Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԱՄՆ-Ն ՈՒ ՌԴ-Ն «5» ԴՐԵՑԻՆ ՄԵՐ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ

Նոյեմբեր 08,2006 00:00

Վաշինգթոնի, Մոսկվայի եւ Բրյուսելի առաջատար մասնագիտական կենտրոններից արդեն իսկ ստացվել են Հայաստանի ազգային անվտանգության հայեցակարգի նախագծի փորձագիտական եզրակացությունները:

Այս մասին հայտնի դարձավ այն հարցազրույցից, որ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը վարել է հայեցակարգը մշակող միջգերատեսչական հանձնաժողովի քարտուղար, գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանի հետ, որը նաեւ այս ծրագրի գիտական ղեկավարն է եւ քաղաքական գիտությունների դոկտոր: Միջանկյալ նշենք, որ գնդապետն ու գեներալ-մայորն իրենց զրույցի շարադրանքը հայկական լրատվամիջոցներին փոխանցել են, չգիտես ինչու՝ ոչ մեր պետական լեզվով, այլ ռուսերեն:

Հայկ Քոթանջյանն այս հարցազրույցում ներկայացրել է ստացված գնահատականների հակիրճ ամփոփումը: Եվ այսպես՝ ԱՄՆ Պաշտպանության Ազգային համալսարանի ակադեմիական կոմիտեն մեր հայեցակարգի վերաբերյալ եզրակացրել է. «Հայաստանի ազգային անվտանգության հայեցակարգի մշակման միջգերատեսչական գործընթացը եւ դրա արդյունքը համապատասխանում են ժամանակակից մեթոդոլոգիական չափանիշներին»: ՌԴ նախագահին կից Պետական ծառայության ռուսական ակադեմիայի ազգային անվտանգության եւ միջազգային հարաբերությունների ամբիոնների համատեղ փորձաքննական խումբը եզրակացրել է. «ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության նախագիծը միջգերատեսչական հանձնաժողովի համակարգված ջանքերի հասուն պտուղն է»: Իսկ ՆԱՏՕ-ի անդամ եվրոպական երկրների անվտանգության հարցերով միջազգային խորհրդակցական խումբը նշել է. «Ծրագրի նախագիծը համակողմանիորեն գիտականորեն հիմնավորված է»:

Այս եզրակացություններից հետո, ըստ Հայկ Քոթանջյանի, նախատեսում են Ազգային անվտանգության հայեցակարգի նախագիծը նոյեմբերին ներկայացնել ԵՊՀ գիտական խորհրդի եւ ԳԱԱ նախագահության ընդլայնված նիստի փորձաքննությանը, որին պիտի մասնակցեն նաեւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Իսկ մինչ դեկտեմբեր նախատեսվում են նախագծի խորհրդարանական քննարկումներ: Այս ամենից հետո՝ միջգերատեսչական հանձնաժողովը հայեցակարգի նախագիծը կներկայացնի կառավարության հաստատմանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել