Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՀԱՅ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԸ՝ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱԼԱԾՅԱԼՆԵ՞Ր

Նոյեմբեր 08,2006 00:00

«Ահազանգ» վերնագրված կոչի՞ն էլ կհետեւի Հայաստանի մի խումբ մտավորականների պահանջը՝ չշահարկել մտավորականության անունը, քանի որ մտավորականության անունից խոսել կարող են միայն մտավորականները։

«Վտարանդի հայ գրողների ու մտավորականների միություն»՝ այսպես է կոչվում այն կազմակերպությունը, որի անդամներ են Շվեդիայից Վահե Ավետյանը («Անկախության Բանակ», «ԷսթաբլիշՄԵՆԹ», «Դեսից, դենից», «Բաղդասար, Լոքի, Նիլս, Շվեյկ…» եւ այլ գրքերի հեղինակ), ԱՄՆ-ում բնակվող եւ «Շուն Շան Որդի» կեղծանվամբ հանդես եկող Արմեն Մելիքյանը («Գործք Շնաց կամ Ճանապարհ դեպի Կուսաստան» գրքի հեղինակ) եւ Ֆրանսիայում բնակվող Ալեքսանդր Վարպետյանը («Ծննդոց», «Էություն» եւ այլ գրքերի հեղինակ):

Իրենց անվանելով «հետխորհրդային շրջանի Հայաստանում քաղաքական հալածանքի ենթարկված մտավորականներ»՝ Վահե Ավետյանը, Արմեն Մելիքյանը եւ Ալեքսանդր Վարպետյանը հանդես են եկել «ահազանգ» անվանվող մի ուղերձով (այն տեղադրված է www.vernatun.info կայքէջում) եւ ուղղված է նաեւ մարդու իրավունքները պաշտպանող կազմակերպություններին, Հայաստանի հետ դիվանագիտական կապեր հաստատած ժողովրդավար պետություններին:

Այս ուղերձում մասնավորապես նշված է, որ Հայաստանը նախկին խորհրդային այն հանրապետություններից է, որտեղ անկախության շրջանում օրեցօր ամրապնդվում է բռնատիրական իշխանությունը. «Թեժանում է կազմակերպված բնույթի հալածանքն այն մտավորականների հանդեպ, ովքեր հանդգնում են բացահայտել ու քննադատել Հայաստանում իշխող խունտայի քրեական հանցագործություններն ու ազգային հարստության անկասելի թալանը: Հալածանքը իրականացվում է հանրապետությունը զավթած վարչախմբի հրահանգով, պետական ու տարբեր կառույցների, հատկապես՝ Ազգային անվտանգության մարմինների, ՀՀ ոստիկանության, Երեւանի քաղաքային վարչության, դատախազության եւ արդարադատության նախարարության աշխույժ համագործակցությամբ»: Ուղերձի հեղինակները պնդում են, թե իրենք անձամբ ենթարկվել են «ստորացուցիչ հալածանքների» այդ մարմինների կողմից: Եվ հետապնդումն ու հալածանքն իրականացվել են ինչպես երկրից արտաքսման ու վերադարձի կազմակերպված խոչընդոտման, այնպես էլ միջամտությամբ հրատարակչատների ու գրախանութների գործունեությանը՝ խափանելու իրենց գրքերի հրատարակությունն ու ընթերցումը Հայաստանում: Նշված է նաեւ, թե հալածանք եւ ահաբեկում է իրականացվել այն մարդկանց նկատմամբ, ովքեր զբաղվում են իրենց գրքերի հրատարակության խնդիրներով, եւ մանրամասնած, թե հատկապես ինչպես է դա իրականացվել:

«Մեզ մտահոգում է քաղաքական կազմակերպությունների վերաբերմունքը հայ իրականության մեջ ազատ խոսքի ու նոր գաղափարներ կրողների հանդեպ: Մեզ անհանգստացնում է ճշմարտությունը բացահայտող գրողների դեմ բարոյազրկման միտող հետեւողական քարոզչությունը,- նշված է ուղերձում:- Դիմում ենք բոլոր կուսակցությունների ղեկավարներին ու անդամներին, որ համապատասխան գնահատական տան այդպիսի գործունեությանը, դադարեն ՀՀ-ն բռնազավթած խունտայի՝ Սփյուռքը լռեցնելու ու հնազանդեցնելու քաղաքականության կամակատարը լինելուց»:

Նշելով, թե «նման անպատասխանատու եւ անբարոյական վարչակարգի ու նրա աջակից կազմակերպությունների կողմից հայ ազգի իրական շահերի դեմ գնացող գործունեությունը կարող է անշրջելի բացասական հետեւանքների հանգեցնել»՝ վերոհիշյալ վտարանդի գրողները կոչ են արել՝ հետամուտ լինել մարդու իրավունքների, ներառյալ խոսքի ազատության պաշտպանմանը ՀՀ-ում: Հորդոր կա՝ ուղղված Հայաստանի գրողների միությանը. «Քայլեր ձեռնարկել՝ երաշխավորելու վտարանդի ազատամիտների անվտանգությունը», նաեւ միջազգային կազմակերպություններին՝ «Համապատասխան քայլերի դիմել՝ վերացնելու մտավորականների խոսքի ազատության իրավունքը ոտնահարող բոլոր ուղղակի կամ անուղղակի խոչընդոտները, ապահովելու նրանց անվտանգ վերադարձը հայրենիք»:

Իսկ Եվրախորհրդի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Շվեդիայի ու ժողովրդավար այլ պետություններին նման կոչ կա. «Չարաշահելով ձեր երկրների հետ ունեցած դիվանագիտական ու տնտեսական կապերը՝ ներկա խունտան աշխատում է քաղաքական դրամագլուխ ձեռք բերել դրանցով ու հավերժացնել իր իշխանությունը: Որեւէ աջակցություն այդպիսի հակաժողովրդավար ու քրեականացված մարդկանց խմբավորմանը չի բխում ժողովրդավար պետությունների ազգային շահերից, դեռ ավելին՝ գրգռում է հայ ժողովրդի կրքերը նման իրավիճակի ստեղծման ու պահպանման մեջ ուղղակի թե անուղղակի պատճառ հանդիսացող որեւէ արտաքին ուժի հանդեպ: Հորդորում ենք ըմբռնումով մոտենալ ՀՀ-ում խունտայի տապալմանն ու իշխանափոխությանը միտված առկա խմորումներին»:

Այս ուղերձի ներքո արդեն իսկ իրենց զորակցությունն արտահայտող ստորագրություններն են դրել այլ հայ գրողներ՝ Կանադայից Արա Բալիոզյանը, Հայաստանից Կարեն Կարսլյանը, որը մեր տեղեկություններով՝ նույնպես բնակվում է ԱՄՆ-ում, նաեւ ղարաբաղցի գրող Աշոտ Բեգլարյանը: Բազմաթիվ ստորագրողների մեջ են նաեւ հայ իրավապաշտպաններ Գեորգի Վանյանն ու Լուիզա Պողոսյանը, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը: Եվ որ ամենահետաքրքիրն է՝ ուղերձի տակ կան նաեւ ադրբեջանցիների ստորագրություններ՝ գրողներ Չինգիզ Հուսեյնով, Ալեքպեր Ալիեւ, Շահին Ռյազիյեւ, Սեյմուր Բայքան եւ իրավապաշտպաններ Խամիս Մասիմով եւ Արիֆ Յունուս:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2006
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930