Դաժան ծեծի միջոցով «6»-ի ոստիկանները ռուս երիտասարդի դեմ սպանության գործ սարքեցին
Օրեր առաջ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից «Առավոտին» էր դիմել ՌԴ քաղաքացի, 1983-ին ծնված Ալեքսանդր Սերովը, որը 2001-ին Երեւան է եկել որպես ՌԴ բանակի ժամկետային ծառայող: «2003-ին ես պայմանագրով շարունակեցի ծառայել Հայաստանում: Պարզապես ուզում էի ինքնուրույն ապրել: 2004-ի մայիսին մեկնեցի երկար սպասված եռամսյա արձակուրդի՝ իմ ծննդավայր Վիբորգ: Այնտեղ ես հանդիպեցի մի աղջկա, որն ամբողջովին փոխեց իմ կյանքը: Որոշեցի վերադառնալ Հայաստան՝ նպատակ ունենալով զորացրվել ՌԴ զինված ուժերից, սակայն որոշ փաստաթղթերի պատրաստման, ինչպես նաեւ ֆինանսական վերջնահաշվարկի պատճառով ստիպված էի մի քանի ամիս այստեղ մնալ»,- գրում է Ալեքսանդրը:
2004-ի հոկտեմբերի 15-ին, երեկոյան ժամը 21-ին Սերովը հանդիպեց իր ծանոթներից մեկին՝ Վարդանին, որին, իր խոսքերով, ընդամենը 10-15 օր էր ճանաչում: Հանդիպումից մի քանի ժամ անց Ալեքսանդրը Վարդանին առաջարկում է գնալ ինտերնետ ակումբ. «Այստեղ առաջին անգամ էի,- պատմում է երիտասարդը,- ես զբաղեցրի մուտքից ոչ հեռու գտնվող համակարգիչը, իմ ետեւում եւս 2-3 համակարգիչ կար, իսկ վերջում ակումբի ադմինիստրատորի սեղանն էր: Վարդանն առաջին 20-30 րոպեն նստած էր ինձ հետ, իսկ հետո մոտեցավ ադմինիստրատորին եւ նստեց նրա կողքին: Թե ինչ էին նրանք խոսում, ես չգիտեմ, քանի որ հայերենին այնքան էլ լավ չեմ տիրապետում, բացի այդ, նրանք բարձր երաժշտություն էին միացրել: Որոշ ժամանակ անց ես տարօրինակ մի ձայն լսեցի, ինչն ինձ ստիպեց շրջվել: Բայց ոչինչ չտեսա, քանի որ իմ հետեւում գտնվող համակարգիչները խանգարում էին: Մոտեցա ադմինիստրատորի սեղանին, տեսա մի շրջված աթոռ, Վարդանին եւ գետնին ընկած տղայի ոտքերը: Սակայն արյան որեւէ հետք աչքովս չընկավ: Վարդանն ինչ-որ բան գոռաց, սակայն անսպասելիությունից ես չհասկացա նրան: Հրամայեց փողերը վերցնել սեղանից: Այս պահին ես նույնիսկ չեմ էլ հիշում, թե ինչպես գտա դրանք: Միայն հիշում եմ, որ շատ արագ ու վարժ շարժումներով վերցրի դրանք, որից հետո նա ինձ դեպի մուտքը քարշ տվեց: Մենք փախանք: Ես փողերը տվեցի Վարդանին՝ չիմանալով նույնիսկ, թե ինչքան է: Վարդանի ձեռքին կարծես ինչ-որ ձող նկատեցի, որը նա դեն գցեց ճանապարհին: Ես, իհարկե, նրանից հարցրի պատահածի մասին, սակայն պատասխան չստացա: Այնուհետեւ նրա հետ տաքսիով Քանաքեռ գնացինք, որտեղ եւ բնակվում էինք: Հետո Քանաքեռում Վարդանը մի փոքր ուղեկցեց ինձ, եւ տալով 4000 դրամ՝ ասաց, որ միջադեպի մասին ոչ մեկին չասեմ»:
Դեպքից 2 օր անց Ալեքսանդրը նորից է հանդիպում Վարդանին, միասին մի փոքր խմելուց հետո Վարդանը եւ նրա ընկեր Գարիկը առաջարկում են Սերովին տանը պահել իրենց գողացած կենցաղային տեխնիկան. «Ես՝ հիմարս, համաձայնվեցի: Վարդանը գունավոր հեռուստացույցը թաքցրեց մի բարձրահարկ շենքի նկուղում, որը նա պետք է ինչ-որ տեղ տաներ առավոտյան»,- նամակում հայտնում է Ալեքսանդրը: Հաջորդ օրը, առավոտյան ժամը 9-ին Ալեքսանդրին արթնացնում են Քանաքեռ-Զեյթուն համայնքների՝ քաղաքացիական հագուստով երկու ոստիկաններ, որոնք տղային՝ գողոնի հետ միասին, տանում են բաժին: «Այստեղ ես տեսա Գարիկին եւ իմ ընկեր Միշային, որը գողության հետ կապ չուներ: Ես պատմեցի եղածը եւ ինձ թույլատրեցին մի փոքր քնել, իսկ Գարիկին խոսեցրին էլեկտրաշոկի միջոցով: Մի խոսքով՝ Գարիկը թեեւ խոստովանեց, բայց Վարդանի մասին ոչինչ չասաց: Արդյունքում՝ ինձ վրա 20-30 գողություն եւ թալան բարդեցին, բայց հարցուփորձից հետո քննիչը թողեց միայն 3-ը: Նա ամեն ինչ հասկացավ եւ երդվեց, որ ամենաշատը ընդամենը $400 տուգանքով կազատվեմ: Այնուհետեւ ինձ կալանավորեցին, իսկ Գարիկին՝ ոչ, քանի որ նա 17 տարեկան էր, իսկ Վարդանին նույնիսկ չփնտրեցին: Ես ոստիկանին ասացի, որ այդ օրը Վարդանը պետք է վերցնի հեռուստացույցը եւ նույնիսկ ժամն ու տեղը նշեցի: Ի զարմանս ինձ, ոստիկանները ժամը 11-ին արդեն վերցրել էին հեռուստացույցը նկուղից: Ինձ նախնական կալանքի խցից տեղափոխեցին քրեակատարողական հիմնարկ, որտեղ ես 10 օր հանգիստ սպասում էի, թե երբ կփակեն գործը եւ ես հանգիստ կմեկնեմ հարսնացուիս մոտ»,- նշում է Ալեքսանդրը: 2004-ի հոկտեմբերի 28-ին նրան տեղափոխում են 6-րդ վարչություն. «Այստեղ նոր քննիչը՝ Մակարյանը, ինձ բացատրեց, որ ես ինտերնետ ակումբում տեղի ունեցած կռվի ականատեսն եմ, ինչի մասին վկայություն է տվել տուժած Արտակ Մելքոնյանը, որը գտնվում է հիվանդանոցում: Ես նույնիսկ չզարմացա եւ որոշեցի պատմել ողջ ճշմարտությունը, հույս ունենալով, որ եթե իմ վկայությունները համընկնում են Ա. Մելքոնյանի ասածի հետ՝ ինձ բաց կթողնեն: Ինձ թվում էր, որ նրանք հաշվի կառնեն այն փաստը, որ, ըստ Մելքոնյանի, ես ոչ թե այդ կռվի մասնակիցն էի, այլ ընդամենը ականատես: Ամեն ինչ պատմեցի, պատասխանեցի բոլոր հարցերին, բացի նրանից, թե որտեղ է ապրում Վարդանը, թեեւ հուշեցի՝ որտեղ եւ ում միջոցով կարելի է գտնել նրան: Քննիչը ինձ շնորհակալություն հայտնեց եւ նշեց, որ 10-15 րոպեից ինձ հետ կուղարկեն բանտ: Սակայն քիչ հետո հավաքվեցին 6-7 ոստիկաններ եւ առանց խոսքի սկսեցին ծեծել ինձ: Այդպես էլ չհասկացա, թե ինչու: Իսկ 15-20 րոպեից եկավ ինչ-որ Արմեն եւ ներկայացավ որպես 6-րդ վարչության «ուբոյնի օտդելի» պետ եւ մեղադրեց Արտակ Մելքոնյանի սպանության մեջ: Ես հարցրի, թե այդ դեպքում ո՞ւր մնացին Ա. Մելքոնյանի վկայությունները, որ ես ընդամենը ականատես էի: Հարցի համար եւս մի քանի հարված ստացա նրա կողմից: Դրանից հետո ինձ տարան 6-րդ վարչության պետի կամ նրա տեղակալի մոտ, որտեղ նույնպես ինձ մեղադրեցին սպանության մեջ: Հետո եւս 1 ժամ ինձ ծեծեցին, բայց այս անգամ արդեն դուբինկաներով, ինչպես նաեւ սկսեցին կիրառել էլեկտրաշոկ, որի միջոցով ինձ ուշքի էին բերում»: Սերովը նաեւ հայտնում է իր նամակում, որ ոստիկանները մերժել են փաստաբան տրամադրելու իր խնդրանքը, նաեւ հանդիպում է խնդրել ՀՀ-ում ՌԴ հյուպատոսի հետ. «Նրա փոխարեն ինձ այցելեց մի տղամարդ, որի կոշիկների ծանրությունը պարզ հիշում եմ: Զարմանում եմ, թե այդ այցից հետո ես ինչպես պահպանեցի իմ ատամները»:
Ալեքսանդրը նշում է, որ ծեծ ու ջարդը շարունակվում են այնքան, մինչեւ որ նա հոգեկան ճնշումների արդյունքում իր վրա է վերցնում ողջ հանցանքը. «Այսպիսով, քննիչի եւ Արմենի օգնությամբ, որն աշխատում էր 6-րդ վարչությունում, գրեցինք բոլոր ցուցմունքները, քանի որ շատ մանրամասների ես տեղյակ չէի, օրինակ, թե քանի հարված էր հասցվել զոհին, ինչպես էին հարվածել: Դրանից հետո ինձ տարան հանցագործության վայրը, որտեղ ես իբր թե ցույց տվեցի, թե ինչպես էր պատահել: Կապվեցի հարազատներիս հետ: Իմ քեռին Մոսկվայում արդեն ՌԴ անվտանգության դաշնային ծառայության գնդապետ էր, չնայած այդ պահին չէր աշխատում, բայց հույս ունեի, որ ինչ-որ կերպ կօգնի: Ինձ մեղադրում էին խմբակային սպանության մեջ, քանի որ բոլոր հանցանշանները մատնանշում էին ոչ թե ինձ, այլ մեկ ուրիշին, սակայն 6-րդ վարչությունում գրված իմ ցուցմունքները, որոնք իմ ձեռագրով չէին, եւ անգամ հայերեն էին, մատնանշում էին ինձ: Այստեղ ասվում էր, որ ամեն ինչ ինքս եմ արել: Այն դեպքում, երբ հայտնաբերված արյան հետքերը, ինչպես նաեւ մատնահետքերն ու ոտնահետքերը, մազերը խոսում էին 3-րդ անձի ներկայության մասին: Դեպքի վայրում ինձնից ոչինչ չէին գտել, իսկ դատախազի եւ քննիչի պնդմամբ՝ սպանությունը կատարվել է խմբով, թեեւ նրանք այդպես էլ չկարողացան գտնել 2-րդ մասնակցին: Ես եւ իմ պաշտպանը մի քանի անգամ խնդրեցինք կազմել Վարդանի ֆոտոռոբոտը, բացի այդ՝ սպանության «գործիքն» էլ չէր հայտնաբերվել: Ինչպես առաջին, այնպես էլ 2-րդ դատավարության ժամանակ դատախազը այդպես էլ ոչինչ չասաց: Միակ բանը, որ նա արեց դատավարության ժամանակ, կարդաց մեղադրական եզրակացությունը, որը թեեւ լի էր հակասություններով, սակայն դատավորն այն ընդունեց»: Այսպիսով, Ալեքսանդրին դատապարտում են 9 տարի 6 ամիս ազատազրկման:
«Վերաքննիչ դատարանում պարզեցինք, որ եթե դատավորին $6000 տանք, ապա հնարավոր կլինի փոխել մեղադրանքը, որի արդյունքում ինձ կդատապարտեն ընդամենը 3-5 տարի ազատազրկման: ՌԴ անվտանգության դաշնային ծառայության ողջ անձնակազմն է ծիծաղել այս գործի վրա, եւ ասել են, որ ոչ թե 100, այլ 200 տոկոսով հնարավոր է, որ ինձ անմեղ ճանաչեն, սակայն քեռուս հույսերը չարդարացվեցին: Բացի այդ, ինձ այցելեցին նաեւ ՀՀ-ում ՌԴ դեսպանատան հյուպատոսը, ինչպես նաեւ նրա իրավաբանը, որոնք նույնպես ասացին, որ հաստատ հնարավոր է ապացուցել իմ անմեղությունը»,- փաստում է Ալեքսանդրը:
Հոկտեմբերի 12-ին Ալեքսանդրը դիմել է արդեն Վճռաբեկ դատարան՝ հույս ունենալով, որ գոնե այստեղ իրեն կարդարացնեն: