Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կյանքից քշվածները

Նոյեմբեր 08,2006 00:00

\"\"«Առավոտը» այցելեց նախկին դատապարտյալների հանրակացարան \"\"

Երեւանի Էրեբունի համայնքի Վարդաշեն 6 փողոցի 66 եւ 68 շենքերում մի քանի տարի է՝ ինչ բնակվում են նախկին դատապարտյալների 50 ընտանիքները: Երեխաների թիվն այստեղ 70-ն է: Տարածքում որեւէ պաշտոնյա, որեւէ պատգամավոր կամ պատգամավորության թեկնածու, որեւէ սոցիալական ոլորտի աշխատակից երբեք չի եղել: Անգամ՝ որեւէ լրատվամիջոց:

Սերոբ Մինասյանի կնոջը տեսանք այն պահին, երբ նա կերակրում էր 2,5 ամսական երեխային: 3 երեխա ունեն: 2003-ից այս ընտանիքն ապրում է հանրակացարանում: Ստանում են 22 000 դրամ նպաստ, որով հոգում են պայմանագրով նախատեսված ծախսերը՝ հանրակացարանի, ջրի, լույսի: Սերոբի համար տունն ինչ-որ առումով «արհեստանոց» է: Մասնագիտությամբ էլեկտրիկ է, սակայն ազատության մեջ աշխատանք չի կարողանում գտնել: Շիզոֆրենիայով տառապող հայրն ու մայրը մի կերպ տեղավորվել են խոնավ, խցից փոքր տարածք ունեցող բնակարանում: Նույնքան տխուր էր 53-ամյա նախկին դատապարտյալ Էդիկ Սահակովի «բնակարանի» խնդիրը: Նա լույս չունի արդեն 3 տարի: Չունի անկողին, սպիտակեղեն: Ամուսնացած չէ:

Հաջորդ կացարանում հանդիպեցինք նախկին դատապարտյալի կնոջը՝ Գայանեին: Երկու անչափահաս երեխա ունի, մեկ՝ չափահաս՝ Սյուզին, որն իր ուժերով ընդունվել է պարի պետական ուսումնարան: Մոր 17 000 դրամ նպաստից 10 000-ը ուսման վարձն է: Հարեւան սենյակում մեզ դիմավորեց դասից վերադարձած 7-ամյա Սամվել Մնացականյանը: Հայրը՝ Էդիկ Ադամյանն ասաց, որ 5 հոգով են ապրում 8 ոտնաչափ սենյակում: Այս տուն 19 000 դրամ նպաստ է մտնում, Էդիկը շինարար է, սակայն գրոշ չունի: Ազատազրկման վայրից «տուն» է եկել 2 տարի առաջ: Նա հարեւանի հեռուստացույցից էր օգտվում, իսկ հարեւանն էլ, բարեբախտաբար, մեկնել է ՌԴ: Պահում են, եթե կարելի է այսպես ասել՝ 74-ամյա մորը:

Նախկին դատապարտյալ Ծովինար Ադամյանի կացարանում նույնպիսի նեղվածք է, ինչպես մյուսներում: Սակայն այս պահին նրան մտահոգում էր օրեր առաջ ծնված թոռնիկի վիճակը. երեխան ծնվել է 850 գրամ եւ հիվանդանոցից էլ դեռ դուրս չեն կարողանում բերել. գումար է պետք: Ծովինարը «Մետաղյա ճաղերից այս կողմ» կազմակերպության փոխնախագահն է:

Օրեր առաջ ջարդվել էին հանրակացարանի ապակիները եւ այն փշրվել էր Ռոզա Հակոբջանյանի վրա: Ռոզայի որդին՝ Հենդո Հակոբջանյանը մահացել է թոքախտից, դատապարտյալների հիվանդանոցում: Մայրը ստանում է 5000 դրամ: Ուներ 62 000 դրամ լույսի պարտք:

«Մետաղյա ճաղերից այս կողմ» կազմակերպության նախագահ Գեւորգ Կոշկարյանը իր տարածքն էլ ցույց տվեց, նեղվում էր, որ մի բան ավելին ունի. դա խոնավ պատին փակցրած գորգն էր: Նրա ցանկությունն է, որ դատապարտյալների ընտանիքներին սպասարկի «Փարոսը»:

Նախկին դատապարտյալ Ադան ստացել է իր ազատականը, սակայն անձնագիր չեն տալիս: Մալաթիայի շուկայում ապրանք են ծախում, եթե այն չի վաճառվում՝ սպառում են իրենք;

Գայանե Հակոբջանյանը պահում է իր մահացած դատապարտյալ ընկերուհու աղջկան՝ Հռիփսիմեին: «Օդից կախված է, ուր գնում եմ, Հռիփսիմեի համար պապա են ուզում, իսկ ընկերուհիս միայնակ մայր էր»,- ասում է իր հոգսերով ապրող Գայանե Հակոբջանյանը: Հռիփսիմեն 21 տարեկան է եւ երբեք դպրոց չի գնացել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել