Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտպանեց շեֆի քավորին

Նոյեմբեր 06,2006 00:00

Ըստ Արարատ Մահտեսյանի, ոստիկանները Իջեւանի քաղաքապետարանում գործել են օրենքով

ՀՀ փոխոստիկանապետ Արարատ Մահտեսյանը երեկ ասուլիսի ժամանակ պատասխանելով «Առավոտի» հարցին, թե ինչպե՞ս է մեկնաբանում հոկտեմբերի 26-ին Իջեւանի քաղաքապետարանում կատարված միջադեպը (երբ ոստիկանները շրջափակել էին քաղաքապետարանը՝ խոչընդոտելով նրա աշխատանքները), «հերյուրանք» որակեց Իջեւանի քաղաքապետարանի աշխատակիցների, հեռուստաընկերության լրագրողների եւ բազմաթիվ քաղաքացիների վկայությունները, որոնք տպագրվել են մեր թերթում: Արդարացնելով իրենց, թե ոստիկանության անձնագրային ծառայությանը պետք է հանձնվեին քարտադարանները, պրն Մահտեսյանը հավատացնում էր, թե մինչ այդ պաշտոնական գրություններ են եղել քաղաքապետին: «Ես մարզային վարչության պետին (Գենադի Սարգսյանին.- Ն. Վ.) կանչել եմ իմ մոտ, ասել եմ՝ Ձեզ մնում է գնալ քաղաքապետարան եւ քարտադարանները տանել ոստիկանություն: Իջեւանի քաղաքապետը դատախազի հետ էր խոսել, դատարանի նախագահի ու միշտ մերժողական պատասխան էր տվել»:

«Առավոտի» հաջորդ հարցին, թե ինչպիսի՞ն է փոխոստիկանապետի գնահատականը իր ենթակաների հարբած լինելու եւ բռնություններ կիրառելու վերաբերյալ, ինչը ականատեսներն էին ասել, պրն Մահտեսյանը նշեց. «Խնդրում եմ նման հերյուրանքները թող տեղ չգտնեն ձեր թերթում: Աշխատանքային օրվա ընթացքում ոստիկանները բոլորը միասին հարբած լինել չեն կարող: Նրանք ամեն րոպե շփվում են քաղաքացիների հետ: Մարզային ոստիկանապետը ճաշելիս է եղել ազգային անվտանգության ծառայության պետի, դատարանի նախագահի, դատախազի հետ: Կարող եք գնալ այդ ճաշարան եւ ստուգել. ոգելից օգտագործե՞լ են, թե՞ ոչ»: Ապա շարունակեց. «Միգուցե ձեւի մեջ ոչ այնքան կոռեկտ է եղել, որ ոստիկանները մտել են, բայց նրանք կատարել են օրենքով վերապահված գործողություններ»։

Հիշեցնենք, որ Իջեւանի մարզային ոստիկանապետը՝ Գենադի Սարգսյանը, եւ ՀՀ ոստիկանապետ Հայկ Հարությունյանը քավոր-սանիկ են:

Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում փոխոստիկանապետ Արարատ Մահտեսյանը երեկ արձանագրեց, որ ՆԳ նախկին նախարար, գեներալ Սուրեն Աբրահամյանի վրա հարձակում կատարողները չեն հայտնաբերվել, եւ հանցագործությունը, բնականաբար, մնում է չբացահայտված: «Մեծ ծավալի աշխատանք է կատարվել, հարցաքննություններ են եղել քննչական վարչությունում, համատեղ լուրջ աշխատանքներ են կատարվել, բայց դեպքը մնում է չբացահայտված»,- հավելեց Ա. Մահտեսյանը:

Նրա խոսքերով, Ս. Աբրահամյանի բնակավայրի շրջակա տարածքների բնակիչները հարցաքննվել են, բայց՝ ապարդյուն: Սակայն գործի չբացահայտման առնչությամբ երեկ փոխոստիկանապետը այլ պատճառներ է նշում: «Օպերատիվությունը բաց թողնվեց: Պարոն Աբրահամյանը առաջին երկու օրը չկարողացավ ցուցմունքներ տալ»,- հանցագործության չբացահայտվելու պատճառներին անդրադառնալով՝ նշեց Ա. Մահտեսյանը: Իսկ վարկածների մասին նա չխոսեց, թեպետ, Ա. Մահտեսյանի խոսքով, դրանք շատ են ու «դրանց ուղղությամբ իրենք աշխատում են»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել