Լրահոս
Օրվա լրահոսը

Բարը խանգարում է բնակիչների քունը

Նոյեմբեր 06,2006 00:00

\"\"Իսկ բարի տերը գտնում է, որ քունը պետք է պլանավորել գիշերվա 12-ից հետո

Օրերս «Առավոտի» խմբագրություն էին դիմել Չարենցի 9 շենքի բնակիչները՝ բողոքելով, որ իրենց բնակելիի 1-ին հարկում գործող բարը խանգարում է իրենց անդորրը, երաժշտությունն ու հաճախորդների անցուդարձը չեն թողնում հանգիստ քնել: Բացի այդ, ցերեկվա ժամերին էլ բարում շինաշխատանքներ են իրականացվում, ինչը նույնպես հարուցել է բնակիչների դժգոհությունը:

Ընդհանրապես բազմաբնակարան շենքում նման օբյեկտի կառուցումն անտրամաբանական է: Այս մասին բազմիցս հայտարարել է նաեւ Երեւանի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանը: Սակայն այսօր բազմաթիվ բնակելիներ կան, որոնց առաջին կամ նկուղային հարկերը նմանատիպ հասարակական օբյեկտներ են:

Չարենցի 9 շենքում տեղակայված «Beast» կոչվող բարը նախկինում խանութ-սրահ է եղել: 1996-ից այն վաճառվել է ոմն Հակոբ Կարապետյանի: «Առավոտի» հետ զրույցում պարոն Կարապետյանը հավաստիացրեց, որ ինքն օրինական բոլոր փաստաթղթերն ունի, նույնիսկ մեջբերեց այդ փաստաթղթերում նշված տողերը՝ «Տրամադրվում է բնակելի տարածք՝ որպես ոչ բնակելի տարածք օգտագործելու համար»: Մինչդեռ դժվար թե որեւէ պաշտոնական փաստաթղթում նման ձեւակերպում լինի՝ որեւէ տարածքի թույլտվության եւ նրա հետագա շահագործման համար: Երբ մենք բարի տիրոջից խնդրեցինք ցույց տալ քաղաքապետարանի թույլտվությունը, նա ի պատասխան սկսեց վրդովվել՝ «եթե աշխատում է, ուրեմն օրինական է, թույլտվությունը մոտս չի, կարող ա՞ ուզում ես մի հատ էլ գալ մեր տուն՝ էդ թղթի կտորի համար»: Հ. Կարապետյանը հերքեց, որ իր բարը խանգարում է բնակիչների հանգիստը՝ ասելով, որ այն գործում է շատ կարճ՝ առավոտյան ժամը 9-ից մինչեւ գիշերվա ժամը 12-ը: Բացի այդ, բարի տերը դեռ մի բան էլ բնակիչներից դժգոհեց, որ «իրենց դարդ ու ցավը թողած՝ ընկել են սրա-նրա տակն են փորում»: Իսկ բնակիչները մեզ հետ զրույցում հավաստիացնում էին, որ ներկայումս իրենց ամենամեծ դարդուցավը հենց այս բարն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել