Բոլոր դեպքերում «Արդարություն» դաշինքը նույնքան բաց տեքստով էլ պատասխանում է Ռուբեն Թորոսյանի «բաց նամակին»:
Անցած ուրբաթ օրը «Մարդու իրավունքներ-96» կուսակցության նախագահ Ռուբեն Թորոսյանը գրավոր առաջարկություն էր արել ՀՀ ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանին՝ արձագանքել ՍԻՄ-ում տեղի ունեցող գործընթացներին եւ «Արդարություն» խմբակցության ընտրահանձնաժողովների տեղերի վաճառքի մասին բացահայտումներին՝ համարելով, որ դա պետք է լինի այդ խմբակցության եւ, առաջին հերթին, նրա ղեկավարի գործը: «Առնվազն, խմբակցությունն առաջինը պետք է միջոցներ ձեռնարկեր գնահատական տալու հանրությանը ներկայացված փաստերին, որոնք մեր իրականության մեջ աննախադեպ են «Արդարություն» անունը կրող եւ ժողովրդին հույս ու հավատ քարոզող ընդդիմադիր քաղաքական ուժի համար: Խնդիրը կարեւորվում է նաեւ նրանով, որ այդ առ ու վաճառքի ենթադրյալ գնորդը իշխանություններն են՝ ՀՀ նախագահի աշխատակազմը կամ համայնքապետը: Խմբակցության այսօրվա անտարբերությունը իրեն առնչվող հանցավոր այդ փաստերի, ինչպես նաեւ՝ նախընտրական տարում երկրում տեղի ունեցող քաղաքական կարեւոր դրսեւորումների հանդեպ մտահոգիչ եզրակացությունների տեղիք է տալիս, մասնավորապես՝ գուցե Դաշինքի որոշ կուսակցություններ նո՞ւյնպես հետեւել են իրենց գործընկերոջ՝ ՍԻՄԿ օրինակին»,- հայտարարել էր Ռ. Թորոսյանը նամակում:
Երեկ մենք դիմեցինք «Արդարություն» դաշինքի մամլո խոսնակ Ռուզան Խաչատրյանին՝ իմանալու, թե արդյոք համանուն խմբակցության ղեկավար Ստեփան Դեմիրճյանն արձագանքե՞լ է պարոն Թորոսյանի նամակին:
Մեր հարցադրմանն ի պատասխան, Ռ. Խաչատրյանը նախ ոչ կոռեկտ համարեց մամուլի միջոցով ու «բաց նամակի» ժանրով հարցուպատասխանը:
«Հասկանալի է, որ մարդիկ ուզում են իրենց գործունեությանը հնչեղություն տալ»,- ակնարկելով Ռ. Թորոսյանին՝ նկատեց տիկին Խաչատրյանն ու հավելեց, թե՝ «Արդարություն» դաշինքի համար հանձնաժողովներում տեղերի շուրջ բարձրացված աժիոտաժն անհասկանալի է, որովհետեւ Դաշինքին «մեղադրողները մոռանում են, որ 2003թ. նախագահական ու խորհրդարանական ընտրությունների ժամանակ «Արդարությունը»՝ որպես այդպիսին, կամ՝ դեռ չէր ձեւավորվել, կամ՝ դեռեւս ընտրական հանձնաժողովներում տեղեր չուներ: «Արդարությունը» ընտրական հանձնաժողովներում տեղեր ստացավ խորհրդարանական ընտրություններից հետո, ուստի՝ համապետական ընտրություններում Դաշինքի տեղերը ծախելու մասին նման խոսակցություններն անիմաստ են»,- ընդգծեց Դաշինքի մամլո խոսնակը:
Ինչ վերաբերում է ՏԻՄ ընտրությունների ժամանակ «Արդարությանը» մաս կազմող եւ ընտրական հանձնաժողովներում համապատասխան քվոտաներով ներկայացված կուսակցությունների անդամների ծախված կամ չծախված լինելու հանգամանքին, ապա Ռ. Խաչատրյանը փաստեց, որ այդ հարցը հաճախ է արծարծվում ոչ միայն ՍԻՄ-ի հետ կապված: Նրա համոզմամբ, բոլոր կոնկրետ դեպքերում կուսակցություններն իրե՛նք նախ պետք է կանոնակարգեն ու լուծեն այդ խնդիրը: «Մենք, իհարկե, ցավով ենք վերաբերվում այս պատմությանը, որովհետեւ, ի վերջո, խոսքը գնում է «Արդարություն» դաշինքին մաս կազմող կուսակցության եւ Հրանտ Խաչատրյանի մասին, որի հետ մենք մի քանի տարի արդեն համագործակցում ենք: Բայց մեզ համար անհասկանալի է Ռ. Թորոսյանի պահանջը: Մենք հրապարակային ի՞նչ անենք՝ դատավարությո՞ւն, մանավանդ, երբ կաշառք վերցնել ու տալն ամենադժվար ապացուցելի հանցագործությունն է, իսկ կոնկրետ անձին հրապարակայնորեն մեղադրանքներ ուղղելու համար լուրջ հիմքեր ու փաստեր են պետք: Միակ լծակը, որը հնարավոր է կիրառել դրանք բացառելու համար՝ համապատասխան փոփոխությունն է «Ընտրական օրենսգրքում», որով հնարավոր կլինի ընտրական հանձնաժողովի անդամի ետկանչի մեխանիզմ սահմանել, ինչը մենք փորձում ենք անել՝ «ԸՕ»-ում համապատասխան փոփոխություն առաջարկելով: Բազմաթիվ դեպքեր են եղել, երբ ընտրական հանձնաժողովներում մեր անդամներին սպառնացել են, ճնշումների ենթարկել, երբեմն կասկածներ են եղել որոշ անդամների վերաբերյալ, որոնք Դաշինքում վերլուծել ու քննարկել ենք, բայց դրանք կասեցնելու այլ լծակներ այսօր, ցավոք, չկան:
Ինչ վերաբերում է առանձին կուսակցություններին, ապա ՀԺԿ-ում այդպիսի մի եզակի դեպք է եղել Դավիթաշեն համայնքում ՏԻՄ ընտրությունների հետ կապված: Այդ կոնկրետ դեպքում մենք մեր անդամին կուսակցությունից հեռացրել ենք: Եթե ՍԻՄ-ը նման պրոբլեմ ուներ, կարող էր նույնկերպ վարվել»,- հայտարարեց Դաշինքի մամլո խոսնակ Ռ. Խաչատրյանը: