Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԶՐԿՎԻ՞ 235 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐԻՑ

Նոյեմբեր 06,2006 00:00

«Նոյեմբերի 8-ին «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի տնօրենների խորհուրդը պետք է ընտրի այն կառավարությունները, որոնք կարող են դիմել 2007-ին օգնություն ստանալու համար: «Freedom House»-ը հորդորում է կորպորացիային շրջանցել այն երկրները, որոնք ցածր գնահատականներ ունեն քաղաքական իրավունքների եւ քաղաքացիական ազատությունների բնագավառում, թեեւ այլ ցուցանիշներով դրանք բավարարում են այս տարվա ընտրության գործընթացին մասնակցելու համար անհրաժեշտ չափանիշներին:

Այդ երկրներն են՝ Հայաստանը, Բութանը, Եգիպտոսը, Հորդանանը, Մալդիվյան կղզիները, Թունիսը եւ Վիետնամը»,- ասված է «Freedom House»-ի՝ նոյեմբերի 3-ին տարածած հաղորդագրության մեջ: «Freedom House»֊ը հորդորում է կորպորացիային ուշադրությամբ հետեւել Հայաստանի նման երկրներին, որոնց հետ համաձայնագրեր են կնքվել, բայց որոնք չեն ապահովում հանձնառած չափանիշները ժողովրդավարական կառավարման բնագավառում: «Հայաստանը կորպորացիայի քաղաքականության կարեւոր փորձաքարն է, քանզի այս տարի ավելի վաղ ստորագրել է համաձայնագիրը, սակայն դրանից հետո հետընթաց է գրանցում խոստացած բարեփոխումների իրագործման ոլորտում»,- փաստել է իրավապաշտպան կազմակերպությունը: «Հայաստանը չի կատարել կորպորացիային տված իր խոստումը՝ բարելավել ինստիտուցիոնալ հավատարմությունը ժողովրդավարությանը եւ հանդուրժողականությանը ընդդիմության հանդեպ: Հակառակ կորպորացիայի գլխավոր գործադիր պաշտոնյա, դեսպան Դանիլովիչի հորդորի՝ 2005-ի նոյեմբերի սահմանադրական հանրաքվեի ժամանակ թույլ տված խախտումները չեն հետաքննվել: Հանրաքվեով հաստատված երկչոտ բարեփոխումների կենսագործումը 2006-ին կանգ է առել, եւ ընդդիմության կարծիքով, առաջիկա ընտրությունները կրկին ուղեկցվելու են խախտումներով: Բազում հակաժողովրդավարական միջոցներ են կիրառվում իշխանությունը պահելու համար: Դատական ճյուղը մնում է գործադիր ճյուղի կողմից քաղաքական ճնշման առարկա: Չնայած նոր օրենսդրություն է ընդունվել լրատվամիջոցների անկախությունն ապահովելու նպատակով, մթնոլորտը լրատվության բնագավառում չի բարելավվել, եւ բռնությամբ ուղեկցվող հարձակումները լրագրողների վրա շարունակվում են»,- եզրափակել է «Freedom House»-ը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել