Ձեւավորված բարի ավանդույթի համաձայն, արդեն 4 տարի նույն դահլիճում հավաքվում են «Արարատցեմենտ» գործարանի աշխատակիցներն ու տնօրինությունը՝ «Մուլտի գրուպ» կոնցեռնի նախագահությունը:
Իսկ հավաքի նպատակը մեկն է՝ ամփոփել տարեկան գործունեության արդյունքներն ու լավագույններին ըստ արժանվույն գնահատել: Չորս տարի առաջ գործարանը «Մուլտի գրուպ» կոնցեռնի մաս կազմեց եւ, ինչպես կոնցեռնի մյուս ձեռնարկությունները, սկսեց զարգանալ եւ հաջողություններ գրանցել: Սեփականաշնորհման պահին անմխիթար վիճակում գտնվող գործարանը հսկայածավալ ներդրումների շնորհիվ կարճ ժամանակահատվածում կարողացել է շուկայում մրցունակ ու կայուն դիրք գրավել: Վերագործարկումից հետո «Արարատցեմենտը» իսկապես լուրջ հաջողություններ է արձանագրել: Կատարված եւ կատարվող լուրջ ֆինանսական ներդրումները թույլ են տվել ապահովել հայկական ցեմենտի լավագույն որակ, որն արդեն մեծ պահանջարկ ունի նաեւ արտերկրում: Լավորակ ցեմենտի պահանջարկն ամենուր մեծ է, որն էլ հիմք է տալիս ենթադրելու, որ առաջիկայում արտադրության ծավալների աճն անխուսափելի է: «Արարատցեմենտը» վստահաբար կյանքի է կոչում 4 տարի առաջ իր առջեւ դրված խնդիրները եւ ձեռքբերումներով չբավարարվելով՝ առաջիկայում նախատեսում է մեծացնել արտադրության ծավալներն ու որակը:
Վերագործարկման 4 տարիների ընթացքում պահպանվել են բոլոր 1600 ցեմենտագործների աշխատատեղերը: Ավելին՝ կարճ ժամանակահատվածում ավելացվել են աշխատավարձերը: Յուրաքանչյուր տարի «Արարատցեմենտ» գործարանի աշխատավարձերի բյուջեն ավելացել է 10 միլիոն դրամով: Գործարանի աշխատակազմը երախտապարտ է նոր սեփականատիրոջը, նա էլ իր հերթին երախտապարտ է կոլեկտիվին, որ համատեղ ջանքերով եւ կարճ ժամանակահատվածում «Արարատցեմենտը» դարձել է որակյալ արտադրանք ապահովող, օրեցօր ծավալներն ավելացնող ձեռնարկություն: Այդ իսկ պատճառով ավանդույթի համաձայն, արդեն 4-րդ տարին է, ինչ գործարանի հոբելյանի օրը լավագույն աշխատակիցները «Մուլտի գրուպ» կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանի կողմից նվերների ու գնահատանքի խոսքի են արժանանում:
«Զգալով, որ իր կատարած աշխատանքը գնահատվում է գործարանի տնօրինության կողմից, մարդիկ ավելի ոգեւորված են աշխատում եւ ավելի պատասխանատվությամբ են վերաբերվում իրենց աշխատանքին»,- իր խոսքում նշեց Գագիկ Ծառուկյանը: Գործարանի արձանագրած հաջողություններին զուգահեռ, տարեցտարի ավելանում է նաեւ լավագույն աշխատողներին տրվող նվերների քանակը: Այս տարի գործարանի սեփականատերը միանգամից 5 առաջատար մասնագետների մեքենաներ նվիրեց:
«Արարատցեմենտ» գործարանում մոտ 60 տարվա աշխատանքային կենսագրություն ունեցող Ալբերտ Հեքիմյանն առաջինն արժանացավ անակնկալ ավտոմեքենային: Իր հանդեպ դրսեւորված ուշադրությունից հուզված, Ալբերտ Հեքիմյանի խոսքերով, ինքը շնորհակալ է իր 60-ամյա աշխատանքը հարգող մարդկանցից: Սակայն նվերները միայն 5 ավտոմեքենայով չէին սահմանափակվում: Գործարանի 200-ից ավելի աշխատակիցներ էլ հեռուստացույցների, երաժշտական կենտրոնների արժանացան: Այս ամենից զատ, գործարանի բոլոր աշխատակիցներին դրամական պարգեւատրումներ էին սպասվում: Գործարանի երկարամյա աշխատողները խոստովանում էին, որ «Արարատցեմենտը» հիմնադրման օրվանից ի վեր նման տեմպով չի աշխատել, ուստիեւ կոլեկտիվն իրեն պաշտպանված է զգում, վերացել է հարկադիր պարապուրդի մտավախությունը: «Արարատցեմենտի» հաջողության գաղտնիքը միասնության ու աշխատասիրության մեջ է, ինչի շնորհիվ էլ արդեն 4 տարի ծխում է եւ դեռ կշարունակի ծխալ Արարատի խորհրդանիշ ցեմենտի գործարանի ծխնելույզը»,- ամփոփում են ներկաները: