխող ճանաչեց մեկ այլ ընկերության՝ «Սալեքս գրուպին»: Հանձնաժողովը ուսումնասիրություններ էր արել ու պարզել, որ շաքարավազի շուկայում 91,4%-ը զբաղեցնում է «Սալեքս գրուպը» եւ միայն 7%-ը՝ «Ֆլիտֆուդ» ընկերությունը: Ինչպես հայտնի է, «Ֆլիտֆուդը» պատկանում է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին: Մեր տեղեկություններով՝ «Սալեքս գրուպը» նույնպես պատկանում է նույն գործարարին («Սալեքսը» վերծանվում է որպես Սամվել Ալեքսանյան), ուստի հետաքրքիր են այդ փոփոխության շարժառիթները:

Բանն այն է, որ «Ֆլիտֆուդը» գրանցված է որպես արտասահմանյան կապիտալով ընկերություն եւ երկու տարի է՝ օգտվում է շահութահարկի 100% նվազեցման արտոնությունից: Այս տարի այդ արտոնության ժամկետն ավարտվում է, եւ քանի որ այդ պարագայում այլեւս ձեռնտու չէ շուկայում բիզնես ծավալել, Ս. Ալեքսանյանը գրանցել է նոր ընկերություն՝ դարձյալ արտասահմանյան ներդրումով: Իսկ դա նշանակում է, որ առաջիկա 2 տարիներին պատգամավոր-գործարարը կրկին կօգտվի շահութահարկի արտոնությունից: Որ «Սալեքս գրուպը» արտասահմանյան բաժնեմասով ձեւակերպված ընկերություն է եւ օգտվում է շահութահարկի ատոնությունից, «Առավոտին» հաստատեցին նաեւ Հարկային պետական ծառայությունից:

Պատգամավորը մեկ այլ պատճառ էլ ուներ՝ «Ֆլիտֆուդի» փոխարեն շաքարավազի ներկրման բիզնեսը «Սալեքսին» փոխանցելու: Քանի որ «Ֆլիտֆուդը» շուկայում գերիշխող էր, պետք է հանձնաժողովին հաշվետվություն տար եւ հիմնավորեր իր ներկրած ապրանքի գինը. տվյալ դեպքում դոլարի կուրսն իջնում էր, ներկրողները դրանից օգտվում էին, բայց շաքարավազի գինը իջնելու փոխարեն բարձրանում էր: Այդ հաշվետվության ժամկետն արդեն մոտ էր եւ «Ֆլիտֆուդին» գերիշխողի դիրքից զրկելու միջոցով Ս. Ալեքսանյանը առնվազն կես տարով հետաձգում է հաշվետվություն տալը: Պատգամավորի այս քայլերն անօրինական չեն, տնտեսվարողների գործունեությանն առնչվող հայաստանյան օրենսդրությունը բացեր ունի, եւ գործարարները հմտորեն օգտվում են դրանից: Թերեւս այդ է պատճառը, որ Ս. Ալեքսանյանը երկու տարին մեկ շաքարավազի շուկայում նոր ընկերություններ է գրանցում՝ «Ոսկե սաղարթ», «Աստղացոլք», «Ֆլիտֆուդ»:

Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը նաեւ ուսումնասիրություններ էր կատարել բենզինի, դիզվառելիքի, կոնյակի, մակարոնեղենի շուկաներում: Այս տարի բենզինի իրացման ծավալներով գերիշխող են ճանաչվել «Ֆլեշ» եւ «Քաղպետրոլսերվիս» ընկերությունները: «Ֆլեշը» նաեւ դիզվառելիքի ներկրման գերիշխող է ճանաչվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել