Մորը, երեք եղբայրներին եւ երկու քույրերին կերակրում է օրական 500 դրամով
Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղի 21-ամյա բնակիչ Շիրազ Հովսեփյանն իր ընտանիքի օրվա հացի գումարը վաստակելու համար ամեն օր վաղ առավոտյան գնում է Աշտարակ տանող ճանապարհի եզրին գտնվող մեծ աղբանոցը՝ գունավոր մետաղ հավաքելու: Աղբանոցից հայթայթած ալյումինն ու պղինձը Շիրազը՝ չնչին գումարի դիմաց, հանձնում է Աշտարակի մետաղի ընդունման կետեր: Տղայի պատմելով, ողջ օրվա աշխատանքով կարողանում է տան համար 3-4 հաց գնել եւ մի տուփ մակարոն: Շիրազի օրական միջին եկամուտը 500-600 դրամ է, բայց եթե այդ օրը հարակից բնակավայրերից աղբանոցում աղբ են թափում՝ տղայի եկամուտը մինչեւ հազար դրամի է հասնում: «Հաջողակ» օրերին Շիրազը հնարավորություն է ունենում շաքարավազ ու այլ առաջին անհրաժեշտության սննդամթերք էլ տանել տուն: Արդեն չորս տարի է՝ աղբանոցը Շիրազի աշխատավայրն է: Երեք տարի առաջ նա աղբանոցում վնասել է աչքը, ինչի հետեւանքով այն ընդհանրապես չի տեսնում: Շիրազը միակողմանի ծնողազուրկ է. 10 տարի է՝ հայրը մահացած է: Մոր՝ Ֆռաժետա Ղարիբյանի պատմելով, ընտանիքի հոգսը հիմնականում Շիրազի վրա է, քանի որ նրա մյուս երեք որդիներն էլ գործազուրկ են, իսկ երկու քույրերն անչափահաս են. «Սրան-նրան խնդրել եմ, աղաչել, որ տղայիս աչքն անվճար վիրահատեն, սակայն տեսողությունը վերականգնել չհաջողվեց: Հիմա էլ որդիս սկսել է գանգատվել մյուս աչքից, քանի որ ողջ լարվածությունն ընկել է առողջ աչքի վրա: Գիշերն անկողնուց վեր կենալիս ոտքի առաջը չի տեսնում ու վայր է ընկնում: Աչքիս առաջ տղաս կուրանում է, բայց ձեռքս ճար չկա»: Երբ Շիրազի ինքնազգացողությունը վատանում է եւ այդ օրը նա չի կարողանում գնալ «աշխատանքի», Հովսեփյանները օրվա սնունդը ստիպված են լինում գյուղի խանութից պարտքով վերցնել: Ութ անդամից բաղկացած ընտանիքը ամսական 17 հազար դրամ աղքատության նպաստ է ստանում, բայց ամբողջ գումարը հերիքում է միայն կոմունալ վարձերը վճարելու համար:
Մոր պատմելով, բժիշկները Շիրազին խորհուրդ են տվել աչքերին լինզաներ կրել. «Ինչպես գնենք, երբ այն արժե 60 հազար դրամ, այդքան գումար մեզ որտեղի՞ց»: Ընտանիքի ավագ որդին՝ Ռուստամը, վերջերս է ամուսնացել: Նրա պատմելով, թերսնվելու պատճառով կինը ծանր հղիություն է տանում, սակայն ինքը հնարավորություն չունի նույնիսկ հղի կնոջը՝ Տաթեւիկին, բժշկի մոտ տանելու: Տաթեւիկի ինքնազգացողությունը պարբերաբար վատանում է: Մոր պատմելով, որդիներից ոչ մեկն առողջ չէ, որ գոնե բանվորություն անի ու ընտանիքի հոգսը թեթեւացնի: