Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՃՆՇՄԱՆ ՁԵՎԵՐԸ

Նոյեմբեր 08,2006 00:00

\"\"Կոնկրետ օրինակներ՝ երբ ռուսական կողմը կարողանում է իր տնտեսական լծակներն օգտագործել քաղաքական նպատակներով:

Նախօրեին ՀՀ պաշտպանության նախարար ու հայ-ռուսական տնտեսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Սերժ Սարգսյանը պատասխանելով այն հարցադրմանը, թե՝ «հաշվի առնելով, որ ռուսական կողմը կարողանում է իր տնտեսական լծակները օգտագործել քաղաքական նպատակներով, մտավախություն չունի՞, որ ռուսական կապիտալի մասնաբաժինը ավելանում է, եւ կարեւոր ստրատեգիական օբյեկտները դառնում են ռուսական», պատասխանել էր. «Վտանգավոր չեմ համարում: Որովհետեւ դեռեւս չեմ տեսել, թե ռուսական կողմը ինչպես է Հայաստանում իր տնտեսական լծակները օգտագործում: Մի օրինակ բերեք, երբ Հայաստանում եղած ռուսական կապիտալը քաղաքական ճնշման է ենթարկել մեզ»: Օրինակներ բերելու խնդրանքով «Առավոտը» դիմել է փորձագետներին: ԱԺ նախկին պատգամավոր, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը հիշեցրեց, որ Ռուսաստանն անցյալ տարվա ձմռան նախաշեմին ազդարարեց Հայաստանին վաճառվող գազի սակագինը 56-ից մինչեւ 110 դոլարի հասցնելու մտադրության մասին: Ըստ նրա, ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ սա պատասխանն էր ՀՀ իշխանությունների՝ էներգետիկայի ոլորտում ռիսկերը դիվերսիֆիկացիայի ենթարկելու փորձերին: Բանն այն էր, որ տեւական բանակցություններից հետո Իրան-Հայաստան գազատարի շինարարության եւ Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկի արդիականացման ծրագրի մրցույթներից երկուսում էլ ՀՀ կառավարությունը գերապատվությունը տվել էր պարսկական «ՄԱՌ» եւ «Սանիր» ընկերություններին, բայց հանկարծ հայտնվեց ռուսական «Գազպրոմ» պետական ընկերությունը՝ ի դեմս «ՌԱՈ ԵԷՍ»-ի, ու ցանկություն հայտնեց համատեղ կոնսորցիումով մասնակցել մրցույթին: Տնտեսագետի ներկայացմամբ, ռուսները ՀՀ իշխանություններին ուղղակի շանտաժի ենթարկեցին՝ դեմ տալով կոնկրետ պայմաններ. իրենք 250 մլն դոլարով գնում են Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը, որի հաշվին ՀՀ իշխանությունները կկարողանան գազի թանկացման դեպքում սուբսիդավորել գազ սպառողների ծախսերը: Իհարկե, արդյունքում ստացվեց, որ ռուսները տեր կանգնեցին ոչ միայն Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկին, այլեւ մեր հաշվին սուբսիդավորում ստացան՝ ամրապնդվելով հայկական էներգետիկ շուկայում, եւ ունեցան մենաշնորհային դեր:

Վահագն Խաչատրյանը, որ ժամանակին աշխատել է ՀՀ առաջին նախագահի՝ տնտեսական հարցերով խորհրդական, եւս մի օրինակ մատնանշեց. մի քանի տարի առաջ Հայկական ատոմակայանի վառելիքի մատակարարումը Ռուսաստանից դադարեցվեց՝ դարձյալ ռուսների նկատմամբ կուտակած պարտքերի պատճառով: Հիշեցնենք, որ այն ժամանակ էլ ՀՀ իշխանությունները ստիպված եղան ռուսներին զիջել Սեւան-Հրազդան կասկադը: «Նա շատ լավ գիտի, որ տնտեսական լծակները քաղաքական շանտաժի լավագույն ձեւն են»,- ակնարկելով Ս. Սարգսյանին՝ ասաց պարոն Խաչատրյանը՝ հավելելով, որ եթե անգամ ընդունենք, որ մինչ այդ քաղաքական ճնշումներ չեն եղել, չի նշանակում, որ դրա վտանգը չկա: «Այդ սպառնալիքը այսուհետ միշտ կախված է լինելու մեր գլխին»,- հավաստիացրեց Վ. Խաչատրյանը:

Տնտեսական լծակները քաղաքական նպատակներով օգտագործելու այլ օրինակ բերեց տնտեսագետ Էդուարդ Աղաջանովը՝ հիշեցնելով «Գույք՝ պարտքի դիմաց» տխրահռչակ համաձայնագիրը: «Այն ժամանակ Ռուսաստանը հարկադիր կատարածուի նման մտավ իր ռազմավարական գործընկերը համարվող Հայաստան՝ մեր տունը, ու ընդամենը 97 մլն դոլար պարտքի դիմաց պահանջեց մեր ռազմավարական օբյեկտները՝ Հրազդանի ՊՇԷԿ-ը, Մերգելյանը, «Մարսը»: Սա տեղի ունեցավ այն դեպքում, երբ Ռուսաստանն ավելի մեծ պարտքերը ներել էր այլոց, օրինակ՝ միայն 40 մլրդ դոլար՝ Թուրքիային, Սիրիային, նույնիսկ վերակառուցել էր Վրաստանի պարտքը՝ 150 մլն դոլար: Ընդ որում, Վրաստանի դեպքում պարտքը վերակառուցվել էր Վրաստանի պայմաններով՝ 6 տարի արտոնյալ մարում եւ այլն: Նույնը Ռուսաստանն արել էր նաեւ Մոլդովայի ու Ուկրաինայի դեպքում»,- մատնանշեց Էդ. Աղաջանովը:

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն էլ նույն գործարքին անդրադառնալով՝ նկատեց, թե՝ «ռուսները վերցրել են մեր օբյեկտներն ու ո՛չ աշխատեցնում են, ո՛չ ներդրումներ են անում, ինչը նշանակում է, որ այդ գործարաններն ուղղակի կոնսերվացրել են: Պատճառները քաղաքակա՞ն են, թե՞ տնտեսական՝ ինձ համար կարեւոր չէ: Բայց սրանից հետո ես ինչո՞ւ պիտի հավատամ, որ օրինակ՝ հայկական երկաթգծի, հայ-իրանական գազամուղի կամ «ԱրմենՏելի» վաճառքի դեպքում ռուսները նույն կերպ չեն վարվի նաեւ այդ օբյեկտների հետ, կամ որ դրանք ավելի արդյունավետ կաշխատեն, քան այսօր: Ու ընդհանրապես, դա հարցադրման ի՞նչ ձեւ է՝ «օրինակներ ասեք», երբ խոսքը գնում է Հայաստանի անվտանգության մասին»,- տարակուսանք հայտնեց քաղաքագետը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել