Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՄԱՐՄՆԱՎԱՃԱՌՆԵՐԸ ՎԱՐԱԿԱԿԻՐՆԵՐ ԵՆ

Նոյեմբեր 07,2006 00:00

Ոստիկաններն այլեւս չեն կարող այգում բռնելով՝ նրանց ստիպողաբար բուժստուգման ուղարկել

Ոստիկանները սերտորեն համագործակցում են մարմնավաճառների հետ, ավելին՝ նրանք այդ բիզնեսում իրենց մասնաբաժինն ունեն եւ արգելելու փոխարեն՝ մարմնավաճառների համար տանիք են հանդիսանում: Թերեւս այդ է պատճառը, որ այսօր Հայաստանում մաշկավեներական հիվանդությունների թիվը զգալի աճել է: Եթե նախկինում ոստիկանները հասարակական վայրում անառակաբարո գործողությունների համար մարմնավաճառներին տանում էին բաժին եւ հանձնում համապատասխան բժշկական հետազոտության, ապա հիմա Վարչական օրենսգրքի փոփոխություններից հետո այդ խնդիրն անվերահսկելի է դարձել: Մարմնավաճառին բռնելն ու նրա խաթրին կպնելն այժմ մարդու իրավունքների ոտնահարում է դիտվում, եւ մինչեւ ոստիկանը «գործի վրա» մարմնավաճառին չբռնի եւ չապացուցի, որ նա փողով ծառայություն է մատուցում, չի կարող մարմնավաճառին բռնի ստուգման ենթարկել: Ներկայումս բուժվելու խնդիրը մնում է մարմնավաճառի հայեցողությանը. կուզի՝ կդիմի բժշկի, չի ուզի՝ նրան իրավապահ մարմինները ստիպողաբար չեն կարող տանել:

Սա «Առավոտի» հետ զրույցում հաստատեց նաեւ Մաշկաբանության եւ սեռական ճանապարհով փոխանցվող վարակների գիտաբժշկական կենտրոնի տնօրեն Կարեն Բաբայանը. «Այս հանգամանքը բերել է նրան, որ հետազոտման քանակը խիստ պակասել է, թեեւ բուժվում են անվճար: Շատերն ուղղակի չեն դիմում մեզ, 5 անգամ քիչ են գալիս, քան առաջ էր: Հիմա դեմոկրատիա է, ոչ ոք իրավունք չունի մարմնավաճառին ստիպողաբար հետազոտել: Եթե նախկինում ոստիկաններն այգում բռնացնում էին մարմնավաճառին, բերման էին ենթարկում եւ անպայման հետազոտության էին ուղարկում, հիմա նման բան չկա»: Բժշկի տվյալներով՝ Հայաստանում վեներական հիվանդություններով տառապում են հիմնականում 24-40 տարեկան մարդիկ: 18-24 տարեկան երիտասարդներն ավելի հազվադեպ են հիվանդանում: Միայն անցյալ տարի մեր երկրում մարմնավաճառների շուրջ 62%-ն ունեցել է այս կամ այն սեռավարակային հիվանդություն՝ սիֆիլիս, սուսանակ, տրիխոմոնիազ եւ տարբեր սնկային հիվանդություններ: Այս տարվա արդյունքները դեռ չեն ամփոփվել, բայց, կենտրոնի տվյալներով՝ արդեն իսկ պարզ է, որ կոնկրետ սիֆիլիս հիվանդությունն այս տարի 15%-ով ավելացել է եւ աճի միտում ունի: Ընդհանուր առմամբ, Կ. Բաբայանի ներկայացմամբ՝ հիվանդների 14-15%-ը տղամարդիկ են, ովքեր վարակվել են մարմնավաճառ կանանցից: Նշենք, որ սեռավարակների հիմնական տարածողները հենց մարմնավաճառներն են. «Մարմնավաճառը ամսվա մեջ 30-ից ավելի մարդկանց հետ կարող է սեռական հարաբերություն ունենալ, հետեւաբար՝ բոլոր նրանք, ովքեր առանց համապատասխան միջոցներ ձեռնարկելու օգտվում են մարմնավաճառի ծառայությունից, վարակվում են: Թեեւ կենտրոնը մարմնավաճառներին անվճար է հետազոտում, բուժում, սակայն դա էլ է անօգուտ, քանի որ բուժվելուց 5 օր հետո նա դարձյալ վարակվում է՝ արդեն ուրիշից»,- ասաց կենտրոնի տնօրենը:

Նրա խոսքերով՝ ներկայումս մարմնավաճառների կեսն է սեռական կապի ժամանակ պահպանակ օգտագործում. «Երբ հարցնում ենք, թե ինչու ձեզ չեք ապահովագրում նման վարակներից, ասում են՝ մեր հին ծանոթների հետ ենք կապ ունենում, էլ նրանց հետ ի՞նչ պահպանակ օգտագործենք»:

Այն, որ սեռավարակների թիվը Հայաստանում գնալով աճում է, բժիշկը բացատրում է մեր հասարակության մեջ սեռական կուլտուրայի բացակայությամբ. «Ազգաբնակչությունը պետք է սանիտարական եւ հիգիենիկ տեսանկյունից լինի գրագետ: Բոլորիս մեջ անգրագիտություն է տիրում՝ դպրոցներից սկսած, երիտասարդները բացարձակապես ոչինչ չգիտեն սեռական զգուշավոր հարաբերությունների մասին: Նրանք կյանքի մեծ փորձ չունեն եւ կարող են հեշտությամբ մտնել սեռական կապի մեջ այս կամ այն վարակակրի հետ: Պետք է մեր երիտասարդներին սովորեցնենք, որ ամեն պատահածի հետ սեռական կապեր չունենան»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել