ՍԴ որոշմամբ ոգեւորված են եւ ընդդիմադիրները, եւ Տիգրան Թորոսյանը
ՍԴ որոշումը՝ «Ընտրական օրենսգրքի» («ԸՕ») որոշ կետերի՝ Սահմանադրությանը չհամապատասխանելու մասին, հուշում է, որ «ԸՕ» նախագծի վրա դեռ բավականին անելիք կա, եւ մեծամասնությունը պարզապես ստիպված է լինելու աշխատել ընդդիմության հետ միասին: ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանին երեկ մենք հարցրինք, թե ինքն ինչ կարծիքի է ՍԴ որոշման մասին: Տիգրան Թորոսյանը մինչ իր կարծիքը հայտնելը հարկ համարեց ճշտում մտցնել. «Մի քանի ճշգրտում եմ ուզում անել. դրանցից առաջինը հետեւյալն է՝ ՍԴ-ն քննարկում էր ոչ թե «ԸՕ» փոփոխությունների նախագծի համապատասխանությունը Սահմանադրությանը, այլ՝ գործող «ԸՕ»-ինը, ավելին՝ դատավորները հանձնաժողովների կազմում ներառվել են 2005-ին տեղի ունեցած «ԸՕ» փոփոխություններից հետո: Որոշ լրատվամիջոցներ հայտարարեցին, որ ՍԴ այդ որոշումը վերաբերում է «ԸՕ»-ի՝ այսօր քննարկվող նախագծին: Դա այդպես չէ: Ցավոք, գործող Սահմանադրության մեջ հակասություն կա: Հոդվածներից մեկն ասում է, որ ընտրական հանձնաժողովները պետական մարմիններ են, սակայն մյուսն ասում է, որ ընտրական հանձնաժողովը չպետք է ենթակա լինի պետական մարմիններին կամ որեւէ ազդեցություն կրի պետական մարմինների կողմից: Այստեղ եւս ճշգրտման կարիք կա: Կարծում եմ, ՍԴ որոշումը ճիշտ է եւ պետք է իրականացնել, «ԸՕ» փոփոխությունների նախագծում այդ ամենը հաշվի կառնվի մինչ երկրորդ ընթերցման այն ներկայացնելը»: Առայժմ կոնկրետ լուծումները հայտնի չեն, բայց ըստ Տիգրան Թորոսյանի, լուծումները բազմազան են եւ կոնկրետ լուծման մասին կխոսեն «ԸՕ» նախագծի քննարկումներից հետո:
Մենք նկատեցինք, որ ընդդիմադիր խմբակցությունները եւ անհատ պատգամավորները, նրանք, ովքեր դիմել էին ՍԴ այդ խնդրով, բավականին ոգեւորված են եւ գտնում են, որ սա հաղթանակ է: Տիգրան Թորոսյանն ասաց, որ ինքը եւս ոգեւորված է. «Ոգեւորված եմ մեկ բանով. կարծում եմ, սահմանադրական փոփոխությունները օր օրի հաստատում են, որ շատ կարեւոր դրույթներ են պարունակում, որոնք մեր կյանքում էական փոփոխությունների են բերում: Այսօր արդեն այս որոշումով ոչ միայն խնդիր է առաջանում փոխել «ԸՕ»-ն, այլեւ ակնհայտ է դառնում, որ մենք որակական մի նոր երեւույթի հետ գործ ունենք՝ ընդդիմության լիարժեք հնարավորությունը ՍԴ դիմելու եւ այնտեղ հաջողություն ունենալու: Այս առումով ես ոգեւորված եմ եւ կարծում եմ՝ ընդդիմությունը այս փաստը տեսնելով՝ պիտի նաեւ ափսոսա, որ իր վերաբերմունքը սահմանադրական փոփոխությունների նախագծին համարժեք չէր եւ ճիշտ չէր»: Հիշեցրինք, որ դատավորների՝ ընտրական հանձնաժողովներում ընդգրկելու մասին առաջարկն արվել եւ ընդունվել է 2005-ին փոփոխված «ԸՕ»-ի ժամանակ: Տիգրան Թորոսյանն այս մասով ասաց. «Ես ինքս մասնակցություն չեմ ունեցել այդ փոփոխությունների քննարկումներին եւ երբ տեսա, որ այդ փոփոխությունների գործընթացը վերածվում է շոուի, այդ մասին ասել եմ նաեւ ԵԱՀԿ երեւանի գրասենյակի ղեկավարին եւ Վենետիկի հանձնաժողովի քարտուղարին, դեռեւս 2005-ին: Կյանքը ցույց տվեց, որ, իսկապես, ժամանակին «ԸՕ»-ի փոփոխությունները լիարժեք չեն նախապատրաստվել եւ իրականացվել, վկան՝ այսօրվա «ԸՕ» փոփոխությունների այս 100 հոդվածանոց նախագիծը»:
ՍԴ դիմելու նախաձեռնության հեղինակ եւ ՍԴ-ում ընդդիմության հայցը ներկայացնող «Արդարություն» խմբակցության անդամ, ԱԺԿ նախագահ Շավարշ Քոչարյանը երեկ մեզ հետ զրույցում եւս ասաց, որ սահմանադրական փոփոխությունները այսպիսով գործողության մեջ են մտնում, եւ դրանից ինքը ոգեւորված է: Ըստ Շավարշ Քոչարյանի, ՍԴ-ն իր այդ որոշմամբ իրավական մոտեցում ցուցաբերեց եւ դրանով ապացուցվեց, որ սահմանադրական փոփոխությունները արդարացված են: Ասաց նաեւ, որ «ԸՕ»-ի բոլոր այն դրույթները, որոնք վերաբերում են դատավորների ներգրավմանը, հասկանալի է, այլեւս չեն գործի եւ այդ բացը պետք է լրացվի. «Իսկ դա պատեհ առիթ է, որպեսզի հասնենք այն բանին, որ հանձնաժողովների կազմը հավասարակշռված լինի, իսկ դրա մեխանիզմները կան մեր կողմից ներկայացված «ԸՕ»-ի նախագծում: Հնարավոր է այդ մեխանիզմներն առանձնացնել եւ ներկայացնել որպես փոփոխություն՝ ելնելով ՍԴ որոշումից: Ես հույս ունեմ, որ այս անգամ ընդդիմադիր խմբակցությունները կմիանան»,- ասաց Շավարշ Քոչարյանը: