Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ընտանիքը ճաշարանի հույսին է

Նոյեմբեր 07,2006 00:00

\"\"Սնվում են սեզոնից սեզոն

«Թող իշխանությունները գան ու տեսնեն, թե գյուղերում ինչ աղքատություն է տիրում, թե չէ՝ միայն քարոզարշավից քարոզարշավ են գալիս խոստումներ տալիս ու մոռանում»,- ՀՀ իշխանությունների գործելաոճը սերտած ասում են Արագածոտնի մարզի Կարին գյուղի բնակիչները: Այս գյուղը հիմնականում բնակեցված է Ադրբեջանից գաղթած փախստականներով, որոնք արդեն 18 տարի ապրում են տնակներում: Ֆելիքս Սարգսյանի ընտանիքը 1988թ. Հայաստան է գաղթել Ադրբեջանի Աղսուի շրջանի Գյուրջեւան գյուղից: Մազապուրծ փախուստի ժամանակ ընտանիքը հազիվ կարողացել է մի ճամպրուկ հագուստ վերցնել իր հետ: Սարգսյանների ընչազուրկ ընտանիքը մինչ օրս էլ կենցաղով նույն մակարդակի վրա է մնացել: Նրանք ապրում են կոմունալ տարրական հարմարություններից զուրկ ու անմխիթար տնակում, որի պատերը խոնավությունից բորբոսի մեջ կորել էին: Ամռանը տնակում չափազանց շոգ է լինում, իսկ ձմռանը՝ սաստիկ ցուրտ: Սարգսյանների պատմելով, տան պատերն այնքան բարակ են, որ բնակարանը չեն կարողանում տաքացնել: Հինգ անդամից բաղկացած ընտանիքը ամռան սեզոնին գոյատեւում է հարեւան գյուղերի բնակիչների հողամասերում աշխատելով: Ձմռանը օգտվում են Աշտարակ քաղաքի բարեգործական ճաշարանից: Ընտանիքի մայրը՝ տիկին Էլբինան շուրջ երեք ամիս ամեն օր, բքին ու ցրտին 6 կմ ճանապարհ է կտրում, որպեսզի ճաշարանից սնունդը տուն բերի: Այս օրերին հողամասերում արդեն վարձու աշխատանք չկա եւ ընտանիքի անդամներն օրերն անցկացնում են կիսասոված. «Փող չենք ունենում, որ գոնե ցամաք հաց գնենք, ամռանը մի պարկ ալյուր ենք տնտեսել, չգիտենք հիմա ուտենք, թե պահենք ձմռան ավելի նեղ օրերին»: Մի քանի ամիս առաջ Սարգսյանների որդին վերադարձել է բանակից: Այս հանգամանքը հաշվի առնելով՝ ՀՀ կառավարությունը ընտանիքին զրկել է 19 հազար դրամ աղքատության նպաստից, պատճառաբանելով, որ տղան բանակից եկել է եւ կարող է աշխատել ու ընտանիքը պահել. «Բայց որտե՞ղ աշխատի կամ սոված-ծարավ ո՞նց աշխատի»,- հայրենի կառավարությանը հարցնում է տիկին Էլբինան:

Այս տարի խմ-ն 17 հազար դրամով 2 խմ փայտ են գնել, ինչը, Ֆելիքս Սարգսյանի հաշվարկներով, կբավականացնի միայն մեկ ամիս: Ձմռան ցրտերին դիմակայելու համար երեխաները ողջ տարին այստեղից-այնտեղից պլաստմասսյա իրեր ու ցախ են հավաքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել