Լրահոս
Օրվա լրահոսը

«Շատ մարդիկ իրենց մասին չափազանց մեծ կարծիքի են»

Նոյեմբեր 07,2006 00:00

Երեկ խորհրդարանում քննարկվում էր պաշտպանության համար բյուջեով նախատեսված հատկացումների հարցը: Խորհրդարան էր եկել պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, ով փակ նիստից հետո պատասխանեց լրագրողների հարցերին:

– Ձեր զբաղեցրած որեւէ դիրքը չի ենթադրում ջրագծի կառուցում, ինչպե՞ս եք բացատրում ձեր մասնակցությունը ջրագծերի բացմանը:

– Դուք շատ լավ գիտեք, որ ես միայն պաշտպանության նախարար չեմ, սա՝ մեկ, երկրորդ, իսկ ո՞վ է ասել, որ պաշտպանության նախարարին չպիտի հետաքրքրեն սոցիալ-տնտեսական խնդիրները: 2003 թվականին Հանրապետական կուսակցության ցուցակում ես երկրորդն էի եւ այդ տարածաշրջանում ես խոստացել էի, որ կօժանդակեմ, որպեսզի այդ տարածաշրջանի վեց գյուղերը ջուր ունենան, եւ արեցի՝ ոչ պաշտպանության նախարարության միջոցների հաշվին: Դուք տեսաք, որ դրանք պետական միջոցներ էին, նաեւ՝ վարկային միջոցներ:

– Արամ Կարապետյանը իր սեւ PR-ի համար մեղադրում է ձեզ, Աղվան Հովսեփյանին եւ Գորիկ Հակոբյանին, ձեր մասով ի՞նչ կասեք:

– Գիտեք, շատ մարդիկ իրենց մասին չափազանց մեծ կարծիքի են: Ես ուրիշ գործ չունե՞մ, հետաքրքրության այլ առարկա չունե՞մ, ինչի՞ս է պետք ինքը: Ինքը ի՞նչ վտանգ է ներկայացնում: Լեզվի մեջ ոսկոր չկա, խոսում են՝ իմանալով հանդերձ, որ կխոսեն-կգնա: Հիմա 5-7-10 տարի առաջ չի, որ խոսելու համար աչքը հանեն, գլխին խփեն: Խոսում են, թող խոսեն:

– Ավիացիայի ոլորտի մասնագետներից մեկը հայտարարեց, որ կործանված Ա-320 ինքնաթիռում նախքան վթարը կրակոցներ եւ «ռազբորկաներ» են եղել:

– Կարծում եմ, այդ նախաձեռնողները իրենք պետք է հերքեն դա, որովհետեւ մենք ինքներս չէ, որ հետաքննել ենք այդ դեպքը, հետաքննությանը մասնակցել են ՌԴ եւ Ֆրանսիայի մասնագետները, այսինքն՝ նաեւ ինքնաթիռ արտադրող մասնագետները: Ի՞նչ եք կարծում, եթե նույնիսկ կասկած լիներ, նրանք այդ մասին աշխարհով մեկ չէի՞ն հայտարարի: Բայց մյուս կողմից էլ այդ ասողների ուղեղն այնքան փոքր է, որ չեն հասկանում՝ անգամ եթե այդպիսի բան է եղել, դա ի՞նչ կապ ունի «Արմավիայի» հետ, որովհետեւ օդանավակայանում անվտանգության ապահովումը բնավ ավիաընկերության խնդիրը չէ:

– Ասում են՝ բյուջեն այս տարի նախընտրական է:

– Եթե նախընտրական է, ի՞նչն է փոխվում, ես հասկանում եմ, որ եթե ասում են նախընտրական, նշանակում է սոցիալական ուղղվածության բյուջե, այսինքն՝ ավելի շատ ծախսեր պիտի անես, այստեղ որեւէ տարբերություն չկա, նորից եմ խորհուրդ տալիս. այդ ասողներին շատ մի հավատացեք, նույն բանն է՝ սոցիալական ուղղվածության, թե նախընտրական, եւ ընդհանրապես ես կցանկանայի, որ Հայաստանի բոլոր բյուջեները լինեին նախընտրական, այսինքն՝ ուղղված լինեն սոցիալական խնդիրների լուծմանը եւ հնարավորություն լինի շատ ավելի ծախսել:

– Տեսակետ կա, որ Սուրեն Աբրահամյանի, Գալաջյանի եւ Աշոտյանի հետ կապված միջադեպերը որոշակի երրորդ ուժի կողմից կազմակերպված է՝ հայաստանյան ներքաղաքական ուժերին իրար դեմ հանելու համար: Դուք որոշակի վարկած ունե՞ք, թե դա որ ուժը կարող է լինել:

– Ոչ, ինչ է նշանակում երրորդ ուժի, այսինքն՝ էն գլխից նշանակում է, որ ձեր թվարկածները մեր թշնամիներն են, եւ եթե ինչ-որ բան է եղել, անպայման մե՞նք պիտի անեինք, եւ հայտնվել է ինչ-որ երրորդ ուժ, փորձում է մեր վրա բարդե՞լ: Ի՞նչ երրորդ ուժ, արել է երկրորդ ուժը, այն ուժը, ով այս մարդկանց իրեն թշնամի է համարել: Էդ ուրիշ բան, որ կուտ են ուտում եւ սկսում են ավել-պակաս խոսել, եւ շատ լավ էլ գիտեք, նաեւ դուք եք գրել որոշ մարդկանց գործելակերպի մասին, որ ի՞նչ պարտադիր է այս մեկը լինի, ինձ այսպես է ձեռնտու, ասում եմ՝ այսպես է, այսինքն՝ որեւէ տրամաբանության ենթարկվո՞ւմ են իրենց ասածները, թող խոսեն, էլի, ի՞նչ է եղել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել