Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԱՐՈՆՅԱՆԸ ՍԿՍԵՑ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ

Նոյեմբեր 08,2006 00:00

\"\"Մոսկվայի շախմատիստի կենտրոնական տան մեծ դահլիճում մեկնարկեց աշխարհի 8-րդ չեմպիոն Միխայիլ Տալի ծննդյան 70-ամյակին նվիրված 20-րդ կարգի շախմատային գերմրցաշարը, որին մասնակցում են աշխարհի ներկայիս տասը լավագույն գրոսմայստերները:

Համաշխարհային օլիմպիադայի չեմպիոն, ՖԻԴԵ-ի գավաթակիր, հայաստանցի Լեւոն Արոնյանը մեկնարկային հանդիպումում պարտության մատնեց Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Մորոզեւիչին: Հավակնորդների մրցամարտում Լեւոնի ապագա մրցակից, նորվեգացի Մագնուս Կարլսենը տանուլ տվեց Բորիս Գելֆանդին (Իսրայել), ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկը պարտությունն ընդունեց ուկրաինացի Ռուսլան Պոնոմարյովից: Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան)-Պետեր Լեկո (Հունգարիա) եւ Ալեքսեյ Շիրով (Իսպանիա)֊Շախրիյար Մամեդյարով (Ադրբեջան) պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի:

ԿԱՆԱՆՑ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՄԵԿՆՈՒՄ է ՍԱՐԱԵՎՈ

ՀՖՖ մամուլի քարտուղարությունը տեղեկացնում է, որ ֆուտբոլի Հայաստանի կանանց հավաքականը նոյեմբերի 17֊ին մեկնում է Բոսնիա եւ Հերցեգովինա՝ մասնակցելու Եվրոպայի առաջնության որակավորման փուլի խմբային մրցաշարին։ Մեր թիմի մրցակիցները լինելու են Իսրայելը, Լատվիան եւ դաշտի տիրուհիները:

Առաջին հանդիպումում Հայաստանի հավաքականը նոյեմբերի 18-ին ուժերը կչափի Բոսնիա եւ Հերցեգովինայի, այնուհետեւ նոյեմբերի 20-ին՝ Իսրայելի հետ եւ մրցելույթները կեզրափակի նոյեմբերի 23-ին՝ Լատվիայի հետ խաղով:

Մարզիչ Մհեր Միքայելյանը հավաքականը համալրել է «Քոլեջ» եւ «Բանանց» ակումբների ֆուտբոլիստուհիներով: Նրանք են. դարպասապահներ՝ Աննա Կարապետյան, Անի Ներսիսյան, պաշտպաններ՝ Արմինե Խաչատրյան, Մելսիդա Խաչատրյան, Արմինե Թադեւոսյան, Սյուզաննա Սայադյան, Վերա Պետրոսյան, Անահիտ Նազարեթյան, Լիաննա Հայրապետյան, կիսապաշտպաններ՝ Քրիստինե Ալեքսանյան, Լիաննա Գրիգորյան, Վարդինե Խանզադյան, Աննա Ամիրյան, Լուսինե Հովհաննիսյան, Նելլի Ստեփանյան, հարձակվողներ՝ Լիաննա Եփրեմյան, Գայանե Կոստանյան, Աննա Մկրտչյան:

ՄԻՐԱՆԴԱՆ ԿՐԿԻՆ ՄԵԾԱԽՈՍՈՒՄ Է

IBF-ի վարկածով միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոնի տիտղոսի հավակնորդ կոլումբիացի Էդիսոն Միրանդան սեպտեմբեր ամսին Արթուր Աբրահամից կրած պարտությունից հետո, որն առայժմ միակն է նրա մարզական կարիերայում, դեկտեմբերի 16-ին ռինգում հանդիպելու է ամերիկացի բռնցքամարտիկ Վիլլի Գիբսի հետ: Դա Միրանդայի նորամուտն է լինելու հանրաճանաչ HBO հեռուստաալիք: Սակայն, ինչպես երեւում է, կոլումբիացու՝ Արթուրի նկատմամբ ունեցած չարությունը դեռ չի մարել: Չնայած այն ժամանակ կողային մրցավարները միաձայն ճանաչել էին Միրանդայի պարտությունը, սակայն վճիռը բռնցքամարտիկների ներկայացուցիչների միջեւ այդպես էլ վիճելի է մնացել: Դրա համար էլ IBF-ը որոշել է կոլումբիացուն թողնել որպես չեմպիոնական տիտղոսի պարտադիր հավակնորդ, որպեսզի Աբրահամի ապաքինվելուց հետո նրանց միջեւ ռեւանշ մրցամարտ կայանա:

Միրանդան իր առաջիկա մենամարտից առաջ լրատվամիջոցներով դիմել է Արթուրին. «Քանի որ դու հիմա վերականգնվում ես, ես HBO-ի համար մենամարտ կանցկացնեմ ամբողջ աշխարհի աչքի առջեւ: Բայց սպասելու եմ այն պահին, երբ կվճռես վերադառնալ ռինգ եւ ստուգել ծնոտդ։ Ես այն կոտրել եմ առաջին մենամարտում: Եվ դու պիտի իմանաս, որ ես եմ լինելու առաջինը, ով ստուգելու է, թե այն որքանով է ամրացել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել