Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՆԳԵՏ ԵՎ ԱՆՏԵՂՅԱԿ ԵՔ

Նոյեմբեր 07,2006 00:00

\"\"Նաեւ այսպես են հակադարձում մեր պաշտոնյաները «Freedom House» հեղինակավոր միջազգային իրավապաշտպան կազմակերպությանը՝ «Հազարամյակի մարտահրավերներ»-ով Հայաստանին օգնության տրամադրումը դադարեցնելու կոչի պատճառով:

Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը, որը Հայաստանի անունից մարտի 27-ին ԱՄՆ-ում ստորագրել էր «Հազարամյակի մարտահրավերներ»-ի 235,65 միլիոն դոլար արժողության ծրագրի համաձայնագիրը, այժմ «Առավոտին» եւ «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում պնդեց. «Որեւէ խնդիր չկա: Ունենք 3 խումբ ցուցանիշներ՝ մոտ 16: Դրանցից 2 խումբը զուտ տնտեսական են: Եթե մի խմբում 3 ցուցանիշներ չեն պահպանվում, «կարմրում են»՝ նոր կարող է հարց ծագել ծրագիրը կանգնեցնելու վերաբերյալ»: «Freedom House»-ը նոյեմբերի 3-ին կոչ էր արել «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիային դադարեցնել օգնության տրամադրումն ի շարս այլ երկրների՝ նաեւ Հայաստանին, նշելով, որ թեեւ այլ ցուցանիշներով բավարարում ենք ընտրության գործընթացին մասնակցելու համար անհրաժեշտ չափանիշներին, սակայն ցածր գնահատականներ ունենք քաղաքական իրավունքների եւ քաղաքացիական ազատությունների բնագավառում: Այս հիշեցմանը նախարարն այսպես արձագանքեց. «Freedom House»-ը 3 խումբ ցուցանիշներից 1 խմբի 2 ցուցանիշներ է ընդամենն ուսումնասիրում: Գոնե 3-ը պետք է խմբում բացասական լինեն՝ կարմրեն: Եվ միայն «Freedom House»-ով չի գնահատվում. ինչքան մեզ բացատրել են՝ այլ հասարակական կազմակերպությունների կարծիքը նույնպես համադրում են, եւ նոր է որոշում ընդունում «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիան»:

Մեր հարցին, թե իբրեւ Հայաստանի կառավարության անդամ՝ համաձա՞յն է «Freedom House»-ի գնահատականին, որ թեեւ համաձայնագիր է կնքել, սակայն չի ապահովում հանձնառած չափանիշները ժողովրդավարական կառավարման բնագավառում՝ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարը պատասխանեց. «Իհարկե համաձայն չեմ: Մենք պրոբլեմ ունեցել ենք՝ հանրաքվեի հետ կապված: Հայաստանում որեւէ արտառոց բան հանրաքվեից հետո չի եղել, որ այդպիսի մտավախություն հարուցի: Ժողովրդավարական կառավարման հետ կապված մեծ, լուրջ միջոցառում մեկ էլ կունենանք 2007-ի մայիսի ընտրությունների ժամանակ: Այ, այդ դեպքում եթե լինեն այլ ցուցանիշներ… Բայց դրա գնահատականը ծրագրի 2008-ի ընտրության համար կարող է կիրառվել»:

«Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի տնօրենների խորհուրդը վաղը պիտի ընտրի այն կառավարությունները, որոնք կարող են դիմել 2007-ին օգնություն ստանալու համար: «Իմ կարծիքով, մենք պրոբլեմ չունենք: Դժվար է ասել, թե ինչ արդյունք կտա «Freedom House»-ի կոչը: Բայց հաշվի առնելով այն կանոնները, որոնցով մենք աշխատում ենք «Հազարամյակի մարտահրավերների» հետ՝ պետք է որ այդքան մեծ ազդեցություն չունենա,- ասաց Վարդան Խաչատրյանը:- Իհարկե, որեւէ բանի վրա վստահ լինել չեմ կարող, ի՜նչ ասես կարող են որոշել: Բայց հույս ունեմ, որ կհաստատվի»: Նախարարը համամիտ էր մեր այն դիտարկմանը, թե «Freedom House»-ի կոչը յուրօրինակ «դեղին քարտ» էր Հայաստանին:

«Freedom House»-ի կոչին առավել բուռն արձագանքեց ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը: Մեր զրույցի ընթացքում նա համաձայնեց կազմակերպության միայն այն գնահատականին, թե չեն հետաքննվել 2005-ի սահմանադրական հանրաքվեի ժամանակ թույլ տված խախտումները: Սակայն կտրուկ անհամաձայնություն հայտնեց «Freedom House»-ի այլ գնահատականներին, մասնավորապես, թե Հայաստանը չի ապահովում հանձնառած չափանիշները ժողովրդավարական կառավարման բնագավառում: «Այս գնահատականներն ինչ-որ չափով տարօրինակ են: Եվ ոչ միայն այն պատճառով, որ չի բերվում որեւէ հիմնավորում կամ որոշակի փաստ, թե ինչու են նման հետեւություն անում,- ասաց ԱԺ նախագահը:- Այլ նաեւ այն պատճառով, որ նույն «Freedom House»-ի գնահատականներով՝ Հայաստանի ցուցանիշները 2005-ին բարելավվել են նախորդ տարվա համեմատ՝ սահմանադրական փոփոխությունների կապակցությամբ: Կարծում եմ, ոչ անաչառ վերաբերմունքի ակնհայտ դրսեւորում է նաեւ գնահատականը սահմանադրական փոփոխություններին (ըստ «Freedom House»-ի՝ «Հանրաքվեով հաստատված երկչոտ բարեփոխումների կենսագործումը 2006-ին կանգ է առել»,- Ա. Ի.): Նախ, հանրաքվեի դրված փոփոխությունները «երկչոտ» որակելն ակնհայտորեն ցույց է տալիս, որ մարդիկ կա՛մ ընդհանրապես չունեն անհրաժեշտ մասնագիտական գիտելիքներ սահմանադրական փոփոխությունների գնահատման համար, քանզի ակնհայտ է, որ եվրոպական մասնագիտական կառույցները շատ բարձր են գնահատել փոփոխությունների կարեւորությունը: Եվ որեւէ մեկը մինչ այժմ դրանք երբեք չէր որակել «երկչոտ»: Ինչ վերաբերում է դրանց իրականացմանը կամ ներդրմանն օրենսդրության մեջ, ապա կարծում եմ՝ բացարձակապե՛ս անտեղյակ են Հայաստանի խորհրդարանի աշխատանքից: Քանի որ ակնհայտ է, որ 2006-ի ընթացքում մեծ ծավալի աշխատանքներ են կատարվել սահմանադրական փոփոխություններն օրենքներում ներառելու ուղղությամբ»:

Վարդան Խաչատրյանի պարզաբանումներից ակնհայտ էր, որ «Հազարամյակի մարտահրավերները» որպես հիմք է ընդունում նաեւ «Freedom House»-ի դիտարկման արդյունքները: Մինչդեռ Տիգրան Թորոսյանը նկատեց, «Ընդհանրապես զարմանալի է, որ «Freedom House»-ն արդեն սկսում է թելադրել այլ կառույցների, թե ի՛նչ պիտի անեն եւ ինչպե՛ս: Սա եւս կարծում եմ, նման անկախ կառույցների աշխատանքի համար հարազատ մոտեցում չէ»: Եվ երբ խնդրեցինք կանխատեսել՝ արդյոք վաղը «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի տնօրենների խորհուրդը Հայաստանի՞ն էլ կընդգրկի այն կառավարությունների ցանկում, որոնք կարող են դիմել 2007-ին օգնություն ստանալու համար՝ ԱԺ նախագահը պատասխանեց. «Ի տարբերություն «Freedom House»-ի ներկայացուցիչների՝ ես չեմ ցանկանում ազդել այդ կորպորացիայի աշխատանքի վրա: Սակայն կարող եմ ասել, որ չկա որեւէ հիմք համագործակցության շարունակությունը մերժելու համար: Ճիշտ հակառակը՝ արվել են մի շարք քայլեր, որոնք տանում են նախապես հռչակված նպատակներին: Չեմ ուզում ասել, թե Հայաստանը չունի թերություններ: Իհարկե, ունի՛: Սակայն այդ թերությունների շտկման համար պետք է ե՛ւ դրանք անաչառորեն տեսնել, ե՛ւ այն դրական քայլերը, որոնք արվում են այդ ուղղությամբ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել