Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Օլիգարխները խանգարո՞ւմ են անկախ մամուլի կայացմանը

Նոյեմբեր 07,2006 00:00

Ըստ մասնագետների, լրագրողները փաստերին անդրադառնում են միայն ասուլիսային մակարդակով

«Ժուռնալիստիկան այժմ ոչ բավարար մակարդակի վրա է: Ժուռնալիստն իրեն սոցիալապես պաշտպանված չի զգում, քանի որ չկան համապատասխան լծակներ»,- ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում երեկ մեկնարկած «ԶԼՄ-ները ժամանակակից աշխարհում. 21-րդ դարի մարտահրավերներ» թեմայով գիտաժողովի ժամանակ ասաց բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ժուռնալիստիկայի ֆակուլտետի ռադիոհեռուստատեսային բաժնի վարիչ Մուշեղ Հովսեփյանը: Նա բացթողում է համարում նաեւ այն, որ այսօր հայկական ժուռնալիստական իրականության մեջ չի գործում մամուլի խորհուրդ. «Օրենքը (ԶԼՄ-ների մասին- Տ. Հ.) ընդունել են, սակայն չեն ստեղծել լրատվադաշտը կարգավորող մի մարմին: Այժմ խոսում ենք հետաքննական ժուռնալիստիկայի մասին: Արդյոք թույլ կտա՞ն այդ ոլորտի ժուռնալիստին մուտք գործել այս կամ այն դաշտ: Անպայման պիտի խնամի, ծանոթ, բարեկա՞մ լինեն, որ տեղեկատվություն կարողանան ստանալ»,- հարց է բարձրացնում Մ. Հովսեփյանը:

Գիտաժողովի քննարկումների ժամանակ պարզվեց, որ սխալ պիտի փնտրել ոչ միայն այս կամ այն ոլորտում, այլ հենց ժուռնալիստական գործունեության մեջ: «Վերջապես պետք է մեր ժուռնալիստները դադարեն ասուլիսային մակարդակով փաստեր արձանագրելուց: Պետք է փորձենք մի քիչ էլ տարբերվել մեր գործընկերներից, քանի որ արդյունքում բոլոր ժուռնալիստական նյութերը միատարր են դառնում»,- ասաց բանասիրական գիտությունների դոցենտ, «Տեղեկատվության ազատության» կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը: Նա ցավով նշեց, որ ոչ բոլոր դեպքերում են հայաստանյան ժուռնալիստները օգտվում իրենց տեղեկություն ստանալու իրավունքից: Այնինչ ասում ենք, թե մամուլը երկրի չորրորդ իշխանությունն է:

Նրա խոսքը շարունակեց Մ. Հովսեփյանը՝ խիստ կասկածի տակ առնելով, որ իսկապես մամուլը կարող է չորրորդ իշխանության դեր կատարել մեր երկրում: «Ուղղակի Հայաստանում մյուս իշխանական թեւերն էլ հստակ սահմանազատված չեն: Իսկ քանի որ մամուլը նրանց պոչից է կախված, ամենավատ վիճակում է»,- ասաց Մ. Հովսեփյանը: Նա կարծում է, որ մամուլի իշխանությունը մեզանում դրսեւորվում է միայն կայծկլտումներով, օրինակ՝ լրագրողական համերաշխությամբ, երբ ծեծի ժամանակ պաշտպանում են միմյանց: «Ինչպե՞ս խոսել իշխանության մասին, երբ տարբեր օլիգարխներ լրատվամիջոցների տեր են դարձել,- հարցնում է պրն Հովսեփյանը:- Ամեն մի օլիգարխ եկել, թաթը դրել է մի լրատվամիջոցի վրա, ուստի՝ դրանք չեն կարողանում ազատ աշխատել, քանի որ նրա սեփականությունն են»:

Հիշեցնենք, որ Մուշեղ Հովսեփյանը գործուն դեր է խաղացել «Ա1+»-ը փակելու մեջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել