Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ԻՆ ՊԵՏՔ Է ՈՉ ԱՅՆՔԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ, ՈՐՔԱՆ ԿԱՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆ

Նոյեմբեր 09,2006 00:00

\"\"Այսպես է կարծում ամերիկյան ռազմաքաղաքական վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանը

«Առավոտն» արդեն տեղեկացրել էր, որ այս տարվա սեպտեմբերի 29-ից մինչեւ հոկտեմբերի 2-ը Լոնդոնում «21-րդ դարին նետված մարտահրավերները» թեմայով տեղի ունեցած մի միջազգային խորհրդաժողովում ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ, ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան իր ելույթում մի քանի հայտարարություն էր արել, որոնք վերաբերել են մասնավորապես Հայաստանին: Հիշեցնենք, որ նա ասել էր, թե հակամարտություններն ավելի դյուրին է լուծել ավտորիտար ռեժիմների պարագայում, ինչից պետք էր ենթադրել, որ ԱՄՆ-ն շահագրգիռ է Հայաստանում այդպիսի ռեժիմի պահպանմամբ՝ գոնե մինչեւ ԼՂ հակամարտության լուծումը: Նա միաժամանակ ասել էր, թե ԱՄՆ-ի համար ժողովրդավարությունն իսկապես մեծ արժեք է, բայց առաջնային է համարում հակամարտությունների կարգավորումը: Արդյոք Բրայզայի արած հայտարարությունները միայն նրա անձնական կարծի՞քն է, թե՞ դա Միացյալ Նահանգների պաշտոնական դիրքորոշումն է: Այս եւ այլ հարցերով երեկ մենք դիմեցինք Միջազգային հարաբերությունների, տնտեսության, անվտանգության եւ քաղաքական զարգացումների, նախկին ԽՍՀՄ, Միջին Արեւելքի եւ Հարավարեւելյան Ասիայի գծով վաշինգթոնյան վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանին:

ԱՄՆ-ի

քաղաքականությունը Հայաստանում փոխվել է

Վերջինս, ըստ էության, հաստատեց, որ վերոշարադրյալ տեսակետները ԱՄՆ-ի որդեգրած նոր քաղաքականությունն են, մասնավորապես՝ մեր տարածաշրջանում: «ԱՄՆ-ի դիրքորոշումը Հայաստանի ու մանավանդ Ղարաբաղի հարցում մի քիչ փոխվել է: Իբրեւ ժողովրդավարության կամ «գունավոր» հեղափոխություններ արտահանող երկիր (Վրաստանում՝ «Վարդերի», Ղըրղզստանում՝ «Կակաչների» կամ Ուկրաինայում՝ «Նարնջագույն» հեղափոխությունները), ԱՄՆ-ը հիմա այնքան էլ հանգիստ չէ»,- ասաց պարոն Կիրակոսյանը: Ըստ նրա, Վաշինգթոնը այլեւս վստահ չէ, որ այն «գունավոր» հեղափոխությունները, որոնք եղան այդ երկրներում՝ հաջողված ու արդյունավետ էին ժողովրդավարություն ներմուծելու իմաստով: «Տեսեք, թե հիմա ի՞նչ է կատարվում Բիշքեկում: Մյուս կողմից, Վաշինգթոնը ոչ պաշտոնապես, բայց, ըստ իս, այո՝ հիմա փոխել է իր քաղաքականությունն ու ծրագրերը եւ ավելի մեծ կարեւորություն է տալիս կայունությանը, քան ժողովրդավարությանը: Ի՞նչ է սա նշանակում Հայաստանի համար: Կարծում եմ, որ ժողովրդավարության վերաբերյալ իր ծրագրերի առումով Վաշինգթոնի կարծիքով՝ որեւէ երկիր ժողովրդավարական դառնալու կամ հեղափոխություն իրականացնելու համար համապատասխան նախադրյալներ պետք է ունենա: ԱՄՆ-ի կարծիքով, Հայաստանը հիմա իրական ու գործնական ընդդիմություն չունի, ինչպիսին էր Վրաստանում Սահակաշվիլին: ԱՄՆ-ը, թերեւս, կարծում է, որ ոչ թե Հայաստանը պատրաստ չէ հեղափոխության, այլ հայաստանյան ընդդիմությո՛ւնը լուրջ այլընտրանք չէ եւ պատրաստ չէ լուրջ փոփոխությունների: Հենց այս պատճառով է, որ ԱՄՆ-ն Հայաստանի դեպքում ավելի մեծ կարեւորություն տվեց ոչ թե ժողովրդավարությանը, այլ՝ կայունությանը, որը ենթադրում է ավելի շատ էվոլյուցիոն փոփոխություններ, քան՝ հեղափոխություն: Կարծում եմ, որ հիմա Վաշինգթոնում Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարության ժամկետի ավարտից հետո միայն մեկ բան են ուզում՝ Քոչարյանի սկսած բարեփոխումների ու ԼՂ հարցում նրա քաղաքականության շարունակականության ապահովում: Ով էլ որ փոխարինելու գա նրան, պետք է համաձայն լինի այս պայմաններին»,- պարզաբանեց ամերիկյան վերլուծաբանը:

Երկրորդ նորությունը, որը հայտնել է Բրայզան, ըստ Ռ. Կիրակոսյանի, այն է, որ Հայաստանի դեմ լծակներ եւ ուժ կիրառելն այսօր ժամանակավրեպ է: «Freedom house»-ի կոչը, որն ուղղված էր «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրին՝ սառեցնել Հայաստանին հատկացվելիք ֆինանսավորումը, առաջիկա մայիսին կայանալիք ընտրություններից առաջ մի քիչ ուշ է ու մի քիչ էլ՝ շուտ: Ուշ է, որովհետեւ ավելի ճիշտ կլիներ այդ կոչն անել այն ժամանակ, երբ ՀՀ կառավարությունը բանակցություններ էր վարում այդ ֆինանսավորումը ստանալու համար: Մի քիչ վաղ է, որովհետեւ մայիսին ընտրություններից սպասելիքներ կան, եւ դրանք ավելի շատ են հատկապես սահմանադրական հանրաքվեից հետո»,- պարզաբանեց Ռ. Կիրակոսյանը: Նրա համոզմամբ, Եվրոպան եւ ԱՄՆ-ն այս անգամ կեղծված ընտրություններ ու նոր սխալներ հանդուրժելու «սիրտ չունեն»: Մյուս կողմից, նրա փոխանցմամբ, «մարտահրավերները» ԱՄՆ-ի ձեռքում միակ լծակն է Հայաստանի վրա ուժ գործադրելու իմաստով, եւ «դրանք կարող են գործադրվել, եթե մայիսին կայանալիք ընտրություններն էլի արդար չլինեն, մանավանդ, երբ հասկանալի է, որ այդ ընտրությունները ուղիղ կապ ունեն դրանց հաջորդող նախագահական ընտրությունների հետ»: Հայաստանում կայունության եւ Քոչարյանի շարունակականության ապահովման, ինչպես նաեւ Ռուսաստանում Պուտինից հետո իր անելիքների հարցում ԱՄՆ-ն, ըստ Ռ. Կիրակոսյանի, սպասում է՝ ակնկալելով, որ մասնավորապես Հայաստանում ընդդիմությունը, ժողովրդավարությունը, քաղաքացիական հասարակությունը կարող են աստիճանաբար՝ էվոլյուցիոն ճանապարհով զարգանալ: Ամերիկյան վերլուծաբանը միաժամանակ վստահեցրեց, թե ՀՀ-ում ԱՄՆ նոր դեսպան Հոգլանդի գալուց հետո Հայաստանում ժողովրդավարությունն ու մամուլի ազատությունը նրա համար լինելու են թիվ մեկ խնդիրը: «Մանավանդ որ՝ Հոգլանդի առաջադրման հարցում հայկական լոբբին նրան այնքան ապտակներ տվեց, որ նա ոչ թե վրեժխնդիր է լինելու, այլ ուզելու է խիստ լինել Հայաստանի նկատմամբ, առավել եւս, որ Վաշինգթոնում համարում են, որ Հայաստանի նկատմամբ վարվող քաղաքականությունն ավելի ճիշտ հունի վրա պետք է դնել, քան այն կա այսօր: Հայաստանյան քաղաքական էլիտան պետք է իմանա, որ առաջիկա ընտրություններն ավելի կարեւոր են լինելու ԱՄՆ-ի համար, քան կարեւորվում էր առաջ: Հայաստանը չի կարող նույնտեսակ անմաքուր ընտրություններ անցկացնել: Պահանջներն ավելի բարձր են լինելու եւ արձագանքն է ավելի խիստ լինելու: Վստահ չեմ, որ քաղաքական էլիտան դա հասկանում է»,- փոխանցեց Ռ. Կիրակոսյանը: Ու այստեղ, ըստ նրա, իսկապես կա հակասություն, մի կողմից՝ ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու պահանջի, մյուս կողմից՝ երկրի կայունությունը առաջնահերթ համարելու միջեւ: Այդուհանդերձ, վերլուծաբանը նշեց, որ ԱՄՆ-ն այլեւս գնահատում է Հայաստանում առկա կայունությունը, որովհետեւ հիմա դա այն միակ առավելությունն է, որ ունի Հայաստանն իր հարեւանների՝ Վրաստանի ու Ադրբեջանի համեմատությամբ:

«Սերժի PR-ը չեմ»

Վերջերս Ռ. Կիրակոսյանը Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել էր, թե ԱՄՆ-ն՝ որպես Ռոբերտ Քոչարյանի հաջորդի, տեսնում է Սերժ Սարգսյանին: Մամուլն այդ հայտարարությունը գնահատել էր իբրեւ «Սերժի PR»: «Ձեր հարցադրումը լավ առիթ է՝ հստակեցնելու ասածս, որովհետեւ իրականում ես վաշինգթոնյան վերլուծաբան եմ եւ վատ եմ հայերեն խոսում: PR անելու ծրագիր չի եղել: Ես պարզապես ներկայացրել եմ իմ տպավորությունն ու անձնական կարծիքը, ըստ որի, Վաշինգթոնն ուզում է, որ Քոչարյանից հետո նրա բնական իրավահաջորդը լինի Սերժ Ազատովիչը, որովհետեւ Հայաստանում ընդդիմություն չկա: Վաշինգթոնը կարծում է, որ լավ է, որ Քոչարյան կա, մանավանդ ԼՂ հարցի լուծման համատեքստում: Ավելի լավ մեկը, որ կարողանա ստորագրել համաձայնագիրը, Վաշինգթոնի դիտարկմամբ, չկա: Բայց ես անձամբ քաղաքական ասպարեզում ո՛չ մեկին, ո՛չ մյուսին նախապատվություն չեմ տալիս, չեմ հավանել ու չեմ սիրում: Միաժամանակ կարծում եմ, որ ե՛ւ Վաշինգթոնը, ե՛ւ Մոսկվան նույնկերպ են մտածում եւ նրանց միջեւ համաձայնություն կա Սերժ Սարգսյանին տեսնել Քոչարյանի իրավահաջորդ»:

Մինչեւ ՕԵԿ-ի՝ ընդդիմադիր ճամբար անցնելը, Ռ. Կիրակոսյանը մի պատեհ առիթով իբրեւ Ռ. Քոչարյանի իրավահաջորդի նշել էր ոչ միայն Սերժ Սարգսյանի, այլեւ Արթուր Բաղդասարյանի անունը: Մենք հարցրինք՝ ՕԵԿ նախագահն այլեւս ՀՀ նախագահի պոտենցիալ թեկնածու չի՞ համարվում: «Արթուր Բաղդասարյանը եթե ավելի խելացի լիներ, ավելի շուտ դուրս կգար կառավարությունից՝ չսպասելով, որ իրեն դուրս գցեն: Բայց նրա համար իրական դժվարությունն այն է, որ ԱՄՆ-ն, թերեւս, նաեւ Եվրոպան չեն հավատում, որ նա պատրաստ է նախագահ լինել: Նրանք կարծում են, որ առայժմ Ա. Բաղդասարյանի ժամանակը չի. գուցե՝ հաջորդ անգամ»,- իր տեսակետը փոխանցեց վերլուծաբանը:

ՀՀ-ում իրական այլընտրանք չկա

Ռ. Կիրակոսյանի դիտարկմամբ, Հայաստանում ընդհանրապես իրական ընդդիմախոսներ ներկա իշխանություններին այս պահին չկան: «Կարծում եմ, որ հզոր ընդդիմությունը կարող է լավ բան տալ երկրին, բայց իրականությունն այն է, որ քաղաքականությունը Հայաստանում փակ համակարգ է, ցավոք: Քաղաքական դեբատներն ու որոշումները փակ են»,- գնահատեց Ռ. Կիրակոսյանը: Ըստ նրա, այսօր ընդդիմությունը հստակ ծրագրեր չունի, ու ընդհանրապես քաղաքականությունը Հայաստանում սահմանափակվում է մայրաքաղաքով, քաղաքական պրոցեսները չեն ընդգրկում Հայաստանի մարզերը, ինչը մեծ սխալ է: «Երկրորդ պրոբլեմը, ըստ իս, այն է, որ ընդդիմությունը մինչեւ այսօր ավելի անձնավորված է, քան ծրագրային: Ու քանի դեռ նա չի կարողանում ծրագրային բան ներկայացնել՝ մի քիչ պակաս հավակնոտ պետք է լինի»,- կարծիք հայտնեց Ռ. Կիրակոսյանը:

Իբրեւ զրույցի ամփոփում, նա, այնուամենայնիվ, շեշտեց. «Եվրոպան եւ ԱՄՆ-ը չեն կարող ասել՝ մենք այս թեկնածուին ենք տեսնում ՀՀ նախագահի պաշտոնում ու մյուսին չենք ուզում: Մոսկվան, թերեւս, կարող է ասել, բայց ո՛չ ԱՄՆ-ն ու Եվրոպան: Բայց անգամ կարեւոր չէ, թե ով՝ ինչ է ուզում: Եթե կա ուրիշ մեկը, ով կհավաստիացնի, որ Քոչարյանից հետո նրա՛ ծրագիրն է իրականացնելու եւ երկրում կայունություն է երաշխավորելու, հավանաբար կտանք ոչ թե Սերժի, այլ այդ մեկի անունը: Ես չէի ցանկանա, որ որեւէ օտար երկիր այնքան ուժ ունենա, որ ստիպի հայաստանցիներին ընդունել իր մատնանշած թեկնածուին: Ընտրողները հայերն են, ոչ թե եվրոպացիները, ամերիկացիները կամ ռուսները: Դրա համար էլ Հայաստանում ընտրողներն ավելի ակտիվ պետք է լինեն ու արթնանան ապատիայից, իսկ քաղաքական ու իշխանական էլիտան էլ պետք է իմանա, որ ժամանակն իրենց բարեկամը չէ: Հեղափոխությո՞ւն, թե՞ աստիճանական էվոլյուցիա կասեն, միեւնույն է, դրանց կարեւոր բաղադրիչը «փոփոխություն» բառն է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել