Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՄ ԱՇԽԱՏՈՂԻՆ ԵՆ ԹԱՔՑՆՈՒՄ, ԿԱՄ՝ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ

Նոյեմբեր 06,2006 00:00

\"\"Սոցվճարները պարտաճանաչ մուծում են այն ընկերությունները, որոնք ստվերից խուսափելու ոչ մի շահ չունեն:

Ցանկացած տնտեսվարողի համար հարկային տուրքերից խուսափելու ամենահեշտ ու ամենատարածված ձեւը քիչ աշխատող ցույց տալն է: Յուրաքանչյուր աշխատակցի համար ընկերությունը պետք է կատարի սոցիալական ապահովագրության վճարումներ: Ըստ հարկայինի վերջերս հրապարակած 300 խոշոր ապահովադիրների ցանկի, Հայաստանում աշխատողներին չեն թաքցնում հիմնականում բուժհիմնարկները, խորհրդային տարիներից պահպանված գիտական կառույցները եւ ուսումնական հաստատությունները: Օրինակ՝ Սեւանի հոգեբուժարանն ավելի շատ աշխատող է ցույց տալիս ու ավելի մեծ սոցվճարումներ է կատարում, քան վառելիք ներկրող հանրահայտ «Ֆլեշ» ընկերությունը, որը թեեւ մայրաքաղաքում ամեն քայլափոխի բենզալցակայան ունի, յուրաքանչյուրը՝ 5-6 աշխատողով, բայց 300 ապահովադիրների ցանկում վերջին տեղերում է (285-րդ): Գեոդեզիայի եւ քարտեզագրության կենտրոնն ավելի մեծ վճարումներ է կատարում, քան, ասենք, «Պարես Արմենիա» ընկերությունը, որը զբաղվում է ծխախոտի բիզնեսով եւ աշխատակիցների մեծ ցանց ունի՝ արտադրության, արտադրանքի տարածման, առաքման եւ այլ բնագավառներում: Նույնիսկ «Ջերմուկ գրուպը», «Թամարան», «Աշտարակ կաթը», «Լուսակերտի» թռչնաֆաբրիկան եւ մայրաքաղաքում էլիտարաշինությամբ զբաղվող «Գրիար» ընկերությունն ավելի համեստ դիրքերում են, քան Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը:

Այնպիսի խոշոր ընկերություններ, ինչպիսիք են Միխայիլ Բաղդասարովի «Միկա Արմենիա թրեյդինգը», «Դվին կոնցեռնը», «Հայր եւ որդի Երիցյանները», ավելի քիչ սոցվճար են մուծում, քան Հրազդան քաղաքի ինչ-որ պոլիկլինիկա: Միայն Աբովյանում գտնվող հակատուբերկուլյոզային դիսպանսերը հունվար-սեպտեմբեր ամիսներին սոցիալական հիմնադրամ է մուտքագրել 47 մլն դրամ, մինչդեռ Երեւանի ոսկերչական գործարանն ու «Երեւանի Արարատ կոնյակի, գինու-օղու կոմբինատը» միասին մոտավորապես այդքան են վճարել: Ընդհանրապես ապահովադիրների ցանկում տեղ գտած շուրջ 35 անուն ընկերությունները հիվանդանոցներ ու պոլիկլինիկաներ են: Ինչ վերաբերում է ցանկում տեղ գտած մասնավոր ընկերություններին, նրանք հիմնականում հանրային նշանակության ծառայություն մատուցող այն խոշոր կազմակերպություններն են, որոնք հայկական չեն: Խոսքը «Հայաստանի էլեկտրական ցանցերի», «ՀայՌուսգազարդի», «ԱրմենՏելի», «ՎիվաՍելլի», «Հայջրմուղկոյուղու» եւ «Երեւան ջրի» մասին է: Օրինակ՝ «Հայէլցանցերը» մոտ 8000 աշխատակից ունի, «ՀայՌուսգազարդն» ու «ԱրմենՏելը»՝ մոտ 5000: Իսկ հայկական ընկերությունները սոցվճարներն էլ վճարում են «հայկական տարբերակով». դա հիմնականում այսպես է դրսեւորվում. եթե նույնիսկ աշխատողների մեծ քանակ են ներկայացնում, այնուամենայնիվ, աշխատավարձերն այնքան քիչ են ցույց տալիս, որ սոցվճարը չնչին է կազմում: Օրինակ, շաքարավազի, մսամթերքի եւ կարագի շուկայում գործող Սամվել Ալեքսանյանի հանրահայտ «Ֆլիտֆուդ» ընկերությունը 226 աշխատակից է ցույց տվել, բայց 300 ապահովադիրների ցանկում ընդհանրապես չկա, իսկ դա նշանակում է, որ ընկերությունը 3 մլն դրամից էլ պակաս սոցվճար է մուծել՝ ցույց տալով աշխատավարձի փոքր չափ: Ասենք, «Վալենսիա» համալիրը 105 աշխատակից ունի, բայց նրանց սոցիալական ապահովագրության վճարներն այնքան փոքր են, որ ցանկում չեն երեւում:

Սոցվճարների առումով բավականին առաջնային դիրքերում են պետական ուսումնական հաստատությունները. նրանք սնվում են պետբյուջեից եւ, ըստ էության, շահ չունեն աշխատողներ թաքցնելու: Օրինակ, Բժշկական պետական համալսարանը 35 մլն դրամով ավելի շատ սոցվճարում է կատարել, քան Արարատ ոսկու արդյունահանման ձեռնարկությունը, Շամպայն գինիների գործարանը, Գաֆէսճեան թանգարանն ու «Կոտայք» գարեջրի գործարանը միասին: Ի տարբերություն ապահովադիրների ցանկի, բուհերը խոշոր հարկատուների ցանկում են անկում արձանագրել: Երեւանի պետական համալսարանը, որն անցյալ տարի 89-րդ խոշոր հարկատուն էր, այս տարի արդեն հայտնվել է 98-րդ հորիզոնականում: Բժշկական համալսարանը նախորդ տարվա 58-րդ տեղից այս տարի 147-րդ տեղում է եւ վճարել է 212 մլն դրամ: Իսկ Բրյուսովի անվան լեզվաբանական ինստիտուտը եւ Ռուս-հայկական համալսարանն այս տարի ընդհանրապես խոշոր հարկատուների ցանկում չկան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել