«Միսս Հայաստան» մրցույթում Մարինա Կարապետյանը հանդես էր գալու որպես «Միսս Գեղարքունիք», եթե հանգամանքները…
«Միսս…» տիտղոսներն այսօր այնքան տարածական ու սովորական բնույթ են կրում, որքան՝ «ակտուալ», «էլիտար», «աննախադեպ» երեւույթները: Կարելի է ասել, որ դրանք ապրել են իրենց կուլմինացիան ու ինչ-որ տեղ դարձել անհետաքրքիր: Բայցեւայնպես, դրանցից «Միսս Հայաստանը» լրջորեն ընկալելու միտում կար, քանզի շոշափվում է հայրենիքի անունը ու նրա էթնիկ գեղեցկության անպարտելի չափանիշը:
– Մասնակիցների ընտրությունը ի՞նչ պայմաններում էր կատարվում:
– Սեպտեմբերի 24-25-ին Խնկո-Ապոր անվան գրադարանի դահլիճում հավաքվել էին բոլոր այն հայտ ներկայացրած աղջիկները, ովքեր արժանի են համարում իրենց այդ տիտղոսին: Դահլիճից մեկ հարկ վերեւ աղջիկները «չափվում» էին, ապա ուղղվում դեպի հաջորդ հարկ, որտեղ «Միսս Հայաստան» գործակալության նախագահ Կարեն Արիստակեսյանը «այո» կամ «ոչ» էր ասում թեկնածուի մասնակցությանը մրցույթին: Արդյունքում՝ ընտրվեց 23 աղջիկ, նրանցից մի քանիսը մարզերից էր, մեկը՝ Արցախից, մնացածը՝ Երեւանից:
– Հեռուստատեսությամբ հաղորդում էին, որ գեղեցկուհիներին 15 օր՝ մինչեւ հոկտեմբերի 9-ը, մեկուսացրել են Ծաղկաձորում…
– Հայտարարվեց, որ 15 օր պետք է գտնվենք Ծաղկաձորի մի հյուրանոցում, որտեղ կանցկացվեն բեմադրության պարապմունքները եւ բոլոր հարցերը կհոգա ու ժամանցը կապահովի գրասենյակը: «Միսս Հայաստան» գործակալության նախագահ Կարեն Արիստակեսյանը հայտնեց, որ սնունդը լինելու է դիետիկ: Եվ բարդ թվաբանական հաշվարկով 15 օր՝ սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 9-ը «դե՛ սպասիրի» պրակտիկա անցանք Ծաղկաձորում:
– «Դե՛ դիմացի՞ր»… Այսինքն՝ յուրօրինակ կերպո՞վ էր գրասենյակը հոգում բոլոր հարցերը: Թեեւ հասկանալի էր, որ, ըստ «Առավոտին» մոտ կանգնած աղբյուրների վկայությամբ, բյուջեն 6 անգամ պակաս էր պահանջվածից։:
– Ճաշարանում հնչեց դիետիկ սնունդ բառակապակցությունը, բայց հանգամանքների բերումով, հավանաբար, մոռացել էին նշել «խիստ էկոնոմ» սնունդը: Դրա վառ օրինակն էին խաշած ալյուրե գնդիկները, որ, լավագույն դեպքում, մակարոն են անվանում: Յուրաքանչյուրիս հասնում էր մեկ մարդաբաժնի 1/4-ը: Դժգոհություն հայտնեցինք Արիստակեսյանին, որ սոված ենք մնում: Եվ հետագա մի քանի օրը մատուցվում էր նույն բաղադրատոմսի կրկնակի զանգվածը: Փորկապությունը սովորական խոսակցություն դարձավ բոլորիս համար: Ինչ վերաբերում է միրգ, բանջարաբոստանային կուլտուրա հասկացություններին՝ գեղեցկուհիների մաշկի ու առողջության թարմության եւ ուժերի եթե ոչ ապահովման, ապա գոնե պահպանման համար, թեման փակված էր: Բացառություն էին ստորակետի քաշային պարունակությամբ դեկորատիվ սալաթները, որոնք երբեմն զարդային երանգ էին հաղորդում ափսեին:
– Փաստորեն, էկոնոմ սնունդ՝ դիետիկ պայմաններում: Իսկ դրա դիմաց ի՞նչ էին պահանջում ձեզանից:
– Մեզանից չէին պահանջում, այլ պատրաստում էին: Պարապմունքները տեւում էին մինչեւ հաջորդ օրվա ժ. 2-3-ը: Օր օրի մաշվում էինք, գունատվում, թուլանում: Խամրում էր մեր աչքերում կովկասյան կրակը: Հաճախանում էին ապուշացած հայացքները, արցունքոտ դեմքերը, հիստերիկ լացերը, «Մայրի՛կ, արի ինձ տար» արտահայտությունները: Իսկ պայքարի ու մրցակցության եռանդը կորել էր արագ պտտվող ինֆորմացիաների պատճառով:
– Տրամաբանորեն շարունակելի կլինի, եթե պարզվի, որ դուք քնում էիք իրար կուչ եկած, ինչ-որ նկուղում եւ ընդհանրապես չէիք լողանում:
– Ո՛չ: Քաղաքակիրթ երկրում ենք ապրում, անցել են այդ ժամանակները: Տաք ջուր էլ էր հոսում մեր լոգարանի ծորակից: Ճիշտ է, գիշերը ժամը 3-4-ից հետո տաք ջուրը փակում էին, եւ մինչեւ բեզարած ու քրտնած հերթով լոգանք էինք ընդունում, դառնում էր 4-ը: Ու վերջում լողասենյակ մտնող աղջիկը միշտ սառը ցնցուղի տակ էր հայտնվում: Մի սենյակում քնում էինք չորսով, երկուսը՝ մահճակալին, երկուսը՝ բազմոցին: Յուրաքանչյուր զույգիս հատկացված էր մեկ հոգու համար նախատեսված վերմակ: Ստացվում էր այնպես, որ երկար քաշքշուկից հետո կամ ստիպված փաթաթվում էինք իրար, որ չմրսենք, կամ վերմակը թողնում էինք մեջտեղում ու առանձնանում տարբեր ծայրերում:
– Փաստորեն, հնազանդ հարսնե՞ր են պատրաստել, իսկ պոռթկումներ չէի՞ն լինում:
– Լինում էին միայն լացի տեսքով: Մի օր, գիշերվա ժամը 1-ին, պարապմունքներից մեկի ժամանակ Սյունիքի գեղեցկուհին հոգնածությունից ու սովածությունից վատ զգաց, գունատվեց եւ ուժասպառ ընկնելով բազմոցին՝ սկսեց լաց լինել: Նրա լացին հաջորդեց եւս մի քանիսը: Իսկ աղջիկը զանգահարում էր տուն, որպեսզի գան, իրեն տանեն: Երեւույթից ու սեփական վիճակից բարկացած՝ վազեցինք բուֆետ, որպեսզի ուտելիք հայթայթենք: Ադմինիստրատորը, աղմուկից արթնանալով՝ մեծ դժկամությամբ բացեց բուֆետի դռները: Սոված գեղեցկուհիներս ներխուժեցինք սրահ, որտեղ բացի թեյից մեզ ոչինչ չէր սպասում: Պատահել է նաեւ, որ խոհարարի սենյակից, բառիս բուն իմաստով, թռցրել ենք պատահած ուտելիքը: Խմբի ղեկավարը՝ խուճապից անհանգստացած, այդ պահին զանգահարեց ինչ-որ մեկին, հավանաբար՝ հովանավորին: Երկու ժամ անց մի ամբողջ մեքենա՝ մթերքով, հասավ հյուրանոց. է՛լ երշիկեղեն, է՛լ մրգեր, է՛լ քաղցրավենիք… Երկրորդ շնչառությունն էր բացվել: Ամբողջ օրվա գերբեռնվածությունը եւ հոգնածությունն ասես չքվել էր ուտելիքների համից: Գիշերվա ժամը 5-ին հյուրանոցում տիրում էր երգի, պարի ու ծիծաղի աղմուկը:
– «Ինչ-որ մեկը» շատ խորհրդավոր հնչեց, դա Կարեն Արիստակեսյա՞նն էր:
– Ո՛չ: Երբ փորձեցի տեղեկանալ, թե ո՞վ է մեր հովանավորը եւ արդյո՞ք կախարդական սուփրան նրանից չէր, բոլոր դռներն ու պատուհանները փակվեցին իմ առջեւ: Ինչ վերաբերում է Արիստակեսյանին, նա երբեմն գալիս էր: Պատմում էր, թե ինչքան լավ է լինելու այս մրցույթը, ինչքան արդար են լինելու «միսսի» ընտրությունները: Աղջիկները չէին էլ նկատում, որ իրենց ականջները կախ էին ընկել խաշած մակարոնի ծանրությունից:
– Սակայն հեռուստատեսությամբ հաղորդում էին, որ էքսկուրսիաներ ու հետաքրքիր ժամանց են ձեզ համար ապահովել:
– Ապահովելը սխալ է, լոկ նկարահանումների համար երկրորդ օրը մեզ տարան ճոպանուղի: Ու վերջ:
– Երբեւէ չկասկածեցի՞ք, որ, ներողություն, փորձաքննական ճագարիկների փոխարեն են ձեզ այստեղ հավաքել: Ըմբոստություն չեղա՞վ:
– Կասկածներ կային: Ես նույնիսկ տեսախցիկներ էի փնտրում: Պարզապես դժվար չէր աղջիկներին ներշնչել, որ այսպես էլ պետք է լինի: Ըստ էության, թե՛ կազմակերպիչների, թե՛ բեմադրողների համար գեղեցկուհիները շատ ֆորմալ բնույթ էին կրում: Դուք ասում եք գեղեցկուհինե՞ր, իսկ այնտեղ կարող էիք լսել՝ ա՛յ հայվանիկներ։ Առարկության դեպքում՝ կհայտնվեիր բեմի ներքեւում, որպես հանդիսատես:
– Ի դեպ, դուք մրցույթին ներկա էիք որպես հանդիսատես: Ինչո՞ւ չմասնակցեցիք, թույլ չտվեցի՞ն, թե՞…
– Մրցույթից մեկ օր առաջ, բախվելով աղջիկներից մեկին, վայր ընկա՝ ցավեցնելով ոտքս: Սկսվեց անզուսպ լաց՝ անքնության, թերսնման եւ ֆիզիկական գերբեռնվածության հետեւանքով: Ինձ հնարավորություն տրվեց մի քանի ժամով գնալ տուն, հանգստանալ, ապա միանալ խմբին: Երբ զանգահարեցի խմբի ղեկավարին, լսեցի մի երկար պատմություն այն մասին, որ ամբողջ բեմադրությունը փոխված է, եւ ես բեմ դուրս գալ այլեւս չեմ կարող, նաեւ՝ թե ինչքան կարեւոր է ինձ համար սեփական առողջությունս՝ քնելը, սնվելը…
– Եվ դուք մեկ օր առաջ հրաժարվեցի՞ք մրցույթին մասնակցելուց:
– Ենթադրություն չեմ անի…
– Ամեն դեպքում, մրցույթի օրը դահլիճից դիտելով՝ ափսոսանք չզգացի՞ք:
– Ո՛չ: Դրա համար տպավորություն էր հարկավոր։ Դահլիճում շատ տեղեր ազատ էին, աշխուժություն չկար: Ինչ խոսք, բեմ էին դուրս գալիս ընկերուհիներս, սակայն թվում էր, թե այն դատարկ է, չկար այն էներգիան, որը պետք է լցներ ամբողջ դահլիճը։ Համոզված եմ, դրությունը փրկեց միայն Արտո Թունջբոյաջյանը: Չէ՞ որ, երբ մեկուսացնում են գեղեցկուհիներին, նրանց ոչ միայն պատրաստում են բեմադրության, այլեւ բեմ դուրս գալու համար: Եվ դա է գործակալության պատվի ու գնահատականի առաջին չափանիշը՝ գեղեցկուհիների շլացնող փայլը:
Հ. Գ. Երեկ հրավիրված մամուլի ասուլիսում «Միսս Հայաստան» գործակալության նախագահ Կարեն Արիստակեսյանը հորդորեց լրագրողներին՝ սիրել հայրենական «միսսերին» այնպես, ինչպես սիրում ենք մեր երկրի խոհրդանիշները։ «Ինչո՞ւ սովոր չենք ուրախանալ մեր հաջողություններով»,- հավելեց նախագահը: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 27-ին Կիեւում կայացած «Միսս Եվրոպա» գեղեցկության մրցույթում «Միսս Հայաստան» 22-ամյա Մարինա Վարդանյանը (Երեւան) ընդգրկվեց 12 գեղեցկուհիների շարքում: