Լրահոս
Օրվա լրահոսը

Նպատակ, համառություն, դժվարության հաղթահարում

Նոյեմբեր 06,2006 00:00

\"\"Սա է երիտասարդ ռեժիսորի կարգախոսը

Վերջերս Համազգային թատրոնում կայացավ Երեւանի կինոյի եւ թատրոնի ինստիտուտի 4-րդ կուրսի ուսանողուհի, ռեժիսոր Սաթենիկ Խաչատրյանի «Շան աղջիկ» ներկայացման պրեմիերան՝ Ա. Հերնիի «Սիլվիա» պիեսի մոտիվներով: Ըստ ռեժիսորի, այս պիեսը Էքզյուպերիի «մենք բոլորս պատասխանատու ենք բոլոր նրանց համար, ում ընտելացրել ենք» գաղափարի արտացոլումն ու խորացումն է: Ներկայացումը պատմում է սիրող ամուսինների մասին, որոնց կյանքը այդ նույն սերը վերածել է առօրյա սովորույթի: Չնայած պիեսի վերնագրին, շունն այստեղ գլխավոր դեր չունի, ինչպես նշեց ռեժիսորը, նա պարզապես ֆիլտրող թուղթ է պիեսում: «Շունը քննության է առնում իր շուրջը տեղի ունեցող ամեն բան: Այս կենդանին նույնիսկ գալիս է մեզ սովորեցնելու, թե ինչպես կարելի է սիրել, լինել անշահախնդիր: Նորություն չէ շան նվիրվածությունը տիրոջը: Պիեսում էլ նա զարմանում է, երբ իրար սիրող ամուսինները վիճում են»,- ասաց Ս. Խաչատրյանը:

Նա պատմեց, որ իր թատերական ուղին սկսել է Պատանի հանդիսատեսի թատրոնից, երբ ընդամենը 14 տարեկան էր. «Ինձ ընդունել է մեծանուն ռեժիսոր Զավեն Տատինցյանը: Խաղացածս առաջին լուրջ դերերից մեկը Մոխրոտն էր: Հետո հանդես եմ եկել կուրսային ներկայացումներում, իսկ որպես ամբողջական կերպար՝ Ֆրիդա Ժամկոչյանի բեմադրած «Լիալուսին» ներկայացման մեջ»:

Ինստիտուտում ուսանելու առաջին տարիներին Սաթենիկը սկսել է նաեւ ինքնուրույն բեմադրություններ կազմակերպել. «Դեռ 2-րդ կուրսում բեմադրեցի Լորենսի «Հաղթող ճոճաձին» պիեսը, հետո «Կայսրը»՝ ըստ Շանթի եւ այլն:

Ես մի սկզբունք ունեմ, որն ուզում եմ ամբողջ կյանքում պահել՝ երբեք չխաղալ բեմադրածս պիեսներում: Քանի որ նման փորձ մեկ անգամ արդեն ունեցել եմ եւ գիտակցել, որ ճիշտ չէ: Հասցրել եմ հասկանալ, որ եթե դերդ 100-րդ անգամն էլ խաղաս, միեւնույն է՝ ռեժիսորի զգացողությունը պիտի քեզ չլքի»:

Մեր հարցին, թե դժվար չէ՞ երիտասարդ տարիքում շուրջը համախմբել ոչ միայն իր տարեկիցներին, այլեւ փորձառու դերասաններին, Ս. Խաչատրյանը պատասխանեց. «Երբ համառություն ունես եւ հստակ նպատակ՝ կհաղթահարես ցանկացած դժվարություն: Իհարկե շատ կարեւոր է, երբ սկսնակ ստեղծագործողին վստահում են»: Երիտասարդ ռեժիսորը հայտնեց նաեւ, որ սիրում է էքսպերիմենտներ անել, թեեւ մինչ օրս նրան չի հաջողվում. «Ուսումնական պրոցեսն այլ բան է պահանջում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել