Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

21-րդ դարի ծովահենները

Նոյեմբեր 06,2006 00:00

\"\"Նրանք հեղինակային իրավունքներ են գողանում

«Ազդ» գործակալությունն ամռանը վաճառքի է հանել Լեռնային Ղարաբաղի մասին պատմող «Համեցեք Ղարաբաղ» տուրիստական ֆիլմը: Գործակալության տնօրեն Հայկ Հարությունյանը զարմանքով պատմում է, որ ոչ ավելի, ոչ պակաս՝ 15 օր անց շուկան ողողվեց այդ ֆիլմի կեղծ օրինակներով: Ավելին, «Ազդ» գործակալության եւ պրոդյուսեր Արսեն Ասլանյանի հեղինակած ֆիլմերը «պիրատները» հաջողացրել են տեղավորել մեկ սկավառակում: Գործակալությունը նամակով դիմել է Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության պետին՝ տեղեկացնելով, որ խախտվել են իրենց հեղինակային իրավունքները եւ որ շուկայում հայտնաբերել են իրենց հեղինակային ֆիլմի կեղծված տարբերակները: Վարչության պետից գործակալությունը ստացել է պատասխան, թե դիմումում նշված հանգամանքները քաղաքացիական բնույթի հարաբերություններ են եւ կարգավորվում են Քաղաքացիական օրենսգրքով: Իսկ հեղինակային իրավունքի ճանաչման եւ վերականգնման համար խորհուրդ են տվել դիմել դատարան:

Ըստ պրոդյուսեր, ռեժիսոր Արսեն Ասլանյանի՝ «պիրատություն» կա ամբողջ աշխարհում, բայց նայեք տոկոսային հարաբերությունները: Եթե ողջ աշխարհում, օրինակ՝ երգիչ-երգչուհիները ահռելի գումարներ են վաստակում ձայներիզների վաճառքից, ապա Հայաստանում ընդամենը «հացի փող» են աշխատում»: Արսեն Ասլանյանի հեղինակած «Քրիստոնյա Հայաստան» ֆիլմն արդեն պատրաստ է, թեեւ դեռ ներկայացված չէ հանրությանը: Նա այս պահից արդեն մտածում է՝ ինչ անի, որ ֆիլմը չհայտնվի «պիրատների» ձեռքերում. «Ելքը իրավապահների հետ արդյունավետ համագործակցությունն է, սակայն այս դեպքում էլ վերջինները սկսում են հարկեր ու եկամուտներ հաշվել, իսկ ստեղծագործողների համար դա ժամանակի անտեղի կորուստ է: Ստեղծագործողները մեծ չարչարանքով են որոշակի գումարներ վաստակում, իսկ ինչ-որ մարդիկ տանը նստած հարստանում են»: Արսեն Ասլանյանը համաձայն է, որ հեղինակներն էլ պետք է պայքարեն, բայց ինչպես. «թողնեն ստեղծագործական աշխատանքն ու սկսեն կեղծված ապրա՞նք փնտրել, ասենք, Բանգլադեշի շուկայում»:

Հեղինակային եւ հարակից իրավունքները խախտվում են տարբեր ոլորտներում: Կրկնօրինակումներից պաշտպանություն է փնտրում նաեւ «Վան» ռադիոկայանի տնօրեն Շուշանիկ Արեւշատյանը. «Եթե մենք ուզում ենք դառնալ քաղաքակիրթ երկիր, պարտավոր ենք պաշտպանել մարդկանց հեղինակային եւ հարակից իրավունքները: Ինչ ունենք այսօր այս ոլորտում, մի օրենք, որն արտագրված է ՌԴ օրենքից եւ մի հասարակական կազմակերպություն՝ «Հայհեղինակ», որը փորձում է կիրառել օրենքը: Մենք որպես ռադիոկայան, ամեն ինչ անում ենք, որ չխախտենք ստեղծագործողների եւ հեղինակների իրավունքները, իսկ մեր իրավունքներն անպաշտպան են: Չկա մի կառույց, որը պաշտպանի մեր շահերը: Համատարած կրկնօրինակվում են մեր ծրագրերն ու հաղորդումները»: Շուշանիկ Արեւշատյանը խնդիրներ է տեսնում նաեւ գովազդի ոլորտում: Դա գովազդատուներին կրթելու խնդիրն է: Հաճախ գովազդը պատվիրում են պատրաստել հայտնի երգերի կամ երաժշտության հնչյունների ներքո, չհասկանալով, որ խախտում են նրանց իրավունքները:

«Պիրատության» դեմ շատ շուտով անողոք պայքար է սկսում «AbideWeb Technologies» ընկերության տնօրեն Սամվել Ամիրաղյանը՝ շահագրգիռ մարդկանց մասնակցությամբ: Վստահ է, որ ցանկության դեպքում մեկ օրում էլ դաշտը կկարգավորվի: Սամվել Ամիրաղյանը կարեւոր չի համարում, թե ինչպես կկարգավորվի դաշտը, նրա համար կարեւորն արդյունքն է: Ընկերությունն աշխատում է մեր երկրի երգիչների 80%-ի հետ եւ, ինչպես ընկերության ղեկավարն է ասում, ոչ թե պայքար, այլ պատերազմ է սկսվում դաշտում առկա ապօրինությունների դեմ. «Ուզում են սպիտակ, ուզում են կանաչ ագռավ թող ինձ կոչեն, ես պայքարելու եմ, եւ դաշտն այսպես չի մնալու: Այո, համագործակցելու եմ հանցավորության դեմ պայքարի վարչության աշխատակիցների հետ: Այս երկրում «պիրատություն» չի լինելու»:

Ըստ պարոն Ամիրաղյանի, «պիրատական» ապրանքները միայն նկուղներում արտադրվածները չեն, եթե արտադրանքը չունի համապատասխան փաստաթուղթ, թե ով է հարկ մուծել, մաքս մուծել, ինչ քանակի ապրանք է արտադրվել, եթե անհասկանալի ճանապարհով է մտել հանրապետություն, ապա դա եւս ձախ ապրանք է. «Մոտենում ենք՝ ասում, մի վաճառեք, սա կեղծ ապրանք է, ասում են՝ ես կվաճառեմ, դու գնա դատի տուր: Արդեն հասել է այնտեղ, որ Նունե Եսայանի երգերի սկավառակի մեջ տաքսի ծառայության գովազդ է դրված»:

«Ինֆորմացիոն տեխնոլոգիաներ եւ ինտելեկտուալ սեփականության պաշտպանություն» հ/կ նախագահ Սասուն Շահնազարյանն այս հարցում նաեւ հեղինակների մեղքի բաժինն է տեսնում: Շատ ժամանակ նրանք հետեւողական չեն լինում եւ չեն համախմբվում ապօրինությունների դեմ պայքարի գործում եւ ստացվում է, որ հենց իրենք էլ խրախուսում են կեղծարարությունները: Իսկ ընդհանրապես «պիրատական» ապրանքները գրավում են գնորդներին իրենց մատչելիությամբ, սակայն այստեղ կա նաեւ հարցի երկրորդ կողմը: Կեղծված ապրանքներն անորակ են եւ սպառողին հնարավորություն չեն տալիս կարծիք կազմել ստեղծագործության գեղարվեստական արժեքների մասին: Այս դեպքում ասում են. «թանկից էժանը չկա»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել