Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«ՀՀԿ-ն չափից ավելի է անդրադառնում այդ խնդրին»

Նոյեմբեր 08,2006 00:00

ՕԵԿ-ՀՀԿ կռիվների վերաբերյալ ասաց ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը

«Կարծում եմ, Հայաստանում այլեւս մարդ չմնաց, որ չիմանա, որ լուծարվել են ԱԺ մի քանի կառույցներ: ԱԺ-ն շարունակում է շատ լավ աշխատել, ոչ պակաս արդյունավետությամբ, կարող եմ ասել՝ անգամ ավելի արդյունավետ: Վերջերս, երբ դատարանում վիճարկվում էր ոչ թե որոշ կառույցների լուծարման խնդիրը, այլ ծանուցման փաստաթղթի ձեւակերպումը, այդ հարցը վիճարկող մարդիկ հայտարարել են, որ 40 հաստիքից 38-ը զբաղեցնում էին ՕԵԿ անդամները: Զարմանալի բան է: Այսինքն՝ մարդիկ չեն էլ թաքցնում, որ այդ կառույցները եղել են կուսակցական կառույցներ: Ես, անկեղծորեն, ժամանակին ոչ իմացել եմ, ոչ էլ ցանկություն եմ ունեցել իմանալ, թե ովքեր են այդ կառույցների անդամները՝ ըստ կուսակցական պատկանելության, ինձ համար հետաքրքիր է եղել ընդամենը մեկ բան՝ այդ կառույցները ԱԺ աշխատանքի հետ կապ ունե՞ն, թե՞ ոչ, եւ ինչպիսի՞ն է դրանց աշխատանքի արդյունավետությունը ԱԺ աշխատանքների տեսակետից»,- երեկ անդրադառնալով ՕԵԿ-ի կողմից բարձրացվող հարցերին, ասաց Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը՝ լրագրողների հետ զրույցում:

Երեկ այդ խնդիրներին կրկին անդրադարձան ՕԵԿ ներկայացուցիչները՝ ԱԺ պատգամավոր Հեղինե Բիշարյանը եւ կուսակցության փոխնախագահ Մհեր Շահգելդյանը՝ իրենց հրավիրած համատեղ ասուլիսի ժամանակ: Հեղինե Բիշարյանը մասնավորապես ասել էր. «Եթե ուզում եք իմանալ՝ առաջին հարվածը ստացավ ՕԵԿ-ը, երբ ԱԺ նախագահ դարձավ Տիգրան Թորոսյանը, եւ սկսվեց օպտիմալացման գործընթացը, ՕԵԿ անդամներին աշխատանքից ազատելը եւ այլն»:

Տիգրան Թորոսյանի ասուլիսում «Առավոտը» հարցրեց՝ որպես Հանրապետական կուսակցության փոխնախագահ, ինչպե՞ս է գնահատում իրավիճակը Տիգրան Թորոսյանը եւ ինչպիսի՞ տրամադրվածություն ունի ինքն անձամբ ՕԵԿ-ՀՀԿ հակամարտության շարունակականության հետ կապված: Տիգրան Թորոսյանի կարծիքը հետեւյալն է. «Ես գտնում եմ, որ հանրապետականները չափից ավելի են անդրադառնում այդ խնդրին: Մի մոլորություն կա, որ բավականին տարածված է. մարդիկ մտածում են, որ եթե մեկը ինչ-որ մի բան ասում է, ուրեմն պետք է անպայման պատասխանես»:

Իսկ ՕԵԿ անդամները, ովքեր դիմել են դատարան՝ պարզելու, թե ովքեր են սեւ PR իրականացնում իրենց կուսակցության եւ կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի դեմ, երեկ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ իրենց հերթին հետեւյալն էին ասում. «Մենք հայցը ներկայացրել ենք, որպեսզի իրավապահ մարմինները պարզեն, իրենք պետք է պարզեն»,- երեկ ասաց Մհեր Շահգելդյանը: Հիշեցնենք, որ եւ Սերժ Սարգսյանը, եւ Անդրանիկ Մարգարյանը տարբեր առիթներով հերքել են իրենց՝ սեւ քարոզչության պատվիրատու լինելը: Լրագրողները փորձում էին ճշտել, թե ո՞վ է ասել ՕԵԿ-ին, որ իրենց դեմ սեւ քարոզչությունը պատվիրում են Սերժ Սարգսյանը եւ Անդրանիկ Մարգարյանը, իսկ Մհեր Շահգելդյանը եւ Հեղինե Բիշարյանը ասում էին, թե իրենք «քաղաքական տեսանկյունից» իրենց խոսքը ասել են, իսկ «իրավական տեսանկյունից իրենք թող պարզեն իրենց ընթացակարգերի հիման վրա»: Տիկին Բիշարյանը իր հերթին հավելեց. «Իսկ հեռուստաընկերությունները, որոնց հետ մենք խոսել ենք, որոնք այդ պատվերը ընդունում են, նրանք ասել են՝ կլինի՞ այդպիսի բան, կդիմենք դատախազություն, մենք կգանք, կասենք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել