Ասա որտեղից ես, որոշենք՝ ծեծե՞նք, թե՞ ոչ
«Ասա ով է ընկերդ՝ ասեմ ով ես դու» հայտնի ասացվածքն այսօր ուսանողների մի որոշ շրջանում ստացել է այսպիսի ձեւակերպում. «Ասա որտեղից ես դու, ասեմ՝ արժե՞ քեզ հետ ընկերություն անել»: Հենց այսպիսի մտածողության պատճառով էլ բազմաթիվ վեճեր են առաջանում երիտասարդների միջեւ, որոնք երբեմն պատճառ են դառնում, որ բուհի ռեկտորատներում քննարկվի այս կամ այն ուսանողի հեռացման հարցը: ԵՊՀ պատմության ֆակուլտետում էլ վերջերս նման վեճ է գրանցվել: Առաջին կուրսեցիներից մեկն իր ընկերոջը ծաղրել է, թե ախալքալաքցի է: Իսկ վերջինս, իր արժանապատվությունը վիրավորված համարելով, ընկերոջը մի հարված է տվել: Սակայն նրա բախտը չի բերել, քանի որ հարվածը «թարս» է դիպչել ու վնասել ընկերոջ քիթը: Այս միջադեպը, սակայն, եզակի չէ, քանի որ ԵՊՀ-ի եւ Տնտեսագիտական համալսարանի բակերում կամ նշված բուհերի դիմաց գտնվող Օղակաձեւ զբոսայգում յուրաքանչյուր ոք ամեն օր կարող է ականատես լինել նմանատիպ կամ ոչ պակաս թեժ կռիվների: «Պետական համալսարանում Հայաստանի բոլոր շրջաններից ուսանողներ են սովորում, Ջավախքից էլ շատ ուսանողներ կան, որոնց թիվը մեծ է նաեւ Տնտեսագիտական համալսարանում: Իրար չհասկանալու, չճանաչելու, ցածր կուրսերում ինքնահաստատվելու համար վեճեր առաջանում են: Սակայն ասել, որ կան շրջանային կլաններ, որոնք պայքարում են միմյանց դեմ, ճիշտ չի լինի: Խոսակցությունները, թե այդ կլանները փորձում են վերահսկողություն սահմանել մյուսների վրա, եւս չեն համապատասխանում իրականությանը»,- պարզաբանեց ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Միհրան Հակոբյանը:
Այժմ գոյություն ունեն բազմաթիվ ուսանողական միություններ, որոնք համախմբում են մայրաքաղաքի եւ շրջանների երիտասարդներին: «Առաջին-երկրորդ կուրսերում, երբ դեռ շրջաններից եկած ուսանողներն ամբողջությամբ ինտեգրված չեն լինում հասակակիցների շրջանակ, հիմնականում իրար հետ են կապ պաշտպանում: Սակայն բարձր կուրսերում այդ խնդիրը հարթվում է: Նախորդ տարիների համեմատությունը խոսում է այն մասին, որ աստիճանաբար հասարակության մեջ փոխվում է վերաբերմունքը: Ուսանողների սոցիալական վիճակն էլ այստեղ մեծ դեր ունի: Այժմ ուսանողներն ավելի հեշտ են աշխատանք գտնում, ավելի զբաղված են, այդ պատճառով էլ ավելի քիչ են նման միջադեպեր առաջանում»,- ասաց Մ. Հակոբանը: Նա հիշեց, որ երբ 2000-ին ընդունվել էր համալսարան, ամեն օր պարտադիր մի կռիվ պիտի լիներ: Ուսանողության շրջանում կռվարարի համբավ ունի հատկապես Տնտեսագիտական համալսարանը: Սակայն ուսխորհրդի նախագահ Արմեն Ալեքսանյանի ներկայացմամբ՝ այդպես չէ: «Իհարկե, մասնավոր միջադեպեր գրանցվում են, սակայն դրանք ընդհանրացնել եւ տարածել ուսանողության մեծամասնության վրա, ճիշտ չէ: Համենայնդեպս, մեր համալսարանում նմանատիպ խնդիրներ չեն առաջանում, հատկապես ախալքալաքցիների հետ: Այստեղ որեւէ խնդիր չեմ տեսնում, մանավանդ որ, երբեմն երեւանցի լինելու համար էլ են ծեծ ուտում»:
Մեր բուհերի ուսանողական խորհուրդներում, պարզվում է, այս ուղղությամբ ուսումնասիրություններ են կատարել: ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Միհրան Հակոբյանն ասաց, որ, իրենց ուսումնասիրությունների համաձայն՝ արտասահմանյան բուհերում էլ քիչ չեն նմանատիպ վեճերը: Այնտեղ մեծ հաճախականություն ունեն հատկապես կենցաղային հողի վրա առաջացող դեպքերը: Մեզ մոտ վեճերը հիմնականում լուծում են ստանում դեկանատներում, առավել ուշագրավները՝ ռեկտորատի նիստում կայացված որոշմամբ: Իսկ ուսանողական խորհուրդները եւ նրան ենթակա տարբեր հանձնաժողովները, ըստ բուհերի կանոնակարգի՝ իրավասու չեն նմանատիպ խնդիրներին լուծում տալ՝ ի տարբերություն արտասահմանյան շատ երկրների բուհերի ուսանողական խորհուրդների: «Պետական համալսարանը, ցավոք, չունի իրավասություններ՝ այսպիսի խնդիրներին ընթացք տալու համար, դա իրավապահ մարմինների գործն է: Իհարկե, ուսանողական խորհրդի կազմում գործում է իրավական հանձնաժողով, որը, սակայն, դարձյալ իրավասու չէ այդպիսի հարցեր լուծել: Մյուս կողմից այնքան էլ հաճելի չէ, որ նման գործերով զբաղվի ուսխորհուրդը, քանի որ այդպիսի վեճերում ներգրավված բոլոր ուսանողներն էլ ուսխորհրդում ընկերներ ունեն»,- ասաց Մ. Հակոբյանը: