Լրահոս
Օրվա լրահոսը

Բաղդասարովի վճարած հարկերը չեն երեւում

Նոյեմբեր 08,2006 00:00

Ըստ նրա, ինքն ավելի շատ մաքսային տուրքերն է վճարում

Վերջին շրջանում Հայաստանում ցեմենտի գները կրկնակի թանկացան, ընդ որում՝ գները միաժամանակ բարձրացրին թե՛ «Միկա ցեմենտը» եւ թե՛ «Արարատցեմենտը»: Սա կասկածի տեղիք տվեց, որ հնարավոր է ցեմենտի արտադրությամբ զբաղվող այս երկու խոշոր ընկերությունները միմյանց հետ համաձայնության են եկել եւ առանց հիմնավորումների՝ գները նույն չափով բարձրացնում են: Սակայն երեկ «Հայելի» ակումբում Հայաստանի ոսկերիչների միության նախագահ Գագիկ Աբրահամյանի հետ բանավեճի ժամանակ «Միկա լիմիթեդ» ընկերության նախագահ Միխայիլ Բաղդասարովը հերքեց, որ ինքը Գագիկ Ծառուկյանի հետ գաղտնի համաձայնության է եկել. «Եթե պահանջարկը մեծ է, իսկ առաջարկը՝ փոքր, գները բարձրանում են. տվյալ դեպքում Վրաստանում ցեմենտի պահանջարկը մեծ է, մենք չենք հասցնում արտահանել: Հայաստանում ցեմենտի գները շատ ցածր էին, ներկայումս 1 տոննան 35 հազար դրամ է, իսկ Վրաստանում 140 դոլար է, Ադրբեջանում՝ 180, Իրանում՝ 250»,- պարոն Բաղդասարովն այսպես բացատրեց գների աճը: Եթե արտադրանքի գինն աճում է եւ «Միկայի» ցեմենտն իսկապես այդքան մեծ պահանջարկ եւ իրացման ծավալներ ունի, ենթադրվում է, որ ընկերության այդ հաջողությունը պետք է անդրադառնար նաեւ հարկերի մեծության վրա: Մինչդեռ «Միկա ցեմենտը» վերջերս հրապարակված հարկատուների ցանկում շատ համեստ ցուցանիշներ է արձանագրում՝ գրավելով 117-րդ տեղը: Պարոն Բաղդասարովն այս առնչությամբ «Առավոտին» պարզաբանեց, որ իրենք մեծ գումարներ են վճարում մաքսակետերում. «Մենք մեր արտադրանքի մեծ մասն արտահանում ենք Վրաստան եւ հիմնականում մաքսեր ենք վճարում, որը հարկայինում չի երեւում: Մեծ հաշվով ստացվում է, որ մենք քիչ ենք վճարում, մինչդեռ մենք վճարում ենք, բայց՝ մաքսայինին, այստեղ մաքսը հարկային տուրք չի համարվում, դա է խնդիրը»: Մինչդեռ Հարկային պետական տեսչության 300 խոշոր հարկատուների ցանկում հաշվի են առնվել ինչպես հարկային, այնպես էլ մաքսային մարմինների կողմից հավաքագրված գումարները, ուստի պարոն Բաղդասարովի բացատրությունն անտրամաբանական է:

Գագիկ Աբրահամյանի հետ Մ. Բաղդասարովի քննարկման հիմնական թեման դոլարի կուրսն էր: Երկու գործարարների կարծիքով էլ՝ հայ ժողովուրդը պետք է հպարտ լինի, որ ազգային դրամն արժեւորվում է: Պարոն Բաղդասարովը, որպես արտահանող, դոլարի փոխարժեքի նվազումից տուժել է, բայց նա նաեւ բենզին, դիզելային վառելիք ներմուծող է եւ, հետեւաբար, լուրջ վնասներ չի կրել: «Առաջ, երբ դոլարի կուրսը բարձրանում էր, մարդիկ դժգոհում էին, թե ինչու է բարձրանում, հիմա երբ իջնում է՝ նորից դժգոհում են: Դժգոհողներ միշտ էլ կլինեն, բայց ընդհանուր առմամբ արժեւորումը լավ բան է: Հայաստանն ավելի շատ ներմուծում է, քան արտահանում, ուստի խոշոր հաշվով օգուտով է դուրս գալիս»,- ասաց Բաղդասարովը: Իսկ Գագիկ Աբրահամյանի ներկայացմամբ՝ ոսկերիչները չեն տուժել. «Մենք դեռ վնասների փուլին չենք հասել, երբ վաղը դոլարը դառնա 250 դրամ, իհարկե, վնաս կունենանք, իսկ եթե դառնա, ասենք, 357՝ պարզապես շահույթը կնվազի»:

Վերջերս լուրեր էին շրջանառվում, որ Բաղդասարովն ուզում է «Արմավիան» վաճառել: Այս առնչությամբ «Արմավիայի» սեփականատերը հայտարարեց, որ դրանք ընդամենը սուտ խոսակցություններ են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել