Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ԱՆՁՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԸ ՉԷ»

Նոյեմբեր 06,2006 00:00

\"\"2003թ. Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանում ձերբակալվելուց եւ երկու տարի Լեֆորտովոյի բանտում ազատազրկվելուց հետո, առաջին անգամ հայաստանյան մամուլում «Առավոտի» հարցերին պատասխանում է ՌԴ նախկին օմբուդսմենի՝ Օլեգ Միրոնովի նախկին խորհրդական Արբակ Խաչատրյանը:

– Պարոն Խաչատրյան, օրերս «Առավոտին» տված հարցազրույցում ՌԴ պետդումայի նախկին, այժմ Ստավրոպոլի մարզային դումայի պատգամավոր Անդրեյ Ռազինը Ձեր ձերբակալությունը համարեց պատվեր՝ ՀՀ իշխանությունների կողմից: Այդ մասին նրան խոստովանել են իրենց արածի համար «զղջացող» այն գործակալները, ովքեր, ըստ Ռազինի, ՀՀ նախագահական նստավայրի պատվերով սարքել են այդ գործը: Դուք ի՞նչ կասեիք այդ կապակցությամբ:

– Հավանաբար գիտեք, որ Եվրոպական դատարանում այսօր շարունակվում է տարիներ առաջ իմ դեմ հարուցված շինծու քրեական գործի արդարացման գործընթացը: Եվ երեւի անհամեստ կլինի իմ կողմից՝ մինչեւ դատարանի որոշում կայացնելը, այդ կապակցությամբ որեւէ միտք կամ տեսակետ արտահայտել: Ժամանակն ամեն ինչ կասի: Ինչ վերաբերում է Ռազինի արած հայտարարությանը, դա ինձ համար անսպասելի էր: Զարմանալի է, որ այն ժամանակ, երբ ես բանտում էի, ոչ ոք այդ մասին չէր ուզում բարձրաձայնել: Բայց այսօր շատերն են խոսում այդ մասին: Ինչեւէ: Ես չեմ ցանկանում, որ իմ անձը, այն, ինչ կատարվեց ինձ հետ, դառնա քաղաքական շահարկումների առարկա: Հիմա շատերն են փորձում դա անել: Այսօր Հայաստանը կանգնած է ավելի լուրջ խնդիրների առջեւ, ավելի լավ է դրանց լուծման ելքը փնտրենք, քան զբաղվենք իմ անձնական հարցերի շուրջ մտածելով: Միայն թույլ մարդուն է բնորոշ՝ կրած լուրջ հարվածը ողջ կյանքում դարձնել խաղաթուղթ: Պարզապես ուզում եմ խորհուրդ տալ մեր ներկա եւ ապագա իշխանություններին, եւ առհասարակ բոլորին՝ մի վստահեք «ագենտներին», միեւնույն է՝ նրանք վաղ թե ուշ ծախում են, դավաճանում են, մատնում են:

– Ռուս «ագենտները» խոստովանել են, որ Ձեր դեմ ծրագրավորված էր նաեւ թմրանյութի եւ զենքի «գործ սարքելը», ինչը չի արվել: Սահմանափակվել են միայն չգրանցված գումարների արտահանման մեղադրանքով: Չե՞ք վախենում, որ այն, ինչը չի արվել Ռուսաստանում, կարող են անել Հայաստանում:

– Եթե մարդը վախենալով ապրի, ուրեմն ավելի լավ է նստի տանը եւ դուրս չգա: Իսկ ես կարծում եմ, որ քանի դեռ ապրում ես, պետք է կյանքին նայես բաց ճակատով եւ համարձակ: Թեեւ ոչինչ չի բացառվում: Կատակով ասեմ նաեւ, որ ես նման իրավիճակներում ավելի եմ ուժեղանում, միտքս դառնում է ավելի ճկուն եւ ավելի շուտ եմ կողմնորոշվում: Ի վերջո, քաղաքական հարվածների առումով ինձ կարելի է գրանցել Գինեսի գրքում, ես արդեն ամեն ինչին կոփվել եմ:

– Դուք Լեֆորտովոյի բանտից նամակներ էիք գրում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որով քննադատում էիք թե ՌԴ իշխանությունների քաղաքականությունը, թե երկրի իրավական համակարգը: Ես առիթ եմ ունեցել կարդալու դրանք: Միգուցե այս նամակնե՞րն էին պատճառը, որ Ձեր դատական գործընթացն այսքան երկարաձգվեց:

– Գուցե: Բայց ինձ համար ավելի ցավալի է մի հանգամանք, որ ինձ միշտ հարվածել են իմ երկրից՝ իմ ընտանիքի ներսից: Դրսի հակառակորդների դեմ պայքարելն ավելի հեշտ է, քան՝ ընտանիքի անդամի:

– Ձեր փաստաբաններ Լեւինը եւ Կոսաչովը հավաստում են, որ Դուք ունեք իրավական հիմքեր Ձեր անմեղությունն ապացուցելու համար: Չե՞ք պատրաստվում միջազգային ատյաններում հակահարված տալ ձեր հակառակորդներին, մարդկանց, ովքեր պատվիրել եւ իրականացրել են Ձեր դեմ «սարքված» գործը, մանավանդ որ, դրանց իրականացնողները, ինչպես Ռազինն էր ասում, խոստովանում են իրենց մեղքը:

– Այն ժամանակ պետության անունից ինձ փորձեցին հարվածել, թույլ տվեք ռուսերեն ասել՝ «ՔՑցփվՌպ տՏսՌՑՌփպրՍՌպ ՉօրՍՏփՍՌ»: Իսկ ես եթե այսօր պատասխանեմ նրանց, Հայաստանի այսօրվա արտաքին քաղաքական լարված իրավիճակում կհարվածի ողջ երկրին ու նրա պետականությանը: Սա այն պահը չէ: Ժամանակն ամեն ինչ կթելադրի:

– Հայաստանի համար՝ այսօրվա ճգնաժամային իրավիճակներում, ի՞նչ հեռանկար եք Դուք կանխատեսում:

– Հայաստանի գլխին այսօր այնքան մութ ամպեր են կուտակված, որ յուրաքանչյուրը պարտավոր է մոռանալ իր անձնական վիրավորանքը, շահը: Նման իրավիճակից կարելի է դուրս գալ միայն համախմբված, միասնական ուժերով՝ թիկունքին զգալով ժողովրդի ուժը: Ցավոք, այս իրավիճակում ընդդիմության որոշ լիդերներ տառապում են երկրի առաջին դեմքը դառանալու մոլուցքով: Մինչդեռ իրավիճակն այլ բան է պահանջում՝ Ղարաբաղի անվերջ ձգձգվող հիմնահարցը, շրջափակումը, արտագաղթը, պետական կառույցների կրիմինալացումը, մոնոպոլ տնտեսությունը, ինչի արդյունքում երկրի եւ դրսից եկող գումարները կուտակվում են մի քանի անձանց ձեռքին, սրանք հրատապ լուծումներ են պահանջում: Իսկ այդ ամենը չի կարող լուծել մեկ անձը: Կուսակցությունները սպառել են իրենց, առհասարակ կուսակցություն հասկացությունն է իրեն սպառել: Դա նկատելի է ոչ միայն Հայաստանում: Այսօր առաջին պլան է մղվում անհատի դերը: Ուստի, ես կարծում եմ, որ պետք է ստեղծվի մի Խորհուրդ, այն կկոչվի ժամանակավոր կառավարություն, թե փրկության կոմիտե՝ էականը դա չէ: Այն կհամախմբի եւ ընդդիմադիր, եւ իշխանամետ ուժերի ներկայացուցիչներին, որոնց կընտրի ժողովուրդը: Կընդգրկվեն նաեւ մտավորականներ, համայնքների պատասխանատուներ, ինչու չէ՝ նաեւ Արցախի ներկայացուցիչներ, ինչի արդյունքում ժողովրդի միջից կարող է դուրս գալ հակաղարաբաղյան սինդրոմը: Թեեւ այդ խորհրդի ստեղծումը Սահմանադրության խախտում է, բայց երկրում ստեղծված փակուղային վիճակը թույլ է տալիս գնալ դրան: Միայն այդ խորհուրդը՝ ստանալով ժողովրդի քվեն, կարող է լուծել երկրի ներքին եւ արտաքին խնդիրները: Կարծում եմ, միայն այս կառույցը կարող է իր ետեւից տանել ամեն ինչից հիասթափված հասարակությանը, նրա միջից հանել վախի եւ անվստահության զգացողությունը, ստրուկի հոգեբանությունը: Իսկ դրանց առկայությունը մեզ զրկել է պահանջատեր հասարակությունից, ինչը ամենավտանգավոր բանն է: Բացի այդ, կառույցը՝ լինելով ուժեղ, միջազգային կառույցների եւ հզոր երկրների ղեկավարներին հնարավորություն չի տա ազդելու մեր երկրի առաջին դեմքերի վրա եւ հաշվի կնստեն հզոր կառույցի հետ: Մինչդեռ այսօր մեր անհատ ղեկավարները, իրենց ոչ անբասիր աշխատանքով, իշխանության գալու անլեգալ ճանապարհով եւ այլ պատճառներով՝ կախված են նրանցից եւ չեն կարող երկրի համար կարեւորագույն հարցեր լուծել: Զարգացած տնտեսություն չունեցող երկրում, երբ իշխանության ներկայացուցիչը կուտակել է հսկայական կապիտալ եւ արտերկրում ունի բանկային խոշոր հաշիվներ, նա չի կարող միջազգային ատյաններում իր պետության շահերը պաշտպանել: Ցանկացած ղեկավար ունի սխալներ, բացթողումներ, որոնք միշտ օգտագործում են գերտերությունների հատուկ ծառայությունները: Եթե մարդն իրեն ուժեղ չի զգում իր տան մեջ, նա չի կարող դրսում ինքնավստահ ու համարձակ լինել, հարցեր լուծել: Իսկ Խորհուրդը կձերբազատի անհատներին՝ օտարներից կախված լինելու այդ նվաստացուցիչ իրավիճակից: Կարծում եմ, որ քանի դեռ Հայաստանը գոյատեւում է դրսից եկող գումարներով եւ դրսից ներդրումներ կատարող անձանց հետ հաճախ տարվում են կեղտոտ խաղեր, ապա նրանց ներկայացուցիչները նույնպես պետք է լինեն Խորհրդի կազմում: Այդ դեպքում նրանց ներդրումներն ու կատարած աշխատանքները կդառնան ավելի թափանցիկ ու վերահսկելի:

– Իսկ ինչպե՞ս պետք է լինի Խորհրդի ստեղծման ձեւը, եղանակը:

– Դա արդեն կախված է նախաձեռնող խմբից, եւ դրա մեկնաբանությունը բավականին երկար կտեւի, ես Ձեզ հետ խոսեցի միանգամից երկրորդ մասից:

– Դուք հավատո՞ւմ եք, որ հնարավոր է շտկել երկրի իրավիճակը:

– Ես արդեն հանդիպել եմ քաղաքական շատ լիդերների հետ եւ եկել համոզման, որ դեռ կարելի է, դեռ բոլորի մեջ չի մարել այդ ցանկությունը:

– Դուք կցանկանա՞ք լինել Ձեր առաջարկած Խորհրդի կազմում:

– Ես ազատ թռիչքի մարդ եմ եւ իմ էությամբ, եւ գաղափարներով: Չեմ սիրում ժամանակի սահմանափակում: Բայց եթե իմ խորհուրդների կարիքը զգացվի՝ պատրաստ եմ ծառայել իմ երկրին եւ ժողովրդին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել