Այսօր Ռուսաստանում նշում են «Ազգային միասնության» օրը, եւ հարկ է նկատել, որ այդ գաղափարի կենսագործման շրջանակներում Ռուսաստանում ամենից ավելի «միասնական» են լինելու մի կողմից իրավապահ մարմինները, մյուս կողմից՝ ռուսական նեոֆաշիստները:
Վերջին օրերին բազմաթիվ հաղորդումներ են ստացվում այն մասին, որ նոյեմբերի 4-ը «հավուր պատշաճի» նշելու համար Ռուսաստանում ամենից լավ նախապատրաստվել են ամեն տեսակ ազգայնականներն ու սքինհեդները, որոնք մտադիր են կազմակերպել, այսպես կոչված, «ռուսական երթ»: Հասկանալի է, իհարկե, որ այդ երթն առաջին հերթին ուղղված է լինելու «ստորակարգ եկվորների» դեմ, որոնք Ռուսաստանի ազգային միասնության սքինհեդական կոնցեպցիայի մեջ որեւէ կերպ չեն տեղավորվում:
Ու թեեւ ինչպես Մոսկվայի, այնպես էլ ՌԴ մի շարք այլ խոշոր քաղաքների իշխանությունները չեն արտոնել այդ երթը, սպառնալով դրա անցկացման դեպքում դիմել խստագույն հակամիջոցների, Ռուսաստանի գաղափարական սափրագլուխները բոլորովին էլ ահաբեկված չեն: Նրանք ինտերնետային զանազան կայքերում բացահայտորեն քննարկում են «ազգին միասնականացնելուն» առնչվող իրենց ծրագրերն ու իրավապահների հետ հավանական շփումներն առավել «անցավ» դարձնելու ուղիներ մտմտում: Այդ քննարկումները, ըստ ամենայնի, տվել են իրենց պտուղները, եւ կոնկրետ մոսկովյան ազգայնականները, ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ, որոշել են որոշ խմբագրումներ կատարել «տոնական» միջոցառումների իրենց ծրագրում: Նրանք որոշել են խուսափել երթի անցկացումից եւ տարրալուծվել «առավել լեգալ» միջոցառումների մասնակիցների մեջ: Օրինակ, նման քողածածկույթի դեր կարող է ծառայել այսօր Մոսկվայում կայանալիք՝ լիբերալ ուղղվածության ուժերի հակաֆաշիստական հանրահավաքը, որին, ի շարս առաջադեմ համարվող գործիչների, մասնակցելու են նաեւ մի շարք հայտնի ռուս իրավապաշտպաններ: Ռուսական ֆաշիստներն ակնկալում են, որ իրենց այս մտահղացումը, փաստորեն, կրկնակի էֆեկտ է ունենալու. նախ՝ նրանք հասնելու են ազգայնական կարգախոսները հնչեղ կերպով հասարակությանը մատուցելու նպատակին, ապա՝ նույն նպատակի «շրջանակներում», ձախողվելու է ազատականների եւ իրավապաշտպանների հակադիր բովանդակությամբ միջոցառումը:
Ռուսաստանյան մի շարք ազդեցիկ կուսակցությունների ներկայացուցիչներ եւ պետական բարձրաստիճան պաշտոնյաներ արդեն իսկ իրենց մտահոգությունն են արտահայտել ռուս ազգայնականների՝ այսօր նախատեսված գործողությունների կապակցությամբ, միեւնույն ժամանակ խոստանալով իրենցից կախված ամեն ինչ անել՝ անցանկալի զարգացումները կանխելու նպատակով: Ռուսական որոշ լրատվամիջոցներ, սակայն, ընդգծված հոռետեսություն են արտահայտել այդ կարգի խոստումների նկատմամբ, դրանց մերկապարանոց լինելն ապացուցող պերճախոս վկայություններ բերելով Ռուսաստանի ոչ վաղ անցյալից: Մի խոսքով, կարելի է ասել, որ արդեն երեկոյան որոշակի հնարավորություն կընձեռվի գնահատելու, թե Ռուսաստանում հատկապես որ սցենարով է զարգանում «ազգի միասնականացման» գործընթացը: