Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ստամբուլում փորձել են կալանավորել ԱԺ պատգամավորին

Նոյեմբեր 06,2006 00:00

\"\"Գեղամ Մանուկյանը բանավիճել է Էրդողանի հետ

Ինչպես փոխանցում է «Արմինֆոն», երեկ ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ, ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանին թուրք ոստիկանները Ստամբուլի «Կոնրադ» հյուրանոցի դահլիճում ընթացող խորհրդաժողովի դահլիճում փորձել են կալանել: «Հայ դատ»-ի երեւանյան գրասենյակի տրամադրած տեղեկությունների համաձայն, Ստամբուլում Գեղամ Մանուկյանը Հայաստանի հանրային հեռուստատեսության «Հայլուր» ծրագրի պատասխանատու Հարություն Հարությունյանի հետ միասին մասնակցում էր միջազգային խորհրդաժողովի: Խորհրդաժողովում հանդես է եկել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը, ով հերթական անգամ հրապարակել է Թուրքիայի պաշտոնական դիրքորոշումը Հայոց ցեղասպանության փաստը հերքելու վերաբերյալ: Այնուհետեւ ելույթ է ունեցել Գեղամ Մանուկյանը, որը դիմել է Թուրքիայի վարչապետին հարցով, թե՝ 1915 թ. ապրիլի 24-ին Ստամբուլի ողջ հայ մտավորականությունը ինչո՞ւ է ձերբակալվել եւ այնուհետ սպանվել, ինչն էլ խորհրդանշել է Հայոց ցեղասպանության սկիզբը: Գեղամ Մանուկյանը թուրք հասարակայնությանը եւ հատկապես լրագրողներին կոչ է արել ուսումնասիրել «իրենց պատմության այդ մութ էջը» եւ ճանաչել Հայոց ցեղասպանության փաստը, ինչը երկու հարեւան երկրների խաղաղ գոյակցության հնարավորություն կստեղծի: «Թուրքիան պետք է համարձակություն դրսեւորի եւ ճանաչի Հայոց ցեղասպանությունը»,- հայտարարել է Գ. Մանուկյանը:

Նույն աղբյուրի փոխանցմամբ, Գ. Մանուկյանի ելույթից հետո ոստիկանները շրջապատել են նրան`փորձելով դուրս բերել դահլիճից եւ տանել իրենց հետ, սակայն բազմաթիվ լրագրողներ թույլ չեն տվել՝ ասելով, որ Գ. Մանուկյանին կալանավորելու դեպքում իրենք կմիանան նրան՝ միաժամանակ խնդրելով Մանուկյանին մամլո ասուլիս տալ: Գեղամ Մանուկյանն անգլերենով եւ թուրքերենով կրկնել է ելույթում հնչեցրած իր կոչը:

Երեկ այս տեղեկությունը հաստատեցին նաեւ «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունում՝ հավելելով, որ տվյալ պահին խորհրդաժողովը դեռ ընթանում է ու հայտնի չէ՝ ասուլիս կլինի՞, թե՞ ոչ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել