Լրահոս
Օրվա լրահոսը

Արագածոտնի մարզը փաստաբաններին «չի ձգում»

Նոյեմբեր 06,2006 00:00

\"\"Աշտարակի, Թալինի եւ Ապարանի քաղաքացիները գործնականում զրկված են իրավաբանական օգնություն ստանալուց:

Արագածոտնի մարզի առաջին ատյանի դատարանը (նստավայրը՝ Աշտարակ) 2001-ից տեղափոխվել է վերակառուցված շենք: Դատական բարեփոխումների շրջանակներում նիստերի երկու դահլիճում էլ ամբողջ դատաքննությունը ձայնագրառվում է, ինչը դեռ «խորթ» է գործին մասնակցող անձանց. «Մարդիկ մոտենում են բարձրախոսին ու հարցնում՝ աշխատո՞ւմ է, թե՞ ոչ, երբ իմանում են, որ ձայնագրվում է, պահանջում են անջատել, որ ցուցմունք տան: Բարձրախոսը նրանց կաշկանդում է, բայց դա ժամանակի խնդիր է՝ կսովորեն»,- «Առավոտի» հետ զրույցում նշեց դատարանի նախագահ Սուրեն Մնոյանը: Դատարանի նոր շենքում կա վկաների համար առանձնացված մեկ սենյակ, սակայն, ըստ նախագահի՝ վկաները սենյակից չեն օգտվում. «Փորձում ենք ինչ-որ ձեւով կազմակերպել այդ աշխատանքները, սակայն պատճառաբանությունները շատ են, մեկը ցանկանում է դուրս գալ ծխելու, մյուսը՝ կարիքները հոգալու եւ նմանատիպ այլ ձեւերով խուսափում են մնալ իրենց սենյակում»:

Մարզի բնակիչները սկսել են դատարանին ավելի շատ վստահել, համենայնդեպս, այդպես է կարծում Ս. Մնոյանը. «Մարդիկ գիտեն, որ դատարան դիմելու դեպքում իրենց գործն արդար լուծում կստանա, դա է վկայում նաեւ քաղաքացիական գործերի աճը: Այդ գործերում եթե վիճող կողմերը երկուսն են կամ ավելին, մի կողմը միշտ էլ դժգոհ է լինում, նույնիսկ եղել են դեպքեր, երբ մարդիկ իմանալով, որ իրենք արդարացի պարտվել են՝ էլի դժգոհել են, ինչ-որ մի բան պիտի պատճառաբանեն, հայկական մենթալիտետն է այդպիսին»: Միայն Աշտարակի նստավայրում այս տարվա 9 ամիսներին գրանցվել է 850 քաղաքացիական գործ (2005 թ. եղել է 700 գործ): Հիմնականում գերակշռում են հողային, գույքային, ընտանեկան եւ վարչական բնույթի գործերը: Քիչ չեն նաեւ գյուղապետերի, Աշտարակի, Ապարանի, Թալինի քաղաքապետարանների դեմ քաղաքացիական գործերը, որով վիճարկվում են նրանց կայացրած որոշումները: Խարդախության մեղադրանքով նույնիսկ քրեական գործ է հարուցվել մարզպետարանի սոցիալական հարցերի վարչության պետի դեմ: Ի դեպ, այս գործերում հայցվորի դերում մեծամասամբ հանդես են գալիս հասարակ քաղաքացիները: Մարզում քրեական վիճակը վերահսկելի է, ըստ պրն Մնոյանի, չկան քրեական հեղինակություններ եւ հանցավոր խմբեր՝ «համենայնդեպս, եթե կան էլ, ապա դատարան չեն ընկել»,- ասում է դատավորը: Այս տարվա 9 ամսվա ընթացքում, մարզի կտրվածքով դատարանում գրանցվել է 87 քրեական գործ՝ նախորդ տարվա 90-ի փոխարեն:

Աշտարակի դատարանի նախագահի հետ միասին աշխատում է եւս երկու դատավոր։ Մեկական դատավոր էլ առանձին նստավայրեր ունեն Ապարան եւ Թալին քաղաքներում: Մարզի հինգ դատավորներից չորսը Երեւանից է, նրանցից երկուսը իգական սեռի ներկայացուցիչ է:

Մարզի քաղաքացիները զրկված են իրավաբանական խորհրդատվություն ստանալու եւ փաստաբանի դիմելու հնարավորությունից: Պատճառներից մեկը քաղաքացիների ծանր սոցիալական պայմաններն են: Փաստաբանները տեղյակ լինելով նրանց սոցիալ-կենցաղային վիճակին, ծանրութեթեւ են արել եւ եկել այն եզրակացության, որ այստեղ փող չեն աշխատի, այդ իսկ պատճառով մարզ չեն գալիս:

Մեկ-մեկ նրանք հայտնվում են Աշտարակի եւ Թալինի նստավայրերում, սակայն, օրինակ, ապարանցիները փաստաբանի երես տարիներով չեն տեսել: «Նույնիսկ ես եմ խնդրել նրանց, որ գան աշխատեն, քաղաքապետի հետ էլ եմ պայմանավորվել, որպեսզի նրանց համար առանձին աշխատասենյակ հատկացնենք, բայց չեն գալիս: Եվրոպական երկրներում դատավարությանը գնում են միայն կողմերի փաստաբանները, գրագետ մարդիկ կարճ ժամանակահատվածում գործը քննում-վերջացնում են, մեզ մոտ գալիս են մեծահասակ տատիկ-պապիկները եւ առանց հասկանալու՝ դատարանից պահանջում են իրենց հասանելիքը, չգիտակցելով, որ դատարանը ոչ աշխատավարձ է տալիս, ոչ էլ նպաստ, ոչ էլ թոշակ։ Նման դեպքերում թույլ եմ տալիս նաեւ դատավարական շեղումներ, բայց ստիպված եմ անում»,- ասում է Սուրեն Մնոյանը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել