Կարծում էր Սերգեյ Փարաջանովը
«Ինչպիսի՞ն է իմ կենսագրությունը: Դարդ՝ ահա իմ կյանքի մշտնջենական բանաձեւը: Այժմ, երրորդ ձերբակալումիցս հետո, վերջապես կարող եմ որոշ բաներ ամփոփել: …30 տարի անց ես վերադարձել եմ քաղաք, որտեղ ծնվել եմ 1924 թվականին: Վերադարձել եմ՝ տարեց մի մարդ, որի մեջքին, ասես, երկու թեւ աճած լինի. մի կողմից՝ փառքը, հաղթանակն ու ճանաչումը, մյուս կողմից՝ ստրուկի, գերիի, զեկի նսեմություն: Ես չունեմ ո՛չ պաշտոնական կոչումներ, ո՛չ պարգեւներ: Ես ոչինչ եմ: Ապրում եմ Թբիլիսիում, ծնողներիս հին տանը, եւ երբ անձրեւ է տեղում, անձրեւանոցով եմ քնում եւ երջանիկ եմ, որովհետեւ այս ամենը հիշեցնում է Տարկովսկու ֆիլմերը…»,- փորձում է իր կյանքը նկարագրել Սերգեյ Փարաջանովը:
Ազատազրկման վայրերում Փարաջանովը չէր կորցնում կյանքի նկատմամբ հետաքրքրությունը: Նամակներում շատ էր բողոքում: Բայց միաժամանակ ընկերներին նովելներ, չորացրած ծաղիկներ, ձեռքի տակ ընկած կտորներից պատրաստված կոլաժներ էր ուղարկում: Նրան բանտում որպես հետաքրքիր ու տարօրինակ մարդ էին ընդունում: Սակայն դեռ բանտ չհասած, նրանից առաջ էր ընկել արվամոլի իր համբավը, որի համար ազատազրկման հենց առաջին օրը մի «գողական» նրան ծեծել ու խցիկից դուրս էր շպրտել անձրեւի տակ: Սակայն ռեժիսորը միանգամից հարգանքի արժանացավ, երբ Վլադիմիր Վիսոցկուց նամակ եւ լուսանկար ստացավ, որտեղ նրանք միասին էին պատկերված:
«Փարաջանովին որոշել էին ոչնչացնել, որովհետեւ նա հեղինակություն էր,- հիշում է ռեժիսոր Լեոնիդ Օսիկան,- նրան ամեն ինչ թույլատրված էր»: Փարաջանովի թբիլիսյան տանը հաճախ կազմակերպվող հավաքույթների ժամանակ միշտ ներկա էին «կագեբեի» ներկայացուցիչներ, որոնք նրա ամեն խոսքի տակ ենթատեքստ էին փնտրում, որը կարող էր ձերբակալության պատրվակ դառնալ: Փարաջանովը լավ գիտեր, թե որ հաստատությունից են նրանք, բայց երբեք դուրս չի արել իր հյուրընկալ տնից: Նա շատ էր սիրում միստիֆիկացիան եւ երբեմն տուժում էր այդ պատճառով: Կիեւում քննություն էր ընթանում Սերգեյ Փարաջանովի՝ «սպեկուլյացիայով զբաղվելու» գործով: Փարաջանովի ընկեր, կինոռեժիսոր, օպերատոր Սուրեն Շահբազյանին «կագեբեում» հայտնել էին, որ գտել են գրեթե բոլոր թանկարժեք ու հին իրերը, որոնց առուծախով իբր զբաղվել է կասկածյալը, միայն թե չի գտնվել Բոգդան Խմելնիցկու գավաթը: Լուրեր էին պտտվում, որ այդ գավաթը Փարաջանովը գողացել է հնագետներից եւ պատրաստվում է կես միլիոն դոլարով վաճառել արտասահմանում: Այդ գավաթը՝ «Նվեր այսինչ ընկերոջս՝ ծննդյան օրվա կապակցությամբ, 1957թ.» մակագրությամբ, Փարաջանովը 15 ռուբլով գնել էր կոմիսիոն խանութում եւ նվիրել Շահբազյանին, իսկ ամբողջ քաղաքով մեկ լուր էր տարածել, որ պեղումների ժամանակ գողացել է Բոգդան Խմելնիցկու թանկարժեք քարերով զարդարված ոսկե գավաթը:
Փարաջանովը մեղադրվել է նաեւ բռնաբարության մեջ: Տուժած կինն այն աստիճան էր հարբած, որ չէր կարող պատմել, ինչ է պատահել: Իսկ հաջորդ օրը, սթափվելով, հայտնել է, որ բռնաբարված չի եղել: Քննիչ Եվգենի Մակաշովը բացատրում էր, թե ինչու էր Փարաջանովը անցնում հատուկ գործերով, չնայած հանցագործությունները կենցաղային էին. «Անկախ հանցագործության բնույթից, Փարաջանովը հայտնվել էր համայն աշխարհի ուշադրության կենտրոնում: Նրանով հետաքրքրվում էին ՅՈՒՆԵՍԿՕ-ն, նրա համար խնդրել է Ֆելինին ու պահանջում էր հետաքննության անաչառություն, սխալ թույլ չտալու համար զգուշացրել էին Գերասիմովը, Շկլովսկին: Եվ հանրապետության (Ուկրաինայի – Մ. Մ.) դատախազը որոշեց, որպեսզի ոչ մի պահանջ չներկայացվի, գործը ավելի ուշադիր քննության հանձնել»:
Չունենալով ձեռքի տակ նյութ, «ֆակտուրա» (արվեստագետը շատ էր սիրում այդ բառը), ազատազրկման վայրերում Փարաջանովը կաթի շշերի ֆոլգայե կափարիչներից հարթաքանդակներ էր պատրաստում: Բանտարկյալներից մեկը հիշում է. «Մեր բանտում մի տղա կար, որը հացից արձանիկներ էր պատրաստում: Սերգեյը նրա մեջ տաղանդ էր հայտնաբերել ու պարապում էր հետը: Այդ տղան սկսեց հրաշալի խաչեր քանդակել զեկերի համար: Սերգեյն անընդհատ խնդրում էր քրոջը, որ փղոսկր ուղարկի, որպեսզի այդ տղային սովորեցնի ոսկորի հետ աշխատել: Եվ պատկերացրեք, մի օր իմ ու Փարաջանովի անունով ծանրոց եկավ՝ ահռելի փղոսկրով: Եվ դա կարագի, շաքարի եւ հալվայի փոխարեն, որոնք Սերգեյը շատ էր սիրում: Չգիտեմ, իրո՞ք դա փղոսկր էր, թե՝ ոչ, բայց Սերգեյը ամիսը միայն մեկ ծանրոց ստանալու իրավունք ուներ»:
«Ինչպե՞ս նա կարողացավ ողջ մնալ զոնայում,- պատմում է կալանավայրի ղեկավարներից մեկը,- չէ՞ որ նա շատ վատ հոդվածով էր նստած: Աշխատել նա չէր կարող՝ շատ թույլ էր: Հազիվ տարածքն էր մաքրում: Այդպիսիներին զոնայում միանգամից «կոտրում» են: Այդուհանդերձ, նրան հաջողվեց ոչ միայն ողջ մնալ, այլեւ իր շուրջը բարյացակամ հետաքրքրության եւ հարգանքի մթնոլորտ ստեղծել, ինչն աներեւակայելի է թվում, քանի որ նման ուշադրություն են վայելում հեղինակությունները»:
Ինչպես հիշում է նրա ընկերներից մեկը՝ ռեժիսոր Վասիլի Կատանյանը, երբ Փարաջանովը դուրս եկավ բանտից, ընկերները միանգամից գցվեցին օգնելու՝ Թբիլիսիի եւ Երեւանի ստուդիաներում, Մոսկվայի հեռուստատեսությունում նրան գործի դնելու: Բայց նա չէր շտապում, հոգեկան ցնցումը շատ մեծ էր. «Կարծում ես, այն ամենից հետո, ինչ տեսել եմ այնտեղ, միանգամից կարո՞ղ եմ սարքավորումների մոտ կանգնել ու հրահանգներ տալ»,- ասում էր Փարաջանովը ընկերոջը: Իսկ երբ նրան մատնանշում էին մեկնումեկին, ով այնտեղից վերադառնալուն պես շարունակել է ստեղծագործական աշխատանքը, նա պատասխանում էր. «Համբարձվել կարող են մահացածները, կենդանի մարդկանց համար ավելի դժվար է»: