Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նոյեմբեր 06,2006 00:00

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գլուխ քսանչորսերորդ

ՇԱՐՈՒՆԱԿՎՈՂ ԹՌԻՉՔՆԵՐ

Ժամերով գլուխս կախում էի գրասեղանիս ու էդ ճերմակ թղթիս վրա, բայց գլխիս մեջ ոչ մի տող չէր ծագում, որովհետեւ էդ նույն գրասեղանիս դարակներից մեկում զինգրքույկս էր, որի մեջ անվանս դիմաց գրված էր՝ պՒՐպռՑՏՐ, եւ ապա՝ րՑՈՐՔՌռ րՑՐպսՏՍ, ու չնայած բանակիս ողջ ընթացքում նկարիչ էի աշխատել ու ոչ մի անգամ հրացան չէի կրակել, բայց զինգրքույկիս ռուսերեն էդ ընտիր ու բացահայտ տառերը կրակում էին ուղիղ սրտիս, որովհետեւ խաղաղ ժամանակներում զինգրքույկիս միջի էդ րՑՈՐՔՌռ րՑՐպսՏՍ-ը սրան-նրան ցույց էի տվել ու սրա-նրա մոտ կրակելու իմաստով շատ էի գլուխս գովել, եւ ահա կրակելու առիթը լավագույնս էր ներկայացել, եւ ահա՝ սմքել ու կռկվել էի էդ դափդատարկ թղթիս առաջ եւ էդ կռկված պահերին չէի էլ կարող ենթադրել, որ պատերազմի հաղթական շունչն զգալուն պես՝ էդ դափդատարկ թղթերս բերնեբերան լցնելու եմ հայրենաշունչ ու հերոսական զարմանազան տողերով, ու էդ պահերին դեռեւս չէի կարող ենթադրել, որ շատ շուտով գրեթե բոլոր կռվածները ո՛չ միայն անտեսվելու, այլեւ զանազան առիթներով ու ձեւերով քարկոծվելու էին, ընդ որում՝ քարկոծվելու էին հենց դասալիքներիս ու չկռվածներիս ձեռամբ, իսկ մինչ այդ, մեր էդ մոտալուտ ապագայից ու էլի շատ բաներից անտեղյակ, ես ամաչում էի հատկապես կանանց ու աղջիկների աչքերի մեջ նայել՝ հատկապես սիրուն կանանց ու սիրուն աղջիկների, ու նմանապես ամաչում էի սեփական կնոջս աչքերի մեջ նայել, ու չնայած սեփական աղջիկներս էդ օրերին դեռեւս գրկի երեխեք էին, իրենց աչքերի մեջ էլ էի ամաչում նայել, ու հատկապես չէի կարողանում կռվողների ծնողների աչքերի մեջ նայել, ու նմանապես խուսափում էի սեփական ծնողներիս աչքերի մեջ նայել, ու նմանապես չէի նայում մեր թանգարանի կանանց ու աղջիկների աչքերի մեջ, ու էդպես՝ առանց իրենց աչքերի մեջ նայելու՝ իրենց տնական թթուն էի ոչնչացնում, իրենց եփած սուրճն էի ըմբոշխնում ու հետները նոր էքսպոզիցիայից եւ նոր էքսպոզիցիայի կարեւորությունից էի խոսում, եւ ամենատարօրինակն էն էր, որ ես նույնիսկ ինձ նման ու ինձնից բեշբեթար դասալիքներից էի ամաչում, ու հիմա որ էս ամենի մասին մտածում եմ, սկսում եմ ենթադրել, որ, երեւի, էդ ինձ նման ու ինձնից բեշբեթար դասալիքներն է՛լ են էդ օրերին ինձ պես ու ինձնից բեշբեթար իրենց հոգիների ամենախորքում ամաչել, եւ եթե իրենք իմ ամաչելը չեն տեսել ու չեն իմացել, ես էլ իրենց եմ անհաղորդ եղել, ու վստահ չեմ, թե էդ բոլորս հատկապես մահից էինք սարսափում ու խուսափում, որովհետեւ, ինչքան հիշում եմ, էն ժամանակ էլ էի կյանքի ժամանակավոր բնույթն ընկալում ու հասկանում, բայց երեւի ընկալելն ու հասկանալը մի՛ բան է, ստույգ տեսնելն ու համոզվելը՝ միանգամայն ա՛յլ բան, ու պատերազմի տարիներից էդ մեկնումեկի մարտի քսանյոթին մենք մինչեւ կեսգիշեր Սեւոյի արվեստանոցում զանազան կենացներ էինք ասում ու խմում, ու ամենից շատ Արտակն ու Կարոն էին կենացներ ասում, ու մշտապես քչախոս Կարոն էդ օրը բոլորիցս շատ էր խոսում երեւի էն պատճառով, որ ահագին բացակայել էր Հայաստանից, ու Արտակն էլ քիչ չէր խոսում երեւի էն պատճառով, որ ահագին բացակայել էր քաղաքացիական կյանքից, ու չնայած էն ժամանակ էլ էի կյանքի ժամանակավոր էությունն ընկալում ու հասկանում, այդուհանդերձ, մարտի լույս քսանութի էդ գիշեր ի վիճակի չէի գուշակել, որ տարիներ անց՝ երբ էդ ամենը հիշելով գրի եմ առնելու, հենց Արտակն ու Կարոն են վերջնականապես բացակայելու էս բարդ ու դժվարին տարածքից, ու էդ օրերին գրելուց էնքան էի հետ վարժվել, որ մտքովս չէր էլ կարող անցնել, թե մի օր ահա էսպիսի երկարաշունչ մի բան եմ գրելու ամեն ինչի՝ ներառյալ մարտի քսանյոթի մեր էդ համատեղ ծննդյան մասին, ու բնականաբար չէի կարող նաեւ ենթադրել, որ էս վեպիս ամենաջանասեր ընթերցողը հենց Վարդազարյան Արտակն է լինելու, ու նաեւ չէի կարող ենթադրել, որ լուսահոգին ամեն ինձ տեսնելիս ասելու էր՝ «արա՛, մեր մասին ե՞րբ ես գրելու», եւ երբ ասացի՝ «վախտը կգա՝ կգրեմ», ասաց՝ «էդքան կապրե՞նք որ», եւ երբ հարցրի՝ «էս գրածներս կարդո՞ւմ ես», ինքն ասաց՝ «համ կարդում եմ, համ էլ հավեսի եմ ընկնում. հես ա՝ ես էլ եմ նորից սկսելու գրել», եւ երբ հարցրի՝ «մինչեւ հիմի ի՞նչն էր խանգարում», ինքն ասաց՝ «էս տունս սարքեմ պրծնեմ՝ թափով սկսելու եմ գրել», եւ հետո՝ օրերից ամենաանհեթեթ մի օր մեր ախպեր Արտակն իր տան ամենավերջին քարը դրեց ու դաժանաբար հեռացավ մեզանից, ու հենց իր թաղման օրն անկարող եղա չհիշել Նիցշեի դաժանաբար ասածը, որ Հակոբ Մովսեսից էի լսել. «Երբ տանն ամեն ինչ պատրաստ է, ներս է մտնում մահը»:

Ահա՝ պատերազմի էդ մի քանի տարիներին բացարձակապես անտեղյակ էի, որ երբեւէ վերստին գրելու եմ եւ հատկապես էս բաներն եմ գրելու, ու հիմա էլ չգիտեմ՝ թե ինչո՞ւ էս պահին մեր էն անցած ու գնացած մարտի քսանյոթը հիշեցի, որովհետեւ, եթե չեք մոռացել, Լիզայի հետ Թամրազյանենց տնից ճողոպրելով՝ սելավից մազապուրծ մտել էինք Չարենցի փողոցի շենքերից մեկի դալանը, ավելի ճիշտ՝ դա կոնկրետ էն դալանն էր, որտեղ Խոռխոռունուն ու վերջերս նաեւ մեկ ուրիշին էին սպանել, եւ ահա՝ էդ ապագա սպանդանոցում եւս մի անգամ համբուրեցի Լիզային, ու մեր էդ համբույրը չափազանց երկար տեւեց, որովհետեւ տեղատարափը շարունակվելով՝ ավելի ու ավելի էր ուժգնանում, բայց հիմա ահա մտածում եմ, որ իրավունք չունեմ Արտակից, Կարոյից ու մեր էն մարտի քսանյոթից էսպես միանգամից թռնել եւ էսպես հեշտուհանգիստ վերադառնալ ինձ ու Լիզային, եւ Լիզայից ու Չարենցի փողոցի էդ դալանից ոնց որ եկա ու հասա պատերազմի ժամանակները, էդ նույն ճանապարհով էլ պիտի հետ վերադառնամ, այսինքն՝ էլի մի քիչ պիտի բուքմեյքերական տարածքներում կանգ առնեմ ու շունչ քաշեմ, բայց մինչ այդ նաեւ չեմ կարող չհիշել, որ մարտի քսանյոթի էդ գիշեր, ճիշտ է, հիմնականում Կարոն ու Արտակն էին խոսում ու կենացներ ասում, բայց էդ բոլոր կենացները Սերվետն էր ծաղկացնում իր բազմաբովանդակ երգերով, ու բազմաբովանդակ եմ ասում, որովհետեւ Սեւոն, ինչպես միշտ, քեֆը մի քիչ լավացնելուց հետո սկսեց զանազան օպերաներից զանազան արիաներ կատարել, ինչպես նաեւ՝ գուսանական զարմանազան երգեր եւ, ինչպես միշտ, էդ օրն էլ Սեւոն ցուցանեց իր իմպրովիզացիոն բացառիկ տաղանդը, այսինքն, սիրված ու հանրահայտ երգեր էր երգում, բայց էդ հանրահայտ երգերի բառերը տեղում՝ ոտի վրա փոխում ու միանգամայն ինքնուրույն բառեր էր բստրում, ու էդ օրվա իր բստրածներից ամենահիշարժանը «Էրեբունի-Երեւան» երգի վրա բստրածն էր, որի միայն առաջին տողն եմ էս պահին հիշում՝ «Սրճարան դարձած իմ արվեստանոց»:

Ես էս պահին արդեն վերջնականապես տրամադրված եմ վերադառնալ իմ ու Լիզայի՝ Չարենցի փողոցից մի քանի մետր հեռավորության վրա գտնվող էդ դալանը, որտեղ կայացան իմ ու իր համբույրները, բայց նախքան էդ դալան հասնելս պիտի կանգառ կատարեմ միանգամայն այլ՝ Հրապարակի փոստի դալանում, ուր երեւի հենց էս պահին էլ կանգնած է կիրովականցի Ռաֆոն, որովհետեւ ինքը, փաստորեն, իրավունք չունի մտնել «Էրեբունի» հյուրանոցի առաջին հարկում գտնվող «Եվրոֆուտբոլի» տարածք, քանի որ՝ հենց ինքը ոտ է դնում էդ տարածք, մի քանի ժամ անց Ռուսաստանում գտնվող մեծ եղբայրն իրազեկ է դառնում ու կտրում է Ռաֆոյի ամսական ստանալիքը, եւ Ռաֆոն արդեն չի էլ փորձում ճշտել, թե էդ բուքմեյքերական հիմնարկի աշխատողներից ո՞ր մեկն է մեծ եղբորն էդպես օպերատիվ իրազեկում, ու պարզ էլ չէ՝ էդ իրազեկողն էդ հիմնարկի աշխատո՞ղ է, թե՞ մեզ պես անբուժելի մի կլիենտ, եւ ահա էս ամենավերջին նախադասությանս վրա հիշեցի, թե ինչու իմ ու Լիզայի էն դալանից հանկարծակի թռնելով՝ հասա Հրապարակի էս դալան. ես էդ բանը ոչ թե Ռաֆոյի, այլ հենց ի՛մ ներկա վիճակը ցուցանելու համար արեցի, ու էդ թռիչքիս հիմնական նպատակն էն էր, որպեսզի հաջողացնեմ ձեզ ու հատկապես ինձ համոզել, որ ես ոչ միայն անցյալի հուշերով եմ ապրում, այլեւ ամենաշատը հենց ներկայով եմ ապրում, ավելին՝ նաեւ ապագայով եմ ապրում, եւ ապրածս ներկան ու ապագան մշտապես շողշողուն հույսերով են լեփլեցուն, ու էդ շողշողուն հույսերն էլ մշտապես լեփլեցուն են ֆուտբոլի ու վերջերս հատկապես բասկետբոլի գնդակներով, որովհետեւ արդեն շուրջ մի տարի է՝ ստավկեքի իմաստով հենց բասկետբոլն եմ նախընտրում, քանզի մասնավորապես իմ կյանքը շարունակաբար ցույց է տալիս, որ խաղադրույքների իմաստով բասկետբոլն անհամեմատ ձեռնտու է ֆուտբոլից, եւ պատճառն էլ հիմնականում այն է, որ բասկետբոլի մեջ ոչ-ոքի չկա եւ եթե երբեմն լինում էլ է՝ վերջում օվեր թայմ են խաղում ու որոշում են հաղթողին, այսինքն՝ ոչ-ոքի չկա, եւ ինչպես թիմերի՝ նույնպեսեւ քո՛ հաղթելու ու պարտվելու շանսերն են հավասար՝ հիսուն-հիսուն, եւ եթե ուղեղդ մշտապես արթուն ու սթափ պահես, ավելի ճիշտ՝ եթե առնվազն խաղադրույք կատարելուդ պահին ուղեղդ արթուն ու սթափ լինի, շատ հնարավոր է, որ յուրաքանչյուր երեքից երկու դեպքում շահես, եւ դա կնշանակի, որ տվյալ պահին դու ոչ թե երեք տեղից ես հոնորար ստանում, այլ՝ չորս, ու էս չորրորդն անհամեմատ քաղցր ու ցնծալի է ոչ միայն էն իմաստով, որ համարյա ամեն օր ես ներկայանում ու ստանում, այլեւ հենց հույսի ու հույսերի իմաստով, որովհետեւ արդեն շուրջ հինգ տարի է՝ ես ռեալ հույսերով եմ պառկում քնելու, ու մինչ ֆուտբոլային ու բեսկետբոլային խառնիխուռն երազներիցս հաջորդ օրվա խաղադրույքիս նախագիծն եմ փորձում կորզել, էդ ընթացքում Միացյալ Նահանգներում խաղացած պրծած են լինում իրենց իրական բասկետբոլը, որովհետեւ ամերիկյան NBA-ի խաղերը հիմնականում խաղացվում են մեր գիշերվա կեսին՝ երբ իրենց մոտ ցերեկ է, այսինքն՝ առավոտներն իրենց էդ խաղերի արդյունքները հայտնի են լինում, ու չնայած Կայարանի մեր տան դիմաց ինտերնետային կետ կա, որտեղից, փաստորեն, մի քանի րոպեում կարող եմ էդ գիշերային խաղերի արդյունքներն ու տվյալ օրվա եկամուտս ճշտել, բայց երբեւէ էդ բանն արած չկամ ո՛չ միայն էն պատճառով, որ համակարգչից մարդավարի օգտվել չգիտեմ, եւ ոչ էլ է՛ն պատճառով, որ վախենում եմ՝ տվյալ գիշերվա ողջ երազներս ու հույսերս հօդս ցնդեն, այլ՝ հենց հույսերիս իրականացումից եմ վախենում, որովհետեւ թե՛ տանուլ տալու եւ թե՛ շահելու դեպքում հավասարապես եմ դատարկվում հույսերից, իսկ հույսերս ինձ հարկավոր են ո՛չ միայն քնելուց առաջ ու գիշերվա ընթացքում, այլեւ ու հատկապես զարթնելուց հետո՝ առավոտյան, որովհետեւ ամեն առավոտ զարթնելով՝ ես արագ-արագ «Ժուկով ժամանակովի» սցենարն եմ գրում, այնուհետեւ անցնում եմ էլեկտրոնայինի հոդվածիս, իսկ դրանից հետո միանգամայն ազատված ու ազատագրված՝ ինձ գցում եմ էս անցյալի ու էս ներկայի վտանգավոր ջրերը, այսինքն՝ էս գրելիքս եմ շարունակում, ու էս դեպքում արդեն պարտադիր է, որ հույսերս հետս լինեն, այլապես էս գրածիս նվնվոցն առավել լսելի կլինի, եւ ինձանից կհոգնեք ու կզզվեք ավելի, քան՝ իրականում եք հոգնում ու զզվում, ու էսպես՝ հանապազօրյա էջս լցնելով ու ոտի վրա բերանս մի բան գցելով՝ սլանում եմ Հրապարակի «Եվրոֆուտբոլի» բաժանմունք, որովհետեւ, մինչեւ էդ գրելիքս պրծնում եմ, ժամը մոտավորապես չորսն է դառնում, իսկ չորսի կողմերն արդեն նախորդ օրվա խաղերի արդյունքներն ու տվյալ օրվա խաղերի ծրագրերն ստացված են լինում, եւ եթե նախորդ օրվա դրածներս ստուգում ու շահում եմ, առանձնապես չեմ ցնծում, այլ միանգամից անցնում եմ առաջիկա խաղերի ուսումնասիրությանն ու համակողմանի վերլուծությանը, եւ եթե նախորդ օրվա գրածներս սուտ են դուրս գալիս ու տանուլ եմ տալիս, առանձնապես չեմ տխրում ու վերստին միանգամից անցնում եմ առաջարկվող նորանոր խաղերի մանրակրկիտ ուսումնասիրությանն ու համակողմանի վերլուծությանը, որովհետեւ առանձնապես ողբալն ու առանձնապես ցնծալը հավասարապես են վտանգավոր եւ հավասարապես են քեզ կտրում գալիք զարմանազան ու խոստումնալից խաղերից, մանավանդ որ՝ էդ պահին արդեն հինգի կողմերն է լինում, ու գալիք խաղերի մանրակրկիտ ուսումնասիրության համար ընդամենը մի ժամ ունեմ, որովհետեւ վեցի կողմերը պարտադիր պիտի «Առավոտում» լինեմ, որպեսզի գրածս նախորդ գլուխներն Անժիկի հետ մուտքագրեմ, Մարջիկի հետ սրբագրեմ ու Զառայի հետ էջադրեմ, ու չնայած իրենք էլ են ընթերցողներիս պես էս գրածներիցս շարունակաբար հոգնում, բայց իմի համեմատ իրենց գործը հեշտ է, որովհետեւ երբ շատ են հոգնում՝ մուտքագրելու, սրբագրելու ու էջադրելու էս գործերը մեկումեջ ու համապատասխանաբար գցում են Արտյոմի, Կարինեի, Արմինեի ու Մարիշի վրա, որպեսզի միառժամանակ ազատ շունչ քաշեն, իսկ ես, ինչպես տեսնում եք, էս անշնորհակալ մարաթոնը, փաստորեն, մենմենակ եմ անցնում ու եթե հոգնում էլ եմ՝ հոգնելս ցույց չեմ տալիս եւ իրենց հետ էդ մուտքագրելու, սրբագրելու ու էջադրելու գործերը հավեսով եմ անում հատկապես էն օրերին, երբ նախորդ օրվա խաղերն իմ տրամաբանությամբ են ավարտված լինում ու շահած եմ լինում, իսկ եթե նախորդ օրն էդ թիմերը հետին ու հատուկ նպատակներով իմ տրամաբանությանը հակառակ են խաղացած լինում, էլի մուտքագրելու, սրբագրելու ու էջադրելու էդ գործերն «Առավոտի» էրեխեքի հետ հավեսով ու հաճույքով եմ անում, որովհետեւ բաճկոնիս գրպանում ամեն վայրկյան իրեն զգացնել է տալիս միանգամայն նոր խաղադրույքիս կտրոնը, այսինքն՝ ես արդեն իմ ողջ հոգով իմ նորագույն հույսերի հետ եմ, ու էս առթիվ շատ եմ զարմանում ու ապշում էն մարդկանց վրա, ովքեր խաղադրույքներ չեն դնում ու ամեն գիշեր, ի տարբերություն ինձ, առանց ռեալ ու կոնկրետ հույսերի՝ հանգիստ խղճով պառկում ու քնում են, ու նաեւ էս հանգամանքը նշելու համար իմ ու Լիզայի էն դալանից ժամանակի ոլորաններով եկա ու հասա Հրապարակի էս դալանը, ու էս էքսկուրսիս բուն նպատակն էլ ձեզ համոզելն էր՝ որ ես ոչ միայն անցյալով ու անցյալի բուռն հուշերով եմ ապրում, այլեւ՝ բուռն ու իմաստալից ներկայով, եւ քանի որ արդեն կարողությանս ու հնարավորությանս չափով ձեզ համոզել եմ, հիմա հանգիստ խղճով կարող եմ վերադառնալ հին ու բուն սյուժեիս:

Եթե, իհարկե, ստացվի: Եթե, իհարկե, թողնեն: Եթե, իհարկե, չխանգարեն: Ինչ վերաբերում է խանգարելուն, ինձ խանգարելը չափազանց հեշտ է, եւ ցանկացած մեկը դա կարող է անել, եւ ինձ խանգարելու ու գործիցս կտրելու համար բավական է, որ մեր գրողներից մեկն ինձ զանգահարի ու տեղեկացնի, որ «Գրական թերթը» վերստին անդրադարձել է «Անտիպոեզիայիս», եւ ինձ խանգարելու ու շեղելու համար բավական է նաեւ, որ կինս թեկուզեւ թռուցիկ հիշեցնի մեր բնակարանի վերանորոգման անհրաժեշտության մասին, ու չնայած չեմ վազում ու էդ միանգամայն նոր «Գրական թերթը» չեմ առնում ու նաեւ լուրջ չեմ վերաբերվում մեր բնակարանի վերանորոգման մասին կնոջս անհարկի ու անպատեհ հիշեցումներին, այդուհանդերձ, մտքիս թելը կտրվում է, ու չափազանց դժվարանում է բուն նյութիս վերադառնալս, մանավանդ որ՝ բուն նյութիցս ինձ շեղում են ո՛չ միայն բացասական լուրերն ու հիշեցումները, այլեւ՝ միանգամայն հաճելի լուրերն ու հեռախոսազանգերը. օրինակ, հենց նոր Գրողների միությունից ինձ զանգահարեց Հովհաննեսի քարտուղարուհի Էմման եւ հիշեցրեց, որ վաղը չէ մյուս օրը գրողների հիսուն հոգանոց խմբի հետ Լիբանան՝ Բեյրութ եմ թռչելու, ու չնայած Էմման ինձ դեռ մի ամիս առաջ էր զգուշացրել, բայց ես, մտածելով, որ Բեյրութ մեկնողների ցուցակն ընթացքում փոփոխության ենթարկված կլինի, արդեն տրամադրվում էի մանրից վերադառնալ Լիզային, եւ դուք էլ կվկայեք, որ ահա-ահա վերադառնում էի, ու վերադարձս էլ ոնց որ թե ստացվում էր:

Դե հիմա արի ու վերադարձիր: Ո՞նց վերադառնամ, եթե ընդամենը մի ժամից պարտավոր եմ ներկայանալ Լիբանանի դեսպանատուն, որպեսզի անձնագրիս մեջ վիզաս խփեն, եւ էս տողերը հիմա ոտի վրա ու ճամպրուկային տրամադրությամբ եմ շարում, որպեսզի, ինչպես ասում են, ստաժս չկորի ու էսօրվա գրական պլանս գոնե փոքր-ինչ կատարված տեսնեմ, ու մինչ կինս շալվարս ու վերնաշապիկս կարդուկի, որպեսզի նորմալ տեսքով դեսպանատուն ներկայանամ, ահա էս բաներն եմ գրում ու հենց էս տողիս վրա էլ հասկանում եմ, որ անցյալն ու ամեն ինչ գլխիցս թռել են, եւ մտքիս ու երեւակայությանս մեջ արդեն մեր գրողների հիսունհոգանոց խումբն է, եւ մտքիս մեջ արդեն իրենց հետ եմ ու արդեն մտածում եմ, թե Բեյրութում ո՞ւմ հետ եմ հյուրանոցում մնալու, ու էդ մտածելով՝ հիմա հընթացս նաեւ մտածում եմ, որ երեւի հենց էսպես է լինում, որ գրողներից շատերը դժվարանում են կենտրոնանալ ու գրել, բայց, ինչպես տեսնում եք, ես նույնիսկ իմ էս վիճակում եմ ինչ-որ բան գրում, այսինքն, ես էս իմաստով միանգամայն անուղղելի եւ, փաստորեն, պնդաճակատ մարդ ու գրող եմ, եւ էս իմաստով՝ Թումանյանի Անհաղթ աքլորի պես մեկն եմ, ու էս համեմատությունս էլ ամենեւին պատահական չէ, որովհետեւ էսօր առավոտ շուտ զարթնել ու «Ժուկով ժամանակովի» համար Թումանյանի «Անհաղթ աքլորն» էի սցենարի վերածում, եւ հիմա, երբ արդեն ոչ միայն էդ սցենարն եմ պրծել, այլեւ՝ էլեկտրոնայինի հոդվածս, մտքով էլի էդ Անհաղթ աքլորի հետ եմ ու իմ էս մտքերով տարված՝ ահա հագնում եմ արդուկված շորերս եւ էսպես արդուկված ճանապարհվում եմ Լիբանանի դեսպանատուն, որը, ինչպես Հովոյի քարտուղարուհի Էմման ասաց, Փարաջանովի թանգարանին կպած է:

Հիմա արդեն հաջորդ օրն է, ու անձնագրիս մեջ արդեն վիզաս խփված է, ու վաղը Գրողների միության մոտից շարժվելու ենք Փարաքար, եւ քանի դեռ Արամ Կարապետյանը Փարաքարը չի փակել, ես միանգամայն հանգիստ խղճով փորձում եմ էս վեպիս տարածքային ամբողջականության մեջ գտնվել ու մնալ, բայց արդեն դժվարությամբ եմ կենտրոնանում ու մտքով արդեն մեր գրողների հիսունհոգանոց պատվիրակության մեջ եմ, ընդ որում՝ մտքով արդեն Լիբանանում ու Բեյրութում եմ, եւ չնայած երբեւէ Լիբանանում ու Բեյրութում չեմ եղել, բայց մտովի ու նախապես ամեն ինչ լավ էլ պատկերացնում եմ, ու հիմա երեւակայությունս ու մտքերս լրիվ էնտեղ են, ու էս պահին դեռեւս Երեւանի մեր տանն եմ, բայց արդեն հաջորդ օրն է, այսինքն՝ Երեւանի իմ վերջին առավոտն է, ու էսօր իրիկուն Գրողների տան մոտից ավտոբուսով միասնաբար Փարաքար ենք գնալու եւ… ահա արդեն Փարաքարում ենք բոլորս՝ բացի Անանյան Լեւոնից, եւ ահա Անանյան Լյովան է՛լ է վերջապես հայտնվում, ու էս վերջին նախադասություններս, ավելի ճիշտ՝ էս վերջին տողերս արդեն Բեյրութի հյուրանոցում եմ գրում, ուր Էդոյի ու Ղուկասի հետ մի համարում ենք մի շաբաթ ապրելու, ու ռեգիստրացիայի վերջին պահին հայտնված Անանյան Լեւոնն իր ուշանալու համար բոլորիս առաջ արդարանում է՝ ասելով, թե իր էս ուշանալու պատճառն էն էր, որ չէր կարողանում հեռուստացույցից պոկվել, քանի որ Մերուժը «Կենտրոնով» հարցազրույց էր տալիս Պետրոսին, ու Մերուժն իր հարցազրույցի մեջ ասել էր, որ, մինչ իրենք երկուսով զրուցում են, հացկատակ գրողների մի խումբ թռնում է Բեյրութ, ու Տեր-Գուլանյան Մերուժը նաեւ ավելացրել ու ասել էր, որ, միեւնույն է, Բեյրութն է՛լ էդ հացկատակներին չի փրկի, ու իմ փայով մարգարեանալով՝ Մերուժանն ասել էր՝ հես ա Բեյրութից կվերադառնան ու էլի կշարունակեն նույն բաները գրել, ու Մերուժանի էդ ասածներն Անանյան Լյովան առաջինն ինձ ու Միլիտոնյան Էդոյին վրդովված փոխանցեց եւ, իհարկե, էդ «հացկատակ» բառը Լեւոնը մեզ չասաց, որովհետեւ Մերուժանն էլ հեռուստացույցով էդ բառը չէր ասել, իսկ մնացյալն ինչպես գրեցի՝ հենց էդպես էլ ասել էր, եւ ես ու Էդոն էդ «հացկատակը» բստրելով ու ավելացնելով՝ մեր ճանապարհի ընկեր հիսուն գրողների մեջ Մերուժի ասածները տարածեցինք առանց հետին մտքի ու միանգամայն մաքուր սրտով, որպեսզի, հասկանում եք, ժամանակն ուրախ անցնի, ու հենց էդպես էլ կա, ու հենց էս պահին արդեն մեր երկրորդ աշխատանքային օրն է, ավելի ճիշտ՝ դեռեւս առավոտ է, ու չնայած էդ առավոտ Երեւանում «Առավոտն» արդեն գրել էր, որ Գրողների տունը ծախել ու թռել ենք Բեյրութ, բայց էդ ծախելուց ու Հակոբյան Գոհարի էդ նյութից անտեղյակ, ահա Էդոյից ու Ղուկասից շուտ զարթնել ու թաքուն էս բաներն եմ գրում, որպեսզի ձեռս հետ չվարժվի ու գոնե էս երկրորդ օրը մասնակցեմ գրական քննարկումներին, մանավանդ որ՝ էսօր հիմնական զեկուցողներն են զեկուցելու հայ գրականության արդի վիճակի մասին:

Հիմա արդեն երրորդ առավոտն է, ու ես էլի Էդոյից ու Ղուկասից շատ շուտ զարթնել եւ էլի փորձում եմ էս գրելիքս որեւէ կերպ առաջ տանել, ու արդեն սուրճս եփել եմ, ու գրելու բան էլ կարծես արդեն կա, ու գրելիքս ո՛չ թե Բեյրութին ու բեյրության մեր պատվիրակությանն է վերաբերում, այլ՝ Վանոյին. այո՛, հենց Սիրադեղյա՛ն Վանոյին, ու էս պահի գրելիքս հատկանշական է նրանով, որ ուղղակիորեն Վանոյին վերաբերող բեյրության էդ իրավիճակը միայն ես եմ նկատել, ու չնայած «Առավոտի» ընթերցողները Հակոբյան Գոհարի շնորհիվ մեր էդ բեյրության ուղեւորության մասին ավելի շատ բան գիտեն, քան՝ մասնակիցներս, բայց այն, ինչ հիմա պատմելու եմ, ո՛չ Հակոբյան Գոհարի լրատվական աղբյուրին է հայտնի եւ ոչ էլ՝ էդ գրողական համահայկական համագումարի մասնակիցներից որեւէ մեկին, ու ես էդ մասին վաղը առավոտ կգրեմ, որովհետեւ Ղուկասն ու Էդոն արդեն զարթնել ու ինձ ձեռ են առնում մենակ-մենակ սուրճ խմելուս ու մենակ-մենակ գրելուս համար, ու հենց էս պահին մտքովս անցավ, որ մեր գրողներն ու գրականագետները հիմնականում գրելու համար են իրար ձեռ առնում, իսկ չգրելու համար ոչ ոք ոչ ոքի ձեռ չի առնում, ու էդ մտայնությամբ էին ներծծված նաեւ դույն համահայկական համագումարի գլխավոր բանախոսների գլխավոր բանախոսությունները, որոնց երեւի վաղը անդրադառնամ, եթե, իհարկե, ինձ վերստին հաջողվի Ղուկասից ու Էդոյից շուտ զարթնել:

Շարունակությունը՝ հաջորդ շաբաթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել