ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը եւ խմբակցության անդամներ Մհեր Շահգելդյանն ու Հեղինե Բիշարյանը շաբաթ օրը հանդիպումներ ունեցան Սեւանում ու Գավառում, որոնք անցան լեփ-լեցուն դահլիճներում՝ չնայած հարուցված տարաբնույթ ճնշումներին: Հատկապես ակտիվ էին Սեւանի ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները, որոնք հասցրել էին համապատասխան զգուշացումներ անել թե՛ տեղական հեռուստաընկերությանը, թե՛ բնակչությանը: Դահլիճից ոչ հեռու պատգամավորներին հետեւում էին այս կառույցների պետհամարանիշներով ավտոմեքենաները, ընդ որում՝ բավական անթաքույց:
Այս ամենը չխանգարեց, որ ցուրտ եւ չջեռուցվող դահլիճներում հանդիպումներն անցնեին աշխույժ մթնոլորտում: Հնչեցին հարցեր՝ ավանդների վերադարձից մինչեւ իշխանափոխություն: Հանդիպմանը մասնակցում էին տեղական ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներ, որոնք իրենց հարցադրումներով առաջարկում եւ պահանջում էին ընդդիմադիր դաշտին միավորվել ու համախմբված հանդես գալ իշխանությունների դեմ: Արթուր Բաղդասարյանն անդրադառնալով մարզերում տիրող խիստ ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակին, գործազրկության ահռելի չափերին եւ զանգվածային եղանակներով բաժանվող ընտրակաշառքներին՝ կոչ արեց ժողովրդին «թացը չորից զատել», համախմբված պայքարել օրենքից վեր կանգնած, «երկրի ու ժողովրդի շալակը ելած» արտոնյալների դեմ. «Առջեւում ընտրություններ են, եւ եթե միավորվում են փողն ու զոռբայությունը, ուժն ու կրիմինալը, ապա պետք է միավորվեն նաեւ դրանց դեմ պայքարող ուժերը»:
Հանդիպումների մասին ռեպորտաժներ այդպես էլ չհեռարձակվեցին տեղական հեռուստաընկերություններով, չնայած նրանք նկարահանում էին ողջ ընթացքը: ՕԵԿ մամուլի ծառայությունը երեկ հաղորդագրություն տարածեց, որ Սեւանում եւ Գավառում այս հանդիպումներից հետո «հեռուստաընկերություններով շարունակվեցին տարածել ՕԵԿ-ին եւ նրա նախագահ Արթուր Բաղդասարյանին վարկաբեկող եւ սեւ քարոզչություն պարունակող պատվիրված նյութեր, ինչը արգելված է թե՛ Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին օրենքով եւ թե՛ Քրեական օրենսգրքով»: Կուսակցությունը դիմում է Գլխավոր դատախազությանը եւ ՀՌԱՀ-ին՝ միջոցներ ձեռնարկելու համար, եւ նշում, թե «ընտրություններից ընդամենը ամիսներ առաջ ստեղծված են կատարյալ անհավասար պայմաններ դիմության եւ ընդդիմության համար»: