Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կախե՞լ, թե՞ չկախել Սադամին

Նոյեմբեր 07,2006 00:00

Իրաքի գերագույն դատարանը կիրակի օրը երկրի նախկին ղեկավար Սադամ Հուսեյնին դատապարտեց մահապատժի՝ «կանխամտածված սպանության» համար, փոխանցում է «Ազատություն» ռ/կ-ն: 69-ամյա Հուսեյնը մեղադրվում էր մարդկության դեմ հանցագործությունների, այդ թվում՝ 1982 թ. մահափորձից հետո Դուջաիլի 148 շիա բնակիչների սպանությունը հրահանգելու մեջ: Դատավոր Ռաուֆ Ռաշիդ Աբդել Ռահմանը հայտարարել է, որ «պատժի առավելագույն չափը պետք է ի կատար ածվի»: Իրաքի գերագույն ատյանի գլխավոր դատախազ Ջաֆար ալ-Մուսաուին դատավճռի հրապարակումից հետո թղթակիցներին ասել է, որ Սադամի հանցագործությունները «քաղաքացիական են եւ ոչ ռազմական, հետեւաբար՝ նա պետք է կախաղան բարձրացվի»: Սադամի հետ մեկտեղ մահվան են դատապարտվել նաեւ նրա ազգական, Իրաքի հետախուզության նախկին ղեկավար Բարզան ալ-Թիքրիթին, ինչպես նաեւ Աուադ Ահմեդ ալ-Բանդարը, որը շիաների մահապատիժը հրահանգած, այսպես կոչված, «Հեղափոխական դատարանի» նախագահն էր: «Ֆրանսպրես» գործակալության հաղորդման համաձայն, նախկին վարչապետ Թահա Յասին Ռամադանը դատապարտվել է ցմահ ազատազրկման: «Բաաս» կուսակցության եւս երեք ղեկավար գործիչներ դատապարտվել են 15-ական տարվա ազատազրկման, իսկ չորրորդը արդարացվել է: ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը ողջունել է Հուսեյնին մահապատժի դատապարտող դատավճիռը՝ այն անվանելով «շրջադարձային» Իրաքի համար: Եվրամիությունը նույնպես ողջունել է դատավճիռը, սակայն, ինչպես եւ Վատիկանը, հորդորել է կախաղան չբարձրացնել Իրաքի նախկին բռնակալին: Եվրամիության նախագահող Ֆինլանդիան, նշելով հանդերձ Սադամի օրոք մարդու իրավունքների սիստեմատիկ եւ համատարած ոտնահարումները, շեշտել է, որ դեմ է պատժի առավելագույն չափին՝ «բոլոր դեպքերում եւ բոլոր հանգամանքներում»: Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը կարծիք է հայտնել, որ Սադամ Հուսեյնին մահապատժի ենթարկելը «անօգուտ եւ սխալ» կլինի եւ նրան կվերածի նահատակի: «Իրաքի ժողովրդին արդարադատություն է պետք, ոչ թե հատուցում»,- շեշտել է Թերի Դեւիսը: Իրաքի վարչապետ Նուրի Քամիլ ալ-Մալիքին հայտարարել է, որ դատավճիռը «հաղթանակ է Սադամի բոլոր զոհերի համար»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել