Գիտության ոլորտում բարեփոխումներ իրականացնելու նպատակով 2006 թ. հուլիսի 24-ին ՀՀ նախագահի կարգադրությամբ ձեւավորվել է միջգերատեսչական հանձնաժողով, որում ընդգրկված են ՀՀ նախագահի, կառավարության աշխատակազմերի, տարբեր նախարարությունների, ԳԱԱ-ի ներկայացուցիչներ:
Հանձնախումբը, որի կազմում են, օրինակ, ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը, նախագահի խորհրդական Սերգո Երիցյանը, օգնական Վիգեն Սարգսյանը, ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը եւ այլք, պատրաստել է գիտության ոլորտում բարեփոխումների հայեցակարգի նախագիծ, որը նոյեմբեր ամսին նախատեսվում է դնել հասարակական քննարկման: Բարեփոխումների հիմնական խնդիրներին չենք անդրադառնա, որովհետեւ դրանք ընդհանուր մտքեր են, որոնք իր առջեւ դնում է ցանկացած բարեփոխում իրականացնող՝ գիտական կազմակերպությունների գործունեության արդյունավետության բարձրացում, գիտության գերակա ուղղությունների հստակեցում եւ այլն: Սակայն գլխավոր փոփոխությունը, որ կկատարվի, այն է, որ ԳԱԱ-ն կվերածվի հիմնադրամի՝ պահպանելով իր ամբողջականությունը՝ ՊՈԱԿ-ների տեսքով, հոգաբարձուների խորհրդով եւ այլն: Այս մասին երեկ ասաց ԿԳ փոխնախարար Արա Ավետիսյանը:
Մոտ մեկ տարի առաջ ՄԱԿ-ի փորձագետների իրականացրած ուսումնասիրություններն ու առաջարկած բարեփոխումների նախագիծը պրն Ավետիսյանը համարում է «գիտական հիմնավորումներից զուրկ» եւ բացատրում, թե ինչու. «Գիտության ոլորտի մասին խոսելով այն նույնացնել ակադեմիան լինել-չլինելու հետ, շփոթել փի էյչ դի (դոկտորական-Հ. Բ.) աստիճանը ասպիրանտուրայի փակման-բացման հետ՝ թույլ է դարձնում այդ նախագիծը: Ես հեղինակային խմբի ղեկավարին այդ մասին ասել եմ»: Հիշեցնենք, թե ինչ էր ասում ՄԱԿ-ի փորձագետների փաթեթը այս հարցերի հետ կապված: Մեջբերենք ՄԱԿ-ի զարգացման ծրագրի՝ սոցիալ-տնտեսական ոլորտի ծրագրերի ղեկավար Նարինե Սահակյանի հետ մեր հարցազրույցի այդ հատվածները. «Ամբողջ աշխարհում գիտությունների թեկնածու՝ որպես այդպիսին, չի հասկացվում: Քանի՞ հոգի է այսօր զբաղվում գիտությամբ՝ ընդունվելով ասպիրանտուրա… թվերը խայտառակ են: Հարցը, մեր կարծիքով, կարող է լուծվել դոկտորանտուրայի միջոցով, ինչը թույլ կտա ոչ թե 60, այլ ավելի երիտասարդ տարիքում դոկտոր դառնալ: Սա այն հիմնական խնդիրն է, որ շատերին մտահոգում է, որովհետեւ այսօր ասպիրանտուրան գիտնականի խնդիր չի լուծում, այլ՝ բանակից ազատվելու:
Ակադեմիայի փակելու մասին խոսք չկա: Առաջարկվում է, որ ֆինանսավորման սխեմայից ԳԱԱ-ն դուրս գա, այնտեղ մնան փորձագիտական եւ խորհրդատվական ֆունկցիաները. հենց սրանից են շատերը վախենում: Որպես լիազոր մարմին՝ փորձագետներն առաջարկում են ԿԳՆ-ին, իսկ ֆինանսավորումը՝ հիմնադրամների միջոցով: Այսօր աշխարհում շատ փող կա՝ ուղղված գիտությանը, բայց ինչպե՞ս պետք է դրան հասնել: Պետք է հարմարեցնել կառավարման սխեմաները միջազգային ստանդարտներին, որպեսզի մեր գիտնականներն առանց արտագաղթելու՝ մեր երկրում կարողանան այդ միջոցներից օգտվել: Կոնկրետ առաջարկություններ կան՝ հիմնադրամների միջոցով այդ գումարները ստանալու: Իսկ այսօր ԳԱԱ-ն ստանում է ֆինանսավորում եւ եթե այն 10 անգամ էլ շատացնենք, որակական փոփոխություն չենք տեսնի, որովհետեւ կառավարման համակարգը էֆեկտիվ չէ»:
Արդյոք ավելի նպատակահարմար չէ՞ր հանձնախմբի մշակած հայեցակարգից հետո միայն իրականացնել բարեփոխումներ, ինչն այսօր արդեն իսկ կատարվում է ԳԱԱ-ում: Հարցին պրն Ավետիսյանը պատասխանեց. «Եթե դա ընդհանուր կոնցեպտուալ դրույթներին չի հակասում, ոչ մի խնդիր չկա, ես կուզենայի, որ բարեփոխումներն ավելի շուտ լինեին»: Իսկ ստեղծված հանձնախումբը բարեփոխումների շրջանակում իրականացվող տնօրենների ընտրություններին առնչվում է այնքանով, որ Ռադիկ Մարտիրոսյանը՝ իբրեւ հանձնախմբի անդամ եւ ԳԱԱ նախագահ, մասնակցում է այդ ամենին: Իսկ որ այդ նույն գործընթացում կարող է տնօրեն դառնալ ասպիրանտը, այ, սա արդեն պրն Ավետիսյանը նորմալ չի համարում: Հիշեցնենք՝ Հայոց ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի գիտխորհուրդը քննարկումների արդյունքում տնօրենի պաշտոնի համար վերջերս առաջադրել էր թանգարանի նախկին փոխտնօրեն Երանուհի Մարգարյանի թեկնածությունը: Իսկ վերջինս ասպիրանտ է. «Ես դա համարում եմ ոչ նորմալ, աննորմալ, այդպիսի բան չի կարող լինել»:
Իսկ որ ԳԱԱ-ում ամեն ինչ արվում է ծպտյալ ու ԳԱԱ կանոնադրության խախտումով, նիստերը բացառապես փակ են լինում ու հասարակությունը չի տեղեկանում, թե ինչպես պատահեց, որ այսինչի բարեկամը դարձավ ինստիտուտի տնօրեն, այս հարցում եւս պրն Ավետիսյանը չեզոք դիրք է գրավում. «Նախարարությունն իրավունք չունի խառնվելու կանոնադրությամբ սահմանված ԳԱԱ որեւէ վարույթի, ես նիստերին մասնակցում եմ իբրեւ մեխանիկայի ինստիտուտի գիտաշխատող: Եթե դուք կասկածում եք, որ դա նորմալ է, ես ինչ կարող եմ ասել»,- եղավ պրն Ավետիսյանի պատասխանը: Փոխնախարարը նաեւ չի ընդունում (կամ չի ուզում խոստովանել), որ տնօրենների ընտրություններն այսօր ոչ դեմոկրատական մոտեցմամբ են իրականացվում, որ գիտխորհուրդները եւ անգամ բաժանմունքները որոշիչ խոսք չունեն որեւէ թեկնածուի հարցում: Նա նաեւ չի ցանկանում անդրադառնալ ակադեմիայի շուրջ ծավալված իրադարձություններին՝ կապված գումարների փոշիացման, ֆինանսական չարաշահումների հետ: «Այն, ինչ տեղի է ունեցել այս կամ այն դեպքի հետ կապված եւ վերագրվում է ամբողջ ակադեմիական համակարգին, ես կարծում եմ՝ գիտությանը չպիտի վերագրել, ակադեմիական համակարգը նաեւ լավ ավանդույթներ ունի»,- ասում է Արա Ավետիսյանը, ով լուրջ հավակնություններ ունի դառնալ ԳԱԱ թղթակից անդամ՝ առաջիկա ընտրություններում: