Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ԴՈՒՔ ԱՂՔԱՏ ԵՔ. ԿԱՐՈՂ ԵՔ ԿԱՇԱՌՎԵԼ»

Նոյեմբեր 06,2006 00:00

\"\"Դատաքննության ժամանակ այդպիսի բացարկ հնչեց դատավորներից մեկի վերաբերյալ

Ժողովուրդը հաճախ է ասում, թե դատավորից հարուստ մարդ չկա: Բանահյուսությանը եթե հավատալու լինենք՝ դատավորները «աջից-ձախից» վաստակում են, «օբյեկտներ» ունեն, չեն հրաժարվում կազինոներում գումարներ մսխել, տարեկան մի քանի անգամ «սեմինարների» են գնում հաճելի արեւադարձային երկրներ: Նրանցից մի քանիսը, ըստ նույն բանահյուսության, աչքի են ընկնում անձնուրաց կենդանասիրությամբ: Պահում են զամբիկներ, գայլեր, առյուծներ, էշեր, շներ, կապիկներ, կատուներ, օձեր, որոնք «հայրենասիրական» անուններ ունեն. Չիլլեր, Քեմալ, Վրեժ, Չոլո, Քոնդոլիզառայս, Մակակ:

Սակայն հետաքրքիր է իմանալ, թե այդ բոլոր հարստություններից որ մասն են դատավորները «խոստովանում»: Տեղեկատվության ազատության կենտրոնը ՀՀ հարկային պետական ծառայությունից ստացել է 2005-ի հունվարից մինչեւ 2006-ի հունվարը դատավորների հայտարարագրած գույքի եւ եկամուտների ցուցակները: Մենք ներկայացնում ենք 23 դատարանների նախագահների հայտարարագրերի սեփական դիտարկումները:

Դատարանների նախագահները հայտարարագրում պետք է պատասխանեին, թե իրենց անունով ինչ շենքեր-շինություններ ունեն, ինչ փոխադրամիջոցներից են օգտվում: Բնամթերքով (օրինակ՝ կարտոֆիլի սերմացու), արտարժույթով կամ ՀՀ դրամով եկամուտները որքան են կազմում: Դատարանների հարուստ նախագահների ցուցակը գլխավորում է Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի նախագահ Վարդան Աբրահամյանը. նրա տարեկան եկամուտը արտարժույթով կազմել է ընդամենը 200 000 ԱՄՆ դոլար: Երկրորդ հորիզոնականում է ՀՀ տնտեսական դատարանի նախագահ Էդուարդ Մուրադյանը. նա հայտարարագրել էր 42 000 ԱՄՆ դոլար: Երրորդ հարուստն ու «թափանցիկը» Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի նախագահ Սամվել Մարդանյանն է. նրա տարեկան եկամուտը կազմել է 16 500 ԱՄՆ դոլար: Չորրորդը եւ «արտարժութային դատավորներից» վերջինն է Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի նախագահ Գագիկ Հովհաննիսյանը. նրա անվան դիմաց գրված էր՝ 8666 ԱՄՆ դոլար գումար:

Օրեր առաջ մասնակցելով Ավան եւ Նոր Նորք համայնքների դատարանում մի նիստի՝ լսեցի կողմերից մեկի բացարկը դատավորին. «Բացարկ եմ հայտնում Ձեզ, քանի որ դուք օգտվում եք երթուղայինից: Հնարավոր է Ձեզ կաշառեն»: Սակայն արդյո՞ք փոխադրամիջոց չունեն մեր դատավորները: Արաբկիր համայնքի առաջին ատյանի դատարանի նախագահ Վ. Աբրահամյանը օգտվում է 2002թ. «Պեժո 406»-ից, Է. Մուրադյանը՝ 2005թ. «Peugeot 307»-ից: Շենգավիթի համայնքի առաջին ատյանի դատարանի նախագահ Սուրիկ Կոստանյանն էլ վարում է 1998թ. «Մերսեդես 320» եւ 2001թ. արտադրության «ՎԱԶ 2106»: 1993թ. արտադրության մի «Մերսեդենս Բենց» էլ ունի Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի նախագահ Արթուր Օհանյանը: 4 նախագահներից են, որոնք ունեն «ՎԱԶ»-եր՝ Վայոց ձորի նախագահ Լեւիկ Պողոսյանը, Կենտրոնի նախագահը՝ Ժորա Վարդանյանը, Աջափնյակի նախագահը՝ Ելիզավետա Դանիելյանը, Արմավիրի մարզինը՝ Հրաչիկ Սարգսյանը:

Վճռաբեկ դատարանի երկու պալատների նախագահներ Արման Մկրտումյանի եւ Մհեր Խաչատրյանի վիճակը լուրջ է. նրանք, ժողովրդական լեզվով ասած, ապրում են աշխատավարձով: Առաջինի տարեկան եկամուտը աշխատավարձով կազմել է 3.729.569 դրամ, իսկ երկրորդինը՝ 5.011.210 դրամ: Վերջինս ապրում է բնակելիում, որն ունի 41 քմ տարածք:

ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Հովհաննես Մանուկյանն ունի 2 բնակելի՝ 359,85 քմ մակերեսով, 2 տնամերձ, բայց նա էլ է աշխատավարձի հույսին՝ 3.981.198 դրամ տարեկան եկամուտով: «Խեղճերի» մեջ էր նաեւ Կոտայքի մարզի դատարանի նախագահը՝ Ռազմիկ Ազարյանը: Նա ուներ 1 բնակելի՝ 19,4 քմ տարածքով:

Սյունիքի մարզի դատարանի նախագահ Միշա Ասատրյանի եկամուտը կազմել է 734.716 դրամ, որը բավարար չէ կազինո գնալու, կենդանիներ եւ փոխադրամիջոց ունենալու համար: Մյուս նախագահների հայտարարագրերի 0-ական ցուցանիշը տեսնելուց հետո հավատացնում եմ. բացարկն անխուսափելի է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել