Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՀՈՐԴՈՐՈՒՄ ԵՆ ՆԵՐԿԱՅԱՆԱԼ ԱՆՁԱՄԲ

Նոյեմբեր 08,2006 00:00

Հարկային մարմինները կառավարության որոշումն անտեսում են

Բազմաթիվ հարկատուներ լուրջ դժգոհություններ ունեին, որ հարկային տեսչություններում նույնիսկ հասարակ հաշվետվություն ներկայացնելիս մեծ քաշքշուկների մեջ են ընկնում, հարկատուներին ժամերով, երբեմն՝ օրերով սպասեցնել են տալիս, նվաստացնում են ու անհիմն պատճառաբանություններով մերժում, մինչեւ որ նրանք հարկահավաքներին համապատասխան վերաբերմունք ցույց չտան: Հարկատու-հարկահավաք շփումը հնարավորինս կրճատելու, փաստաթղթերի, հաշվետվությունների ընդունման պարզեցված կարգ հաստատելու համար կառավարությունն այս տարի որոշում է ընդունել, որ հարկատուներն այսուհետեւ կարող են իրենց հաշվետվությունները, հաշվարկները հարկայինին տրամադրել ինչպես անձամբ, այնպես էլ փոստային ծառայության միջոցով:

Սակայն օրերս «Առավոտին» են դիմել մի շարք տնտեսվարողներ՝ դժգոհելով, որ Արաբկիրի, Շահումյանի եւ Էրեբունու հարկայինի տեսչություններն անտեսում են կառավարության որոշումը եւ հրաժարվում փոստի միջոցով ուղարկված հաշվետվություններն ընդունել: Հարկատուների նամակների վրա տեսուչները մակագրում են. «Մերժում ենք. ներկայանալ անձամբ»: Մասնավորապես, Կոմիտասի փողոցում գտնվող թիվ 51 փոստում տասնյակ մերժված տնտեսվարողների նամակներ էին հարկայինից հետ եկել: Փոստատարները հարկատուներին ասել են, որ տեսչությունն իրենց հաշվետվությունները փոստի միջոցով չի ընդունում: Երեկ մենք էլ այցելեցինք այդ փոստատուն, որի աշխատակիցները հաստատեցին, որ, իսկապես, հարկայինը հրաժարվել է հարկատուների նամակներն ընդունել:

Երբ այս առնչությամբ պարզաբանումներ խնդրեցինք Շահումյանի հարկային տեսչությունից, պետի տեղակալ Աշոտ Մարությանը չհերքեց, որ մերժման դեպքեր եղել են՝ արդարանալով, որ իրենք այդպես վարվելու համար հիմքեր են ունեցել. «Մենք օրը 12 ժամ աշխատում ենք, մեզ էլ հաճելի չի իրենց հետ շփվել, ժամերով գլուխ դնել, բայց մեկ-մեկ այնքան անորակ հաշվետվություններ են լինում, որ չմերժել չենք կարող. մի եռամսյակ աշխատում են՝ զրոյական հաշվետվություն են բերում կամ տնօրենի աշխատավարձը ներկայացնում են 17 հազար դրամ, դուք լինեք՝ չե՞ք մերժի, դա ծիծաղելի է, մեզ հիմարի տեղ են դնում, մենք էլ ենք տնտեսվարող եղել, իրենց խոհանոցին լավ ծանոթ ենք, դրա համար էլ առաջարկում ենք անձամբ ներկայանալ, որպեսզի շանս տանք՝ իրենց ներկայացրած թվերն ուղղել, երբ որ մեր զգուշացումից հետո չեն գա, չեն ուղղի՝ ստուգումներ կանցկացնենք»: Նկատենք, որ բողոքող հարկատուների ծրարները հարկային տեսչությունում նույնիսկ չեն բացվել, հետեւաբար՝ տեսուչները չեն կարող կառչել այն բանից, թե հաշվետվությունը թերի է կամ որեւէ թիվ իրենց համար կասկածելի է: Փոստը ծրարները փակ էլ հետ է տվել հարկատուներին:

Էրեբունու հարկային տեսչության պետի տեղակալ Նորիկ Հովհաննիսյանն էլ հրաժարվեց որեւէ պարզաբանում տալ, մինչեւ նրան չտրամադրենք կոնկրետ տնտեսվարողի դեպք կամ գոնե փոստի ապացույցները, որից էլ հայտնի կլինի տնտեսվարողի անունը. «Դուք հարկատուների ասածները հալած յուղի տեղ մի ընդունեք, նրանք իրենց շահն ունեն: Մենք մեր գործն ենք անում, վաղը մարդիկ կհավաքվեն ու իրենց թոշակները կպահանջեն, որտեղի՞ց է հավաքվում այդ թոշակները՝ հարկերից»:

Մեզ բողոքող հարկատուների տվյալներն այժմ խմբագրությունում են, բայց նրանց անունները չենք հրապարակում, քանի որ եթե հարկայինը նրանց հետ «թարսվի»՝ բողոքողի բիզնեսը պարզապես կփակվի:

Թեեւ մեզ հետ զրույցում հարկահավաքները վստահեցնում էին, որ իրենց գործն առանց այդ էլ ծանրաբեռնված է եւ հարկատուների հետ ավելորդ անգամ շփումն էլ ավելի է իրենց աշխատանքը դժվարացնում, սակայն երբ տեսուչը առանց ծրարը բացելու պարզապես գուշակում է, որ այնտեղ ինչ-որ թիվ ճիշտ չէ ու հորդորում անձամբ ներկայանալ, պարզ է դառնում, որ հարկատու-հարկահավաք հանդիպումը հարկայինին ձեռնտու է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել